«Քաղաքացիական հասարակության ակտիվացումը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Հասարակությունը դեռևս այդքան հզոր չէ»,-այսօր այս մասին «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ քաղաքագետի, ՀՀԿ թեկնածուի նպատակն այս ընտրություններին այն է, որ նա չհավաքի 85 տոկոս: Սերժ Սարգսյանին ձեռնտու է, որ մյուս թեկնածուները նույնպես որոշակի ձայներ հավաքեն և տարածեն իրենց գաղափարները:
Բանախոսը չի հավատում, որ մնացյալ յոթ թեկնածուներն իսկապես պայքարում են նախագահի պաշտոնի համար և վերջիններիս գործողությունները որակում է որպես շահերի հետապնդում:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ընտրազանգվածին, ապա այն կբաժանվի մնացյալ թեկնածուների միջև: Ըստ Իսկանդարյանի, ՀԱԿ-ի ընտրազանգվածի ձայների մեծ մասը կարող է գնալ Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ ԲՀԿ ընտրազանգվածն այսօր կայուն չէ:
Կարդացեք նաև
Պրն Իսկանդարյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, որ ընտրությունները մրցակցային չեն: Նա գտնում է, որ մրցակցություն կա, բայց ոչ Սերժ Սարգսյանի կամ որևէ թեկնածուի միջև, այլ որևէ երկու թեկնածուների միջև:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ