Aravot.am-ը ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանից փորձեց պարզել ԳԹԿ-ի վերաբերմունքը շտեմարանային աժիոտաժի վերաբերյալ:
«Չենք ժխտում, որ աղմուկ կա. ինչը պարզ երեւում է հատկապես վիրտուալ դաշտում, Ֆեյսբուքի էջերում: Ցավոք, մասնագետների վեճերի մեջ ներքաշվում են տարբեր մարդիկ՝ դիմորդներ, ծնողներ, ուսուցիչներ: Ինչ վերաբերում է ԳԹԿ-ին, մեզ համար շահեկան է ցանկացած քննարկում: Շտեմարանները քննական թեստեր չեն, եւ ԳԹԿ-ն միանշանակ ցանկանում է, որ որեւէ վիճահարույց կամ վիճարկելի հարց տեղ չգտնի քննական թեստերում: Դրա համար էլ կազմակերպում ենք քննարկումներ, որպեսզի մասնագետները բարձրացնեն այն հարցերը, որոնք մասնագիտական խումբը չի տեսել կամ վրիպել է: Ի դեպ, քննարկումները վերաբերում են ոչ միայն հայոց լեզու եւ հայ գրականություն, այլեւ բոլոր առարկաների շտեմարաններին: Ամեն շաբաթ ցանկացողները՝ ուսուցիչներ եւ մասնագետներ, կարող են հանդիպել եւ իրենց հարցադրումները բարձրացնել համապատասխան հանձնաժողովի առաջ»,-նշեց բաժնի պետը:
Նա հավելեց, որ յուրաքանչյուր շտեմարանում էլ եղել են բացթողումներ, վրիպակներ ու սխալներ, որոնց մասին տեղեկացվել է շտեմարանի հաջորդ համարի վրիպակների բաժնում. «Իսկ եթե լինում են այնպիսի առաջադրանքներ, որոնք ծրագրից դուրս են կամ պահանջներին ոչ համապատասխան, ԳԹԿ-ն հանդես է գալիս համապատասխան հայտարարությամբ, որ դրանք տեղ չեն գտնի քննական թեստերում: Կոնկրետ հայոց լեզու առարկայի դեպքում ծրագրից դուրս առաջադրանքներ չկային, նույնիսկ քննարկումների ժամանակ, որեւէ ուսուցիչ կամ մասնագետ չկարողացավ մատնանշել այն առաջադրանքը, որը ծրագրի շրջանակում չէ, նշվում էին այլ բնույթի բաներ, որ առաջադրանքները բարդ են, որոշ բառեր բառարանային են ու գործածությունից դուրս…Ամեն դեպքում, մենք որոշում ընդունեցինք, որ այդ մասը այլեւս չքննարկվի, իսկ ուսուցիչների, մասնագետների եւ մամուլի կողմից բարձրացված վիճելի բառերն ու առաջադրանքները չեն ներառվի քննական թեստերում»:
Հիշեցնենք, որ Ֆեյսբուքում ստեղծվել են «Պայքար անորակ շտեմարանների դեմ» () եւ «Այո շտեմարանին» էջեր :
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մենք` աշակերտներս, հաստատապես համոզվել ենք, որ շտեմարաններ կազմողները չգիտեն` ինչ է դպրոցը, ինչ են ծրագրային նյութերը, և որն է այսօրվա դպրոցի պահանջը: Արդյո՞ք մեր տարիքում նրանք ունեին այն բազային գիտելիքները, ինչ այսօր պահանջում են մեզանից (իսկ այսօր մեզանից պահանջում են ակադեմիական գիտելիքներ): Բարձրաձայնում են, որ ավագ դպրոցը կայացած է. եթե կայացած է, ինչո՞ւ մենք պետք է կրկնուսույցների մոտ առնվազն երկու տարի պարապելով կարողանանք ընդունվել բուհեր: Չէ՞ որ կրթության և գիտության նախարար պարոն Աշոտյանը և մյուսները բարձրաձայնում էին, որ ավագ դպրոցն ի զորու է լինելու նման գիտելիքներ ապահովելու: Սակայն անկասկած է, որ այս գործընթացը տանում է ոչ թե կրկնուսույցների ինստիտուտի վերացման,այլ առավել խորացման (բիզնես է, էլի):
Կարծես սա բավական չէր. մի հուժկու հարված էլ մեր գլխին տեղացին վայ-շտեմարանները: Խնդրում եմ` հայոց լեզվի կամ գրականության դասագրքերում նմանատիպ որևէ վարժություն կարողանան ցույց տալ: Աշխարհը զարգանում է, իսկ մենք պիտի սերտենք ու անգիր անենք հնաբառեր, պատմության գիրկն անցած անհայտ կայսրությունների անուններ:
Առավել սարսափելի է այն հանգամանքը, որ, ըստ շտեմարանների, գրականությունը ընկալվում է ոչ թե բովանդակություն ունեցող գրական ստեղծագործություն, այլ անիմաստ հաշվարկների մի տաղտկալի շղթա (եկեք հիշենք բոլոր աղախինների անունները, որոնք երևի թե ազգի դիմագիծը պահպանող հիմնական կրողներն են):
10-րդ դասարանի հայոց լեզվի դասագրքում բառարանագրության բաժնում մենք չենք հանդիպել Փառանձեմ Մեյթիխանյան ազգանունով հեղինակի: Այսօր պասսիվ բառը մեկ ս-ով միայն նա է հեղինակում. ինչ, արհամարհե՞նք Աճառյանին, գիտությունների ակադեմիայի հրատարակած բոլոր բառարանները:
Ցավալի է, որ հայոց լեզվի շտեմարաններում սպրդված են բառեր, որոնց ստուգաբանությունը անգամ իրենց իսկ կազմողների կողմից ստուգված չեն (ո՞վ է ասել, թե քիստ արմատը չի հնչյունափոխվում, ապա որտեղի՞ց է առաջացել քստմնելի բառը):
Ընդամենը շնորհակալ ենք, որ դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ դպրոցի ուսուցիչները ի զորու են գիտնականի անխոնջությամբ պեղել և ստուգաբանել այդ «հիերոգլիֆները»:
Նույնն է թե՛պատմության, թե՛անգլերենի շտեմարանների վիճակը:
Ուղղակի խնդրում ենք` այնպես արեք, որ մենք սիրենք մեր մայրենին ու մեր պատմությունը: Ցավալի է, որ այսօր գիտնականի համար կարևորը բիզնեսն է, և ոչ այն սերունդը, որը այս երկրի ժառանգն է և նրա մշակութային գանձերի` դեպի ապագան տանողը: Եվ կրկնուսույցի ինստիտուտի խորացմամբ դպրոցը ակամայից մղվում է դեպի այդ կեղտոտ հորձանուտը: Այսքանից հետո մեզ մնում է հուսալ` արդյոք կլինենք ՀՀ քաղաքացի:
ԼՐԱՑՈՒՄ: Ֆեյսբուքյան <> էջի հավանողների թիվը 6 անգամ ավել է <> էջի հավանողների թվից, և <> էջի մեկնաբանություններում ավելի շատ դժգոհություն են հայտնում, քան թե հավանում են:
Հարգելի ընթերցող, օգտագործեք ” ” նշանը, որպեսզի չակերտների միջի գրվածը չկորի: