«Ռեգիոն» հետազոտական կենտրոնն այսօր հրապարակեց facebook սոցիալական կայքում նախագահական ընտրությունների գործընթացի հետազոտության առաջին փուլը՝ դեկտեմբերից մինչեւ այս տարվա հունվարի 20-ը:
Նախքան պաշտոնական քարոզչության սկսվելը, կենտրոնն ուսումնասիրել է 28 facebook-յան էջ՝ ՀՀ նախագահի թեկնածուների, նրանց համակիրների եւ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, ՀՀԿ քաղաքական ուժերի անդամների:
Կենտրոնը ԲՀԿ-ականների ակտիվությունը արձանագրել է մինչեւ ԲՀԿ առաջնորդի չառաջադրվելու հայտարարությունը:
Նախընտրական շրջանում facebook-ում ամենաշատը քաղաքական հումորներ, քաղաքական սարկազմ ու սեւ PR-ով զբաղվել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, հետո ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն է: Հաջորդ տեղերում «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի համախոհներն են:
Կարդացեք նաև
Իսկ քաղաքական հումորներով ու սեւ PR-ով ընդհանրապես չեն զբաղվել ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանն ու ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ինքնագովազդով այս ընթացքում ամենաշատը զբաղվել է ԲՀԿ-ական Վահան Բաբայանը, 2-րդ տեղում՝ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանն է, իսկ հաջորդ հորիզոնականում՝ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Կենտրոնը պարզել է նաեւ, թե հիմնականում ինչ հարցեր են բարձրացնում facebook-ի իրենց էջում նախագահի թեկնածուները:
Ամենաշատը Արման Մելիքյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն են բարձրացրել ներքաղաքական ազատությունների հարցը, հետո Արամ Հարությունյանն ու Անդրիաս Ղուկասյանը: Թեկնածուները հիմնականում իրենց էջերում անդրադարձել են երկրի անվտանգության, տնտեսական վիճակին, սոցիալական պաշտպանվածությանն ու արտաքին հարաբերություններին:
Թեկնածուներից իր facebook-յան էջը չունի գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ