Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը շարունակեց նույն ոգով, բայց այս անգամ՝ Կենտրոնում: Բարեւելով փողոցում մարդկանց՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց մի տատիկի, որը ջերմ ողջունելուց հետո նստեց փողոցի նստարաններից մեկին՝ հաց ու պանիր ուտելու: Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ «խրախճանքին» եւ պոկելով տատի բաժնից մի քիչ հաց ու պանիր՝ սկսեց ուտել այն:
Այս անգամ քարոզարշավին էր միացել նաեւ պարոն Հովհաննիսյանի որդին՝ Կարինը: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, միայն ասաց, որ եկել է՝ հոր կողքին լինելու համար:
Րաֆֆի Հովհաննիսյանը այցելեց կենտրոնի մի քանի գրադարաններ եւ նվիրեց Կարինի գրքերից մեկը՝ «Գերդաստան ստվերացը»՝ տարբեր լեզուներով: Գրքում, ինչպես նշեց պարոն Հովհաննիսյանը, իրենց գերդաստանի՝ Գասպարի, Հովակիմի պատմությունն է, որն իրենից արժեք է ներկայացնում:
Քարոզարշավը շարունակվեց կանգառներում, ստորգետնյա անցումներում, Մատենադարանում: Րաֆֆի Հովհաննիսյանը մտնում էր այնպիսի տարածքներ անգամ, որտեղ նշված էր՝ «Մուտքն արգելվում է»:
Կարդացեք նաև
Մատենադարանի մոտ պատահաբար նախագահի թեկնածուն հանդիպեց մշակույթի նախարարության պատվիրակությանը՝ Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: Նրանց նույնպես բաժին հասավ բարեւներ, ձեռք սեղմոցներ եւ բուկլետներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ