Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամսոն Ղազարյանը ստացականը չի՞ ոչնչացրել

Հունվար 24,2013 14:45

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր ավարտվեց Գերագույն խորհրդի պատգամավորների՝ Սամսոն Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով տուժող Մեխակ Գաբրիելյանի պաշտպանական ճառը: Ըստ էության, տուժողը պնդեց այն, ինչ պնդել է մեղադրողը, իսկ մեղադրողը պահանջել է 5 տարվա ազատազրկում:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանն իր պաշտպանական ճառով հանդես կգա փետրվարի 7-ին:

Ըստ քրեական գործի նյութերի, Սամսոն Ղազարյանը սկսած 2004թ.-ից փոխառությամբ գումարներ է տվել Մ.Գաբրիելյանին, Կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով, առանձնապես խոշոր չափի հասնող տոկոսներ ստանալու նպատակով:

Մեղադրական կողմի փաստարկները հետեւյալն էր. Ս.Ղազարյանը ստացել է յուրաքանչյուր ամիս տոկոսները, նաեւ մայր գումարը:

Ըստ տուժողի ներկայացուցիչ Հրանտ Գեւորգյանի պաշտպանական ճառի, իր վստահորդը՝ Մ. Գաբրիելյանը, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

Նա Սամսոն Ղազարյանի հետ գտնվել է մտերիմ հարաբերությունների մեջ. «Վերջինին հայտնի է եղել Գաբրիելյանի ֆինանսական ծանր վիճակի մասին, հայտնի է եղել, որ Գաբրիելյանը գործունեությունը շարունակելու համար պետք է ֆինանսական ներդրումներ կատարի, եւ օգտվել է ստեղծված իրավիճակից»:

Մեղադրակա կողմի հաշվարկներով, 2006թ. նոյեմբերիին Սամսոն Ղազարյանը Մեխակ Գաբրիելյանին տոկոսով տվել է 45 139 200 դրամին համարժեք 120 հազար ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց մինչեւ 2011թ. մարտը պահանջել եւ ստացել է Կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող ամսական 3,5 տոկոս, ապա՝ 5, ապա՝ 10 տոկոս տոկոսային հավելավճարներ:

Ընդհանուր գումարը, դատարան ներկայացրած թվերի համաձայն, կազմում է 70 253 600 ՀՀ դրամին համարժեք 190 725 ԱՄՆ դոլար, այսինքն՝«գումար, որն առանձնապես խոշոր չափով գերազանցել է փոխառությամբ տրված մայր գումարին»,-ասում է Հրանտ Գեւորգյանը:

Ըստ փաստաբան Հրանտ Գեւորգյանի. «Սամսոն Ղազարյանն օգտագործելով Մ. Գաբրիելյանի կողմից տրված ըստ էության առոչինչ 60 000 ԱՄՆ դոլարի ստացականը, որը պետք է ոչնչացվեր ողջ գումարը 2011թ. մարտի 27-ին մարվելուց հետո, իմ վստահորդի գույքը հափշտակելու դիտավորությամբ, քաղհայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, պահանջել է հօգուտ իրեն Մեխակ Գաբրիելյանից բռնագանձել 60 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, միաժամանակ խնդրել էր կիրառել հայցի ապահովման միջոց, որը դատարանը բավարարել է»: Արգելանք է դրվել Մ.Գաբրիելյանի գույքի եւ դրամական միջոցների վրա:

Դատարանում Մ.Գաբրիելյանն իր ցուցմունքում ասաց, թե Ղազարյանի խնդրանքով իրեն են դիմել ընդհանուր ընկերները՝ Ազատ Արշակյանը, Վարդան Հարությունյանը, որպեսզի լուծվեն իր եւ նրա միջեւ դոլարի տատանումից հետո գոյացած 10 000 դոլարի հարցը: Երբ ինքը հրաժարվել է այդ գումարը Սամսոնին տալ, նա հայցով դիմել է դատարան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031