Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառայակից սպային դանակահարելու համար՝մեկուկես տարվա ազատազրկում

Հունվար 24,2013 15:24

Հունվարի 22-ին  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Զոյա Զաքինյան)   Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ՝ 1987թ. ծնված Հայկ Ներսիսյանին դատապարտեց մեկ ամսվա կալանքի, Երեւանի բնակիչ, 1989թ. ծնված Վլադիմիր Խաչատրյանին՝ մեկուկես տարվա ազատազրկման: Հ. Ներսիսյանին մեղադրանք էր  առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի (զինծառայողների միջեւ փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում) 1-ին մասով (պատժվում է կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով,  կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով),  իսկ Վ. Խաչատրյանին` 359 հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ չորրորդ կետերով (պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ 1-3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-5 տարի ժամկետով): Դատարանն ապացուցված  համարեց, որ ավագ լեյտենանտ Հ. Ներսիսյանը  հանդիսանալով պաշտպանական զորամասերից մեկի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար, ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, խախտել է զինծառայողների միջեւ փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները եւ իրեն պատկանող լապտերը վերադարձնելու համար փոխադարձ կռվի մեջ է մտել այդ մարտական դիրքում որպես դիրքի ավագի օգնական հերթապահության նշանակված լեյտենանտ Վլադիմիր Խաչատրյանի հետ, հայհոյել է նրան, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Լեյտենանտ Վ. Խաչատրյանը  վերոհիշյալ պատճառով  կռվի բռնվելով Հայկ Նազարյանի հետ՝ հայհոյել, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, իսկ երբ Հ. Ներսիսյանը դուրս է եկել գետնատնակից՝ Խաչատրյանը իր մոտ գտնվող ծալովի դանակով 2 անգամ հարվածել է նրա կրծքավանդակի ձախ կողմնային պատի եւ ձախ բազկի շրջանում՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով:

 Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031