Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի մասին խայտառակ զեկույցը Վեհաժողովը մերժեց

Հունվար 24,2013 15:57

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի երեկվա նիստում «Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարումը» խորագրով զեկույց ներկայացրին համազեկուցողներ Պեդրո Ագրամունտն ու Ժոզեֆ Գրեշը:

Զեկույցն արժանացավ Վեհաժողովի պատվիրակների մեծամասնության քննադատությանը և ի վերջո մերժվեց: Ի պատասխան հայ պատվիրակների քննադատություններին՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը հայ պատվիրակներին խորհուրդ տվեց՝ փոխանակ խոսելու Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին, ազատել այն անձանց, ում ցուցակը Մարդու իրավունքների Հելսինկյան ասոցիացիայի կողմից ներկայացված է ՀՀ իշխանություններին:  Ըստ նրա՝ այդ ցուցակում ավելի քան 65 քաղաքացիներ են ընդգրկված, որոնք հրաժարվում են մասնակցել ԼՂ պատերազմին: Հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն էլ հակադարձեց, թե միայն ադրբեջանցիներն են  ուզում արցախյան պատերազմի ծագում: Հայաստանում պատերազմ ոչ ոք չի ուզում: Պարոն Ռուստամյանը, քննադատելով զեկույցը, նշեց, որ համազեկուցողները անտեսել են ազերի իշխանությունների անմարդկային, պրովոկացիոն վերաբերմունքը ԼՂ հակամարտության վերաբերյալ:

Ադրբեջանցի պատվիրակ Ռովշան Ռզաևն էլ անդրադարձավ ԵԽԽՎ քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆ Շտրասերի՝ երեկ Վեհաժողովի քննարկմանը ներկայացրած իր հեղինակած  «Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով հաջորդական միջոցներ» զեկույցին, որտեղ նշված է, որ Ադրբեջանում կա 85 քաղբատարկյալ: Այս առիթով՝ Ռ. Ռզաևը նշեց, թե  Ադրբեջանում կարծիք հայտնելը հանցագործություն չէ: Հետո էլ արդարանալով ասաց, որ Ադրբեջանը երիտասարդ երկիր է և քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհին: Նա նշեց, թե Ադրբեջանում տարբեր հ/կ-ներ, այդ թվում նաև «Ամնեսթի ինթերնեյշնլը» իր զեկույցում նշում է, որ Ադրբեջանում կա  22 քաղբանտարկայլ:  Այս պատճառով ադրբեջանցի պատվիրակը նշեց, թե Շտրասերը պետք է պատասխան տա այն հարցին, թե տարբեր պատճառներով բանտում հայտնված մարդիկ ինչու են հանկարծ քաղբանտարկյալներ կոչվում: Նա կոչ արեց Շտրասերին այցելել Ադրբեջան և իր աչքերով տեսնել իրավիճակը:

Ֆրանսիացի պատվիրակ Ժակ Լեջենդրեն էլ անտեղյակություն է նկատում ադրբեջանական կողմի աշխատանքներում: Նա հիշեց, որ երկրի ԱԳ նախարարը հայտարարելով, թե իրենց երկրում չկան քաղբանտարկյալներ, ժամանակին նշել էր, որ անգամ հստակորեն ձևակերպված չէ քաղբանտարկյալ տերմինը: Այնինչ պատվիրակը հիշեցնում է, որ հենց ՀՀ-ի և Ադրբեջանի իրավիճակի քննության համար 2011-ին Վեհաժողովը տվել է քաղբանտարկյալ տերմինի սահմանումը: Պատվիրակը հիշատակեց նաև, որ ՀՀ-ում էլ ՀԱԿ չորս ակտիվիստներն են հայտնվել ճաղերի ետևում: Հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն էլ անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում և փաստեց, որ այն մրցակից չունի: Դ. Հարությունյանը հիշատակեց, որ ԵԽԽՎ նախագահն ու քարտուղարը բազմիցս հայտարարել են, որ Վեհաժողովն այնպիսի փաստաթուղթ չպետք է ընդունի, որը կվնասի բանակցային գործընթացին: Ուստի նա բարձրացրեց այն հարցը, որ զեկուցողների տերմինաբանությունը՝ ԼՂ հակամարտության նկարագության հարցում հակասում է Մինսկի խմբի համանախագահների կողմից օգտագործվածին: Նա փաստեց, որ բանակցային գործընթացը կառուցված է երկու հիմնական սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Դ. Հարությունյանը նշեց, որ այդ է պատճառը, որ Մինսկի խումբը մշտապես օգտագործում է ԼՂ հակամարտություն տերմինը, ոչ թե հակամարտություն ԼՂ-ի շուրջ: Ամփոփելով՝ հայկական պատվիրակության ղեկավարը նշեց, որ համազեկուցողները միակողմանի մոտեցում են ցուցաբերում զգայուն հարցերի վերաբերյալ, ինչը ստվեր է գցում մոնիտորինգի ողջ գործընթացի վրա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031