«Տիգրան Սարգսյանին, որպես վարչապետ, կառավարման ամենալավ շրջանը բաժին չի ընկել»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում չցանկանալով պատասխանել վարչապետի հնարավոր փոփոխությանը վերաբերող հարցին, ասաց ՀՔԴՄ նախագահ, ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Իբրեւ նախկին վարչապետ, որին, իր գնահատմամբ, նույնպես «առանձնապես մի լավ շրջան բաժին չէր ընկել», պարոն Հարությունյանն ասում է, որ լավ գիտե, թե ինչ բարդ գործ է ոչ ստանդարտ իրավիճակներում որոշումներ կայացնելը:
Այնուհանդերձ, նախկին վարչապետի գնահատմամբ, նախագահ Սարգսյանի քաղաքական թիմին հաջողվեց այս բարդ փուլում՝ մարտիմեկյան ներքաղաքական ճգնաժամ, ֆինանսատնտեսական խորը ճգնաժամ Հայաստանի շրջափակված տնտեսության եւ զարգացման բնական սահմանափակումների պարագայում, ճիշտ եզրակացություններ անել: Նա գտնում է, որ կոնցեպտուալ առումով առաջին հետճգնաժամային քայլերը հուսադրող են եւ ժամանակը ցույց կտա՝ վարչապետ Սարգսյանը որքանո՞վ կարող է իրագործել հետագա քայլերը:
Նախկին վարչապետի կարծիքով, թեեւ վարչապետը առանցքային ֆիգուր է, բայց կա քաղաքական թիմ եւ ով էլ լինի վարչապետը, նա պատասխանատու է թիմի քայլերի եւ գործողությունների համար:
«Արդյոք վարչապետ Սարգսյանին հաջողվե՞ց հանրային կյանքում ձեւավորված բոլոր խնդիրներին արմատական բարեփոխումների ուղղությամբ շատ կտրուկ քայլեր կատարել: Կարելի է ասել՝ ոչ, չհաջողվեց: Արդյոք նա ունա՞կ է դա անել: Ես դեռեւս այդ հույսը չեմ կորցնում»,- ասաց նախկին վարչապետը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ