Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին չի հաջողվել եւ չի հաջողվելու մեկուսացնել ԼՂ-ն

Հունվար 24,2013 16:52

ՀՀ ԱԳՆ-ում այսօր տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մամուլի ասուլիսը` նվիրված 2012թ. դիվանագիտական տարվա ամփոփմանը: Փոքր ամփոփիչ ելույթով հանդես գալուց հետո լրագրողները մի քանի հարց հնչեցնելու հնարավորություն ունեցան:

Ինչպես հայտնի է, օրերս Ադրբեջանի նախարարների կաբինետը հաստատել էր «Ադրբեջանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման մասին» օրենքը: Փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանի օդային տարածքում արգելված գոտիներ եւ սահմանափակ գոտիներ են առանձնացվում: Ընդ որում՝ այդպիսին տեսականորեն կարող է ճանաչվել ցանկացած հատված, եթե Պետական քաղաքացիական օդագնացության վարչությունը համապատասխան որոշում ընդունի: Այս տեղեկությունը ադրբեջանական կայքերը հրապարակել էին՝ կից ներկայացնելով Ստեփանակերտի օդանավակայանի լուսանկարը: Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի խնդրին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օրերս նշել էր, որ հայկական ԶՈւ հակաօդային պաշտպանության եւ օդային ուժերը Ստեփանակերտի օդանավակայանում կայանալիք առաջին քաղաքացիական ինքնաթիռի թռիչքի ժամանակ կպաշտպանեն նրա անվտանգությունը։

Այսօր լրագրողները ՀՀ ԱԳ նախարարին հարց ուղղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից Ստեփանակերտի օդանավակայանի հարցի վերաբերյալ դրսեւորած ագրեսիվ պահվածքի առիթով:

«Ադրբեջանը աղմկում է եւ աղմկելով փորձում է քաղաքականացնել Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը։ Եռանախագահները բազմիցս կոչ են արել չքաղաքականացնել այս հարցը: Ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը որեւէ քայլ չեն ձեռնարկել եւ չեն ձեռնարկելու քաղաքականացնելու այդ թեման: Ադրբեջանական կողմը խոստում էր տվել, պարտավորոթյուն էր վերցրել եռանախագահների հետ հանդիպման ժամանակ, եւ ոչ մեկ անգամ, որ զերծ է մնալու ուժի գործադրումից եւ ուժի գործադրման սպառնալիքից քաղաքացիական ինքնաթիռների դեմ: Չնայած դրան, ամենաբարձր մակարդակով կոպտորեն ադրբեջանական ղեկավարությունը խախտելով այդ պարտավորությունները, սպառնում է ուժ գործադրել քաղաքացիական ավիացիայի նկատմամբ: Եռանախագահները բազմիցս կոչ էին արել զերծ մնալ դրանից եւ պարզ էր, թե այդ կոչն ում էր ուղղված՝ հենց Ադրբեջանին», հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը:

Նա հավելեց նաեւ, որ ԼՂ-ում, Ստեփանակերտում օդանավակայանի բացումը կապակցված չի այլ խնդիրների՝ ԼՂ հակամարտության հետ, ինչն էլ կարեւորում էին համանախագահները, որ դա որեւէ կերպ չպետք է կանխորոշի ԼՂ-ի ապագա կարգավիճակի հարցը: «Բոլորի համար ակնհայտ է, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը միայն քաղաքացիական եւ միայն հումանիտար նպատակներ ունի: Ադրբեջանը չի թաքցնում եւ դրա մասին բաց ասում է, որ իրենց նպատակն է՝ մեկուսացնել ԼՂ-ն եւ ստիպել ժողովրդին լքել Արցախը: Դա մինչ այսօր չի հաջողվել իրենց եւ չի հաջողվելու», ընդգծեց Է․ Նալբանդյանը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031