«Օրիգինալ բան ասած չեմ լինի, եթե ասեմ, որ ՀՔԴՄ-ն ՀՀԿ-ի հետ միասին մեկ քաղաքական թիմով է հանդես գալիս եւ անկասկած, մենք այս ընտրություններում սատարում ենք նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում հայտարարեց ՀՔԴՄ ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Բանախոսն ուսումնասիրել է հիմնական թեկնածուների նախընտրական ծրագրերը եւ այն կարծիքին է, որ ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի թիմի նախընտրական ծրագիրը տարբերվում է մյուսներից, ինչն իր հերթին եւս հնարավորություն է տալիս, որ ՔԴՄ-ն աներկբա աջակցի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Նա համաձայն չէ գոյություն ունեցող այն տեսակետին, որ առաջիկա ընտրություննեը մրցակցային չեն լինելու: Ավելին, իր կարծիքով այս ընտրությունների յուրահատկությունը հենց նա է, որ հանրությունը հնարավորություն է ունենալու ընտրություն կատարել ոչ թե թեկնածուների, այլ նրանց ներկայացրած ծրագրերի մեջ:
Խոսրով Հարությունյանն այն կարծիքին է, որ «ռացիոնալ հատիկներ» կան եւ Րաֆֆի Հովհաննիսյանի, եւ Հրանտ Բագրատյանի ծրագրերում:
Կարդացեք նաև
Բանախոսը լուրջ չի վերաբերվում բոյկոտի կոչերին, դրանք համարում է՝ դա իր մեջ քաղաքական, կառուցողական մշակույթ չեն պարունակում: Այս առումով նա հիշեցնում է 2005-ի Սահմանադրության հանրաքվեի բոյկոտը, որը ոչ իրավական, ոչ քաղաքական առումով ոչինչ չտվեց: Ավելին, այժմ ապրում ենք այդ Սահմանադրությամբ, որը Խոսրով հարությունյանի գնահատմամբ, նախորդի նկատմամբ առավելություններ ունի:
Թե ինչո՞վ է Սերժ Սարգսյանի ծրագիրը տարբերվում մյուս թեկնածուների ծրագրերից եւ որոնք են դրա առավելություններն, ըստ Խոսրով Հարությունյանի՝ շուտով դիտեք տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ