«Նա, ով տեր է փոխում, դա իր խնդիրն է, իսկ ես գործ ունեմ մարդու հետ, ինձ համար մինչ առաջադրումը անհաղթահարելի խոչընդոտներ է ստեղծվել, հետեւաբար այս ընտրությունները չի կարող լինել լեգիտիմ: Իմ առաքելությունն այն է, որ ես միգուցե խոսում եմ այն ուժերի անունից, որոնց ճնշել են, բայց նրանք չեն կարողանում այդ մասին բարձրաձայնել: Ես համոզված եմ, որ մենք Հայաստանը այս վիճակից կկարողանանք հանել: Բոլոր այն մարդիկ, որոնք ինքնաթիռի տոմս են առել ու գնացել այստեղից, դա Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած մարդիկ են», – այսօր «Որբաթ» ակումբում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:
Հարցին՝ ափսոս չէ՞, արդյոք, իր ութ մլն դրամը, որը, փաստորեն, անիմաստ կորչելու է, Հարությունյանը պատասխանեց, թե իր առաքելության համար այդ ութ մլն դրամը նույնիսկ փոքր գումար է. «Ես եկա առաջադրվեցի, որ իրավիճակը գնահատեմ, ասեմ այն, ինչ ուրիշները չեն համարձակվում»:
Հարությունյանը շարունակ բարձրաձայնում է, թե իրեն գաղտնալսում են, ինչի վկայությունն էլ իր հեռախոսն է, Aravot.am-ի դիտարկմանը, թե ինչու համապատասխան ծառայություններին չի դիմում, կամ՝ խլացուցիչներ օգտագործում, թեկնածուն ասաց. «Սարգսյանը բոլոր սեղանների տակ ժուչոկ թող դնի, մեկ է՝ փրկություն չկա, ինքն այդքան ուժեղ չի ու քաղաքացու դեմ ոչ ոք չի կարող պայքարել, նրան չի կարելի փողով եւ կուսակցությունով հաղթել, ոչ էլ քամի անելով կամ երգելով… ես իմ հեռախոսին արդեն երեք հատ մարտկոց եմ փոխել, բայց լիցքավորումից հետո այն անմիջապես նստում է, որովհետեւ գաղտնալսում են, գաղտնալսվում է նաեւ իմ տղայի հեռախոսը եւ այլն: Այսօր միայն իշխանություններն են խլացուցիչներ օգտագործում, ինձ պետք չի: Ես գաղտնի բաներ չունեմ, միակ գաղտնիքն այն է, ինչ այսօր երեկոյան ասելու եմ ուղիղ եթերով»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ