Անցյալ շաբաթ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հայտարարեց, որ Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը ուղղակիորեն կապված է վրաց-ռուսաստանյան հարաբերությունների կարգավորման հետ: Նա հավելեց, որ վրացական կողմը հետաքրքրված է երկաթուղու աբխազական հատվածի աշխատանքի շուտափույթ վերականգնման մեջ: Իվանիշվիլին Երեւանում փաստացի «հնարավոր» համարեց աբխազական երկաթուղու վերագործարկումը՝ ընդգծելով, որ այդ խնդիրը կարելի է լուծել, եթե բոլոր կողմերը կամք դրսեւորեն: Միաժամանակ Վրաստանի վարչապետը նշել էր, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ առկա խնդիրները դեռեւս մնում են չլուծված: «Հայաստանի եւ Վրաստանի միջեւ խնդիրներ չկան: Մենք լուրջ խնդիրներ ունեինք Ռուսաստանի հետ, որոնք մինչ այժմ պահպանվում են: Մենք հուսով ենք եւ ջանքեր ենք գործադրում Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ», – ասել էր Իվանիշվիլին:
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարություն հրավիրված ասուլիսում «Առավոտ»-ը հարց ուղղեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, թե ինչպե՞ս է մեկնաբանում Վրաստանի նախագահի բավական կոշտ քննադատությունը Իվանիշվիլիի երեւանյան հայտարարությանը: Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադառնալով Վրաստանի վարչապետի երեւանյան հայտարարություններին աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ, ասել էր, որ վերագործարկումը առավելապես բխում է Ռուսաստանի շահերից եւ այդ հարցի արծարծումը՝ «առանց տարածքների ազատագրման՝ հանցավոր, հակապետական եւ հակավրացական քայլ է»: «Առավոտ»-ը հարցրեց ՀՀ ԱԳ նախարարին, թե արդյոք անցյալ շաբաթ հայ-վրացական բանակցություններում լրջորեն քննարկվե՞լ է աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը եւ պաշտոնական Երեւանը այս հարցով ի՞նչ ազդանշաններ է ստացել Ռուսաստանի իշխանությունների կողմից, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց․ «Իվանիշվիլիի այցելության ժամանակ համապատասխան հայտարարություններ արվել էին: Այո՛, Հայաստանը շահագրգիռ է երկաթգծի բացմամբ եւ կարեւորում է աբխազական երկաթուղու վերագործարկումը: Ինչ, որ հնարավոր է մեր կողմից աջակցություն ցուցաբերելու այդ հարցի դրական եւ շուտափույթլուծմանը երկաթգծի գործարկման նպատակով, մենք իհարկե մեր հնարավորության սահմաններում անելու ենք»: Նկատենք, որ Է․Նալբանդյանը փաստորեն դիվանագիտորեն խուսափեց Վրաստանի նախագահի բացասական եւ սուր հակազդցության եւ ՌԴ իշխանությունների տրամադրություններին թեմային անդրադառնալ:
Հիշեցնենք, որ Բիձինա Իվանիշվիլիի երեւանյան հայտարարությունները բուռն արձագանք են գտել Վրաստանում․ թե իշխանությունները, թե քաղաքական ուժերը քննադատել են դրանք: Վրաստանի «Ազգային շարժման» գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին, մեկնաբանելով Վրաստանի վարչապետի գնահատականը, թե Հայաստանը լավ օրինակ կարող է լինել Վրաստանի համար այն հարցում, թե ինչպես է միաժամանակ հարաբերություններ պահպանում թե Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ, նկատել էր, որ Վրաստանն ու վրաց ժողովուրդն արդեն կատարել են իրենց ընտրությունը եւ արտահայտել են իրենց դիրքորոշումը Վրաստանի ապագայի հարցում: Վրացական պետության շահերից է բխում ՆԱՏՕ-ին եւ եվրոպական կառույցներին անդամակցությունը: Դա Վրաստանի փրկության միակ ճանապարհն է՝ ապահովելու Վրաստանի անկախությունն ու անվտանգությունը: Չնայած նրան, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Վրաստանի հարեւանների հետ, ինչը հարգանքի է արժանի, այնուամենայնիվ, հայկական ուղին, նրա հարաբերությունները Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հետ ընդունելի չեն իրենց համար եւ հակասում են Վրաստանի պետական շահերին:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Միշան վրաստանի համար արեց այն ինչ թուրքիաի համար արել է աթաթուրքը, գերմանիաի համար
Ադենաուերը, ֆրանսիաի համար Դ Գոլը…նրա անուղղելի սխալը հնգօրյա պատերազմնէր, բայց դա ոչ թե նրա մեղքն էր Այլ դժբախտությունը եվ իհարկե ԱՄՆ ի հերթական ստորությունը