Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԹԿ ներկայացուցիչ. Խնդիրը Փառանձեմ Մեյթիխանյանը չէ

Հունվար 24,2013 17:01

parandzemAravot.am-ը ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանին տվեց մասնագետներին  հուզող հարցը՝ ինչո՞ւ է ԳԹԿ-ն լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանին (լուսանկարում) դարձրել հայոց լեզու եւ գրականություն առարկայի շտեմարանի հեղինակ, եթե երկու տարի առաջ նա տապալել էր գործը, եւ նրա ստեղծած թեստերի շուրջ այն ժամանակ եւս մեծ աղմուկ էր բարձրացել:

«Խնդիրն այստեղ Փառանձեմ Մեյթիխանյանը չէ. 16 հոգանուց խումբ է աշխատել շտեմարանի վրա, իսկ նրա անուն-ազգանունը գրված է եղել միայն առաջին շտեմարանի վրա, որի պատասխանատուն է: Ի դեպ, շտեմարանի պատասխանատուին ընտրում են 16 մասնագետներն իրենց միջից, որը ոչ թե առաջադրանքների պատասխանատուն է, այլ գրքի, ենթադրենք, որ այն ժամկետների մեջ լինի: Ցավոք, հարցը բերվել է անձնական դաշտ, եւ Փառանձեմ Մեյթիխանյանի հետ են ամեն ինչ կապում, մինչդեռ եթե այդտեղ կա 30-50 առաջադրանք, որոնք մասնագետների կարծիքով լավը չեն, դա բոլորի բացթողումն է»,- նշեց պարոն Իսպիրյանը:

Ինչ վերաբերում է 2 տարի առաջ Փառանձեմ Մեյթիխանյանի շուրջ ստեղծված աղմկալի իրավիճակին, մեր զրուցակցի ասելով. «Այն ժամանակ թեստերը գրել էր Մեյթիխանյանը՝ ինչ-որ մեկի հետ եւ ինքն էր յուրաքանչյուր առաջադրանքի պատասխանատուն: Իսկ ներկայումս խոսք է գնում 7000 առաջադրանք պարունակող շտեմարանների մասին, որոնց համար պատասխանատու են բոլոր 16 մասնագետները: Նշենք, որ այդ 7000 առաջադրանքից առնվազը 5000-ն անցյալ տարի եղել է, ու շտեմարանի հեղինակը դարձյալ Փառանձեմն է եղել, բայց դժգոհություններ չեն հնչել: Ամեն դեպքում, այս տարի դիտողությունները չափազանցված էին, չնայած կային առաջադրանքներ, որոնք վիճելի էին եւ մենք որոշեցինք ազատվել դրանցից»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031