Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Լոռին դժբախտ դեպքերով գերազանցում Շիրակին

Հունվար 24,2013 17:24

AIN_2 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես եկան արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ գտնվող կառույցների` սեյսմիկ ծառայության, փրկարարական վարչության ,« Հայհիդրոմետի», հրշեջ ծառայության Շիրակի մարզային կառույցների ղեկավարները:

Առաջինը զեկուցեց Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը` թվային որոշակի տվյալներ ներկայացնելով: Պաշտոնյայի տեղեկացմամբ, 2012 թվականին Շիրակի մարզում գրանցվել է 429 արտակարգ դեպք, որոնց պատճառով 333-ը մարմնական վնասվածքներ են ստացել: 2011 թ. հետ համեմատությամբ՝ դեպքերի թիվը ավելացել է 31-ով կամ 7,7 տոկոսով:

Փրկարարական վարչության պետը խոսեց նաև Առափիի սողանքային գոտուց` նշելով, որ իրենց կառույցը Երկրաֆիզիկայի ինստիտուտի հետ համատեղ մոնտորինգ է անցկացրել այնտեղ: Մարզի գլխավոր փրկարարը նաև զեկուցեց, որ իրենց աշխատակիցներից 81-ը խրախուսվել է, օձերի հայտնվելու հետ կապված անհրաժեշտություն է առաջացել օձերի թեմայով սեմինար անցկացնել և այլն:

Մարատ Սարիբեկյանը նաև առաջարկեց ավելացնել Գյումրու փրկարարական ջոկատների թիվը, քանի որ Մուշը նորակառույց թաղամաս է, Անին ևս, այս երկու թաղամասերում մոտ 145 հազար մարդ է բնակվում, ուստիև անհրաժեշտություն կա նոր ջոկատ հիմնելու:

Դահլիճում նստածներից այս պաշտոնյանին հարցեր ուղղեց Հյուսիսային սեյսմիկ ծառայության պետն` իր աշխատակիցներով: Հյուսիսային սեյսմիկ ծառայության պետ Սերգեյ Նազարեթյանին հետաքրքրում էր, թե ինչպե՞ ս եղավ, որ Լոռիում 1020 արտակարգ դեպք է գրանցվել, իսկ Շիրակի մարզում` 429-ը: «Մի՞թե տարբեր են հաշվառման ձևերը, մեր մոտ ինչի՞ է էդքան քիչ », հարցրեց Հյուսիսային սեյսմիկ ծառայության ղեկավարը: Մարատ Սարիբեկյանը ստիպված եղավ նրան համոզել, որ Լոռիում անտառային հրդեհները շատ են `100-200, իսկ մեզ որտեղի՞ց անտառներ: ԱԻՆ նախարարության կողմից ուղարկված պաշտոնյան`«Սեյսմիկ պաշտպանություն ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը հետաքրքրվեց. « Տույժերի մասին բան չասացիք, Ձեր մոտ միայն խրախուսվո՞ւմ են և ինչպե՞ս եք համալրում ձեր կադրերը»: Ի պատասխան փրկարարական վարչության պետն ասաց. «Կադրեր ընտրելիս օգտվում ենք թե ԶԼՄ-ներից, թե աշխատանքի տեղավորման կենտրոնի ծառայություններից, հաշվի ենք առնում որտեղ է ավարտել, նույնիսկ մաթեմատիկայի խնդիրներ եմ տալիս, եթե լուծում են, ընդունում ենք, եթե ոչ՝ մերժում ենք, իհարկե նաև հաշվի ենք առնում ֆիզիկական տվյալները»: Հարցուպատասխանի ընթացքում Արթիկի փրկարարական վարչության պետը դժգոհեց, որ իրենց քաղաքի ջրագծերը փոխելիս, հիդրանտներ չեն տեղադրվել, այսինքն՝ փրկարարներն իրենց ծանր աշխատանքի ընթացքում ի վիճակի չեն ջրով ապահովվել: Երևանից ժամանած պաշտոնյան անմիջապես հետաքրքրվեց. «Պարոն Սարիբեկյան, նոր դուք ասացիք, որ Արթիկի փրկարարական ջոկատը լավագույնն է, բայց մյուս կողմից պարզվում է՝ ջոկատը աշխատում է առանց ջրի, ինչպե՞ս հասկանամ»: Ի պատասխան հարցի՝ Մարատ Սարիբեկյանը պարզաբանեց, որ դա իրենց մեղքը չէ, օրինակ` Գյումրիում ու Անիի տարածաշրջանում ջրագծերը փոխվել են ու հիդրանտները տեղադրվել են, սակայն Արթիկի պարագայում սա հաշվի չեն առել, այդուհանդերձ, բոլոր համայնքներին հանձնարարված է իրենց 10-20 տոննա բակերով ջուր տրամադրել:

Փրկարարական վարչության պետի երկար ելույթից հետո մայրաքաղաքից ժամանած պաշտոնյան ԱԻՆ նախարարության մյուս կառույցների ղեկավարներին խնդրեց ներկայացնել ելույթի առավել հետաքրքիր մասերը: Շիրակի մարզային հրդեհային տեսչության պետ պարոն Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2012 թվականին Շիրակի մարզում բռկվել է 178 հրդեհ, նյութական վնասը կազմել է 39 միլիոն 339 հազար 129 դրամ, և 5 մարդ զոհվել է: 6 քրեական գործ է հարուցվել, նախորդ տարվա հետ համեմատ՝ 8 դեպքով աճել են հրդեհները, 305 հազար դրամով կամ 1 տոկոսով պակասել նյութական վնասը:

Այս պաշտոնյան խոսեց նաև արտադրական վտանգավոր օբյեկտներում ստուգումներ իրականացնելու մասին` նշելով, որ 267 օբյեկտներում ստուգումներ են կատարել, և 6-ում վարչական խախտումներ են հայտնաբերել: Վերջինս նաև դժգոհեց, որ իրենք չեն կարողանում ստուգայցեր իրականացնել որոշ մանկապարտեզներում կամ դպրոցներում, հենց նախազգուշացնում են, այդ կառույցների ղեկավարները հանկարծ բացակայում են՝ մարզպետարան կամ Երևան կանչված լինելու պատճառաբանությամբ:

Ելույթներ ունեցան նաև Հյուսիսային սեյսմիկ ծառայությանն պետ Սեգեյ Նազարեթյանն ու «Հայհիդրոմետի» Շիրակի մարզային պետ Հերմես Թադևոսյանը: Պարզվեց, որ 2012 թվականին 4 հազար երկրաշարժ է տեղի ունեցել Կովկասի տարածքում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031