Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու այդպես էլ ժողովրդի կյանքը չի լավանում

Հունվար 24,2013 16:50

1990թ.-ից սկսած ովքեր մշտապես բնակվել են Հայաստանում, հաստատ կարող են վկայել, որ նախընտրական ժամանակահատվածներում նախագահի բոլոր թեկնածուները խոսում են միայն ժողովրդի անունից, ներկայացնում իդեալական նախընտրական ծրագրեր և պլատֆորմներ` ի շահ ժողովրդի բարօրության, բոլորն իրենց ներկայացնում են որպես ժողովրդի ծառաներ, սակայն ընտրությունների ավարտից հետո հիմնականում մոռանում իրենց տված խոստումների մասին: Նրանք առաջնորդվում են միմիայն իրենց հարմարությամբ, որը համարյա դույզն անգամ աղերս չունի իրենց տված խոստումների հետ: Իհարկե, մինչև հերթական նախընտրական քարոզարշավը, նրանց կուսակիցները մամուլով, հեռուստատեսությամբ և զանգվածային լրատվության այլ միջոցներով պարբերաբար ներկայացնում են այն «քրտնաջան» աշխատանքները և դրանց թվային արդյունքները, որոնց շնորհիվ իբր` կյանքի համարյա բոլոր ոլորտներում բավականին բարելավել են ժողովրդի վիճակը, սակայն արի ու տես, մեր «անշնորհակալ» ժողովուրդը ոչ մի անգամ չի ընդունում այդ իրողությունը: Ավելին, ժողովուրդն ամենուրեք, առիթ-անառիթ «բամբասում է». դե եթե այդ ամենը ճիշտ է, ապա ինչու՞ իրենց ապրելակերպի մեջ որևէ կոնկրետ առաջխաղացում չի նկատվում, (էսքա՞ն էլ երախտամոռ ժողովուրդ): Ուզում եմ հարց ուղղել մեր իմաստուն ժողովրդին. երկրում իրավիճակը անելանելի է, ինչքա՞ն կարելի է հանդուրժել, որ այս վիճակը այսպես շարունակվի: Միթե՞ հասկանալի չէ, որ ձեր հարցերը դուք պետք է լուծեք, այնպես որ պարտավոր եք ինչ-ինչ ճանապարհներ գտնել` այս վիճակից դուրս գալու համար: Պատասխանը ավելի քան միանշանակ է. կարծում եմ, բոլորը կհամաձայնեն, որ այս հարցում հապաղելու ժամանակ չկա, բոլորիս պարտքն է գիշեր-ցերեկ մտածել և ուղիներ փնտրել այս անելանելի վիճակից դուրս գալու համար: Սթափ մտածողությունը հուշում է, որ այս վիճակից փրկության միակ ելքը՝ այնուամենայնիվ ընտրություններն են: Մնում է ճշտել, թե ինչպիսի ընտրություններ պետք է անցկացնել, որը լուծի նաև ժողովրդի խնդիրները:

Մոտենում է հերթական նախագահական ընտրությունը, որը  տեղի կունենա 2013թ. փետրվարի 18-ին: Ինչ է սպասվում ժողովրդին և ինչ պետք է անի նա, որպեսզի հերթական անգամ չհայտնվի քավության նոխազի դերում:  Ակնհայտ է, որ թեկնածուները հերթական անգամ կնայեն ժողովրդի աչքերի մեջ և կշռայլեն հերթական փուչ խոստումները: Հավանաբար որոշ թեկնածուներ մարդկանց կբաժանեն հերթական 5000-ական դրամները, կստանան իրենց անհրաժեշտ ձայները և ամեն ինչ ավարտված համարելով, կգնան իրենց հիմնական գործին` հանգստանալու, իսկ ժողովուրդը հերթական անգամ կմնա նրանց նամակին սպասող: Երկու բառով ուզում եմ անդրադառնալ բազմիցս չարչրկված 5000 դրամներին: Կարծում եմ մեր ժողովուրդն այնքան իմաստուն է, որ չարժե այսպես` տասնյակ տարիներ շարունակ էպոսներ հյուսել, որ ժողովուրդ ջան 5000 դրամ վերցնելով դուք վաճառում եք ձեր մոտակա հինգ տարիների ապրուստը, որ դեմ եք գնում ձեր խղճին և այդպես շարունակ: Իսկապես 5000 դրամը` հինգ տարվա համար շատ փոքր գումար է և այդ գումարը վերքին դարման չի անի: Սակայն, եթե դուք որոշել եք անպայման վերցնել այդ կոպեկները, ապա գոնե ճիշտ կողմնորոշվեք, թե դրանից հետո ում պետք է ընտրեք: Որևէ մեկը չի կարող ձեզանից լավ պատկերացնել ձեր վիճակը, այնպես որ  եկեք փորձեք պատվով դուրս գալ այս ոչ նախանձելի  վիճակից: Առաջիկա ընտրություններն այդ վիճակից դուրս գալու եզակի շանսերից մեկն է: Այլ խոսքով, գնդակն այս պահին ժողովրդի դաշտում է և մնում է այն դիպուկ նետի: Ասեմ, որ այստեղ ևս հեծանիվ հնարելու հարկ չկա, պետք է ճիշտ օգտվել աշխարհի փորձից: Այ, հենց այստեղ է թաղված շան գլուխը: Լավ, ինչպես անենք, որ ընտրությունների ժամանակ հերթական անգամ չսխալվենք: Սթափ վերլուծելով անցած քսան տարիների փորձը, ժողովուրդը պետք է ընտրի պրոֆեսիոնալ, նոր ասելիք ունեցող, նոր արժեքներ դավանող թեկնածուի: Թեկնածուին պետք է չափել ոչ թե իր տված խոստումներով, այլ իր կատարած գործերով: Այս դեպքում ժողովուրդն իր բազմադարյա ներքին հոտառությամբ` քարոզարշավի ընթացքում պետք է տարբերի զուտ խոստումներ տվողներին և խոստումները գործի վերածելու ունակ թեկնածուներին:

Պարզից էլ պարզ է, որ միայն ընտրական գործընթացները բավարար չեն ժողովրդի կյանքում լուրջ և արդյունավետ փոփոխություններ իրականացնելու համար: Ընտրությունների միջև ընկած միջակայքերում մշտապես անհրաժեշտ է ժողովրդի ակտիվ և անմիջական  մասնակցությունն ու վերահսկողությունը պետության կառավարման գործընթացներին: Իսկ դա հնարավոր է, եթե ժողովուրդը մշտապես իրացնի իր պահանջատեր լինելու իրավունքը և ակտիվորեն մասնակցի երկրի կառավարման գործընթացներին։ Իսկ դրա համար եթե ոչ այլ կերպ, ապա պետք է պարտադրեն, որ հանրապետության նախագահից՝ մինչև գերատեսչությունների ղեկավարներ, գոնե ամիսը մեկ անգամ ժողովրդին հաշվետվություն տան իրենց կատարած գործերի, վեր հանված թերությունների և նրանց վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների, բյուջեի միջոցներից կատարված ծախսերի լուսաբանման, բոլոր ոլորտներում տեղ գտած թերությունների, բնակիչներին մերժած գրությունների հիմնավորումների և այլ կարևոր ու առաջնային խնդիրների վերաբերյալ:

Այնպես, որ սիրելի ժողովուրդ, իսկապես ամեն ինչ քո ձեռքում է և պետք է հույսդ դնես միայն քեզ վրա և քո հարցերն էլ ինքդ լուծես, այլապես միշտ կանգնելու ես կոտրած տաշտակի առջև:

Հուսանք և ապրենք…

 Անանիա Մաղաքյան

«Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031