Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում դեռեւս ծրագրված չէ

Հունվար 24,2013 17:26

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավիրած մամուլի ասուլիսիին, որը նվիրված էր 2012թ. դիվանագիտական տարվա ամփոփմանը, լրագրողի հարցին, թե որոնք կլինեն 2013-ի արտաքին գերակայությունները, Նալբանդյանը նկատեց, որ 2012թ-ի բոլոր առաջնահերթ ուղղություններով կշարունակեն աշխատանքները:

«Բայց ես կցանկանայի հիշատակել, որ 2013-ին Հայաստանը նախագահելու է Եվրախորհրդում: Սա պատվավոր առաքելություն է, բայց նաեւ մեծ պատասխանատվություն է: Մենք պատրաստում ենք մեր առաջնահերթությունները այդ նախագահության ընթացքում, համապատասխան լայնածավալ ծրագիր է մշակվում, որը ներկայացվելու է ապրիլ ամսին, որովհետեւ նախագահությունը ստանձնելու ենք մայիսին, իսկ ապրիլին Հայաստան է ժամանելու Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը եւ մենք կներկայացնենք ծրագիրը»,- նշեց նա։

2013-ին Հայաստանը նախագահելու է նաեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում: «Տարվա երկրորդ կեսին Հայաստանում նախատեսվում է Արեւելյան գործընկերության անդամ երկների ԱԳ նախարարների եւ ԵՄ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանում: Բազմաթիվ փոխայցելություններ են նախատեսված եւ ՀՀ-ի մասնակցությունը՝ տարբեր ֆորումներին»,- տեղեկացրեց Հայաստանի ԱԳ նախարարը։

Առաջիկայում ակնկալվու՞մ է Հայաստանի եւ Արդրբեջանի նախագահների եւ ԱԳ նախարարների հանդիպում, հարցրեցին ՀՀ ԱԳ նախարարին: «Հունվարի 28-ին Փարիզում նախատեսված է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ եւ եթե անհրաժեշտություն լինի՝ նաեւ հանդիպում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ»,- նշեց Է․Նալբանդյանը՝ հավելելով, որ նախագահների մակարդակով որեւէ հանդիպում դեռեւս ծրագրված չէ:

Հարցին, թե ինչ վիճակ է ղարաբաղյան բանակցային գործընթացում, Նալբանդյանը նկատեց․ «Կազանում, Ադրբեջանը պատճառ դարձավ, որ կարգավորման գործընթացում առաջընթաց չարձանագրվեց, որովհետեւ հրաժարվեց, առաջ քաշեց տասնյակ փոփոխություններ արդեն գրեթե համաձայնեցված տեքստում, ինչը նաեւ արել էր նաեւ նախորդ հանդիպումների ժամանակ, բայց բոլորը սպասում էին, որ Կազանի հանդիպումը շրջադարձային կլինի, այդպես չեղավ, Ադրբեջանը նորից արեց ամեն ինչ, որ այս գործընթացը առաջ չգնա: 2012 թվականին կարեւոր հայտարարություններ եղան Սոչիում, որի տակ համաձայնվել էր իր անունը դնել նաեւ Ադրբեջանի նախագահը, որ պետք է արագացնել հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնությունը: Մի քանի օր անց Ադրբեջանից հնչեցին նույն երգերը, որ հիմնարար սկզբունքների շուրջ բանակցությունները անիմաստ են, պետք է անցնել խաղաղ պայմանագրի մշակմանը: Ինչպես կարելի է խաղաղ համաձայնագիր մշակել՝ առանց հիմնարար սկզբունքների շուրջ անգամ հնարավորություն չունենալու համաձայնության գալ: Դա էր պատճառը, որ Լոս-Կաբոսում՝ Պուտինի, Օլանդի եւ Օբամայի մակարդակով արված հայտարարության մեջ հղում էր կատարվում Սոչիի հայտարարությանը եւ կոչ էր արվում արագացնել սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումը։ Ադրբեջանը ամբողջ տարվա ընթացքում մերժեց»,- պարզաբանեց ՀՀ ԱԳ նախարարը։ Նա նկատեց, որ Ադրբեջանը մինչեւ այսօր փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ձախողվի բանակցությունները այն առաջարկների հիման վրա, որոնք եռանախագահների կողմից ներկայացվել են:

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Ադրբեջանը ընտրովի, հայտարարություններից ինչ-որ կետ է հանում, ասում է՝ սրան համաձայն ենք։ «Նույնը անում են բանակցությունների ընթացքում։ Եռանախագահողների կողմից ներկայացված առաջարկների այս կետին մենք համաձայն ենք, եկեք այս համաձայնությունը ձեւակերպենք, իսկ մնացածը թողնենք հետագայի համար։ Պարզ է, որ կետերի վրա են համաձայնվում, նոր բան չէ։ Մեկ բանի վրա են շեշտը դնում՝ տարածքների վերադարձ։ Ասում են՝ տարածքների վերադարձից հետո պատրաստ կլինենք քննարկել այլ հարցեր»։

Է․ Նալբանդյանը նկատեց, որ դրա պատճառով էր, որ Աստանայում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եռանախագահների անունից հայտարարեց, որ բոլոր սկզբունքները եւ դրույթները, որոնք մշակվել են եռանախագահների կողմից եւ ներկայացվել են կողմերին, կրում են փաթեթային բնույթ եւ չեն կարող բաժանվել մեկը մյուսից, չի կարող առավելություն տրվել մեկ սկզբունքին կամ մեկ դրույթին։ «Սա է ընդհանուր մոտեցումը միջազգային հանրության եւ մենք միանգամայն համաձայն ենք այդ մոտեցմանը»,- հավելեց ՀՀ ԱԳ նախարարը։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031