Հայկական չրերը, թեեւ համային առումով բավականին մրցունակ են դրսի շուկայում, սակայն գնային առումով` ոչ. Հատկապես Եվրոպայում թուրքական ծիրանի չրերն են շուկան գրավել, իսկ հայկականը` հատ ու կենտ խանութներում կարելի է հանդիպել: Պատճառը, ըստ տեղական չիր արտադրողների, բազմազան է՝սկսած հումքի քիչ լինելուց, մինչեւ պետական քաղաքականությունը:
Aravot.am-ի հետ զրույցում արդեն 15 տարի չորացված մրգերի շուկայում աշխատող «Չիր» ընկերության ղեկավար Տիգրան Ծատուրյանն ասաց, որ Հայաստանում ծիրանի այգիները մոտավորապես նույն ծավալն ունեն, ինչ Թուրքիայում, մինչդեռ Թուրքիայում ծիրանի չրի արտադրությունը հասնում է տարեկան մինչեւ 270 հազար տոննայի, իսկ Հայաստանում` 100 հազար: Ընդ որում, պարոն Ծատուրյանի ներկայացմամբ` Թուրքիայում վերջնական արտադրանքի գինը շատ ավելի ցածր է, քան մեր արտադրանքի ինքնարժեքը, իսկ արտահանելիս էլ, օրինակ` մեկ փուռ արտահանելու համար թուրքական գործարարներին այն արժենում է 1,500 եվրո, իսկ հայերի համար` 5,500: Եւ այս ամենը հաշվի առնելով` դրսում հայկական չրերը թանկ են ու քիչ:
Պարոն Ծատուրյանի խոսքերով, Թուրքիայում նույնիսկ գիտահետազոտական կենտրոններ կան, որոնք փորձում են չրի համար ծիրանի նոր տեսակներ ստանալ:
Aravot.am-ի այն հարցին, որ մենք պարբերաբար հայտարարում ենք, որ «Հայկական ծիրան» բրենդը աշխարհում հայտնի է, սակայն դրսի շուկաներում թուրքականն ավելի տարածված է, արդյոք մենք չենք կորցնի այդ բրենդը, պարոն Ծատուրյանը պատասխանեց` «Արդեն կորցնում ենք: Գերմանիայում կարելի հանդիպել ծիրանի չրի, վրան գրված է «Համբուրգ» ընկերության անունը, բայց մանր տառերով նաեւ նշված է` արտադրված է Թուրքիայում: Այս ընկերությունը շատ մեծ քանակությամբ չիր է ձեռք բերում Թուրքիայից, բերում իր մոտ լվանում, փաթեթավորում ու հանում շուկա: Եվրոպական շուկայի 80%-ը թուրքական չրերն են»:
Կարդացեք նաև
Աղաս Մանուկյանն էլ 6 տարի է տարբեր մրգերի չրերի արտադրությամբ է զբաղվում, սակայն արտահանել չի կարող, քանի որ արտադրության ծավալները շատ չեն ու չի էլ կարողանում մեծացնել: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մանուկյանն ասաց, որ սեզոնին, երբ ձեռք է բերում տարբեր մրգեր, ուղղակի գումար չունի, որ շատ գնի, ուստի, նրա բիզնեսը, ընդամենը յոլա գնալու ու ընտանիքը քիչ թե շատ լավ պահելու միջոց է. «Սեզոնին մի 2-3 հազար դոլար ավել եթե լինի, կկարողանամ արտադրությանս ծավալները մեծացնեմ, բայց էժան վարկեր չկա, եթե վարկ էլ վերցնեմ, գրավ են ուզում»:
Մեզ հետ զրուցած չիր արտադրողների հետ հանդիպեցինք «Կոնգրես» հյուրանոցում, որտեղ գյուղատնտեսական դաշինքը կլոր սեղան էր հրավիրել չորացրած մրգի եւ բանջարեղենի արտադրողների հետ եւ քննարկվում էին ոլորտի խնդիրները: Քննարկմանը ներկա գործարարներից մեկը նշեց, որ տեղական շուկայի 50%-ն է հայկական արտադրության, իսկ մյուս 50-ը`ներմուծվում է Թուրքիայից եւ Պարսկաստանից: Ընդ որում, այդ 50%-ի մեծ մասն էլ, ինչպես քննարկմանը ներկաներն ասացին` «լեւի» են ներմուծվում եւ ստացվում է տեղական արտադրության չիրը թանկ է վաճառվում, ուստի սպառողները ձգտում են ներմուծված էժանին: Այս խնդիրը լուծելու համար, արտադրողներն առաջարկում են` ներմուծման մաքսատուրքն ավելացվի, կամ էլ մեկ այլ խելամիտ լուծում գտնի կառավարությունը, որպեսզի տեղական արտադրողները ոտքի կանգնեն:
Մանրամասները` տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
The same is in USA. They put nice brand name of the package, but on the back it is written from Turkey.