Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Դավթյան. «Հնարավոր է՝ կառավարությունը վերանայի հարկային փաթեթը»

Հունվար 24,2013 14:38

էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ՀՀ կառավարության նիստին հաջորդած բրիֆինգում այսօր պատասխանելով հարցին, թե կառավարությունը կվերանայի՞ բարեփոխված հարկային փաթեթի որոշ կետեր, որոնց կիրառումը ստոմատոլոգների, անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող տնտեսվարողների շրջանում այս օրերին բողոքի մեծ ալիք են բարձրացրել, հնարավոր համարեց, որ հարցը կրկին կքննարկվի: Տիգրան Դավթյանի կարծիքով, հարկային բարեփոխումները չնչին մասով են դժգոհություն առաջացրել, մի շարք կետերով «ուղղակի փոքր բիզնեսի կյանքը հեշտացրել» են:

Նախարարը մասնավորապես նշեց շրջանառության հարկի ներդրումը փոքր եւ միջին բիզնեսի համար, որի արդյունքում փոքր եւ միջին բիզնեսմենը ազատվում է փաստաթղթային քաշքշուկներից եւ այն փոխարինեց ԱԱՀ-ին ու շահութահարկին: Իսկ առհասարակ պարոն Դավթյանը գտնում է, որ հարկային փոփոխությունները «պետական բյուջեի համալրման մեխանիզմ» է, սակայն պետք է գտնել այն կոմպրոմիսը, որը ընդունելի է»:

Տիգրան Դավթյանի կարծիքով, նախագահական ընտրությունների շեմին ստեղծված դժգոհությունների ալիքը, կապված հարկային բարեփոխումների հետ, ոչ մի ազդեցություն չի թողնի ընտրությունների ընթացքի վրա: Լրագրողներից մեկի կեսկատակ հարցին, թե գուցե «դիտմա՞մբ» են արել , որ ընդդիմությունն էլ ձայն հավաքի, պարոն նախարարն ասաց. «Տնտեսությունն իր կյանքով է ապրում եւ տնտեսությունը անընդհատ փորձում են քաղաքական գործընթացների հետ կապել, բայց, բարեբախտաբար, Հայաստանի տնտեսությունը, մի քանի անգամ համոզվեցինք դրանում, շատ հանգիստ է վերաբերվում ցանկացած քաղաքական գործընթացներին եւ տնտեսության վարքագիծը փոփոխություն չի ունենում եւ ընտրություններից առաջ, եւ հետո: Ամեն մի ընտրությունների ժամանակ ասում են սա տնտեսության վրա կանդրադառնա, ոչ, չի անդրադառնա, տնտեսությունն ունի իր տրամաբանությունը եւ շատ լավ է, որ մեր երկրում տնտեսությունը զարգանում է»:
Էկոնոմիկայի նախարարը, խոսելով փոքր եւ միջին ձեռներեցության (ՓՄՁ) աջակցման այս տարվա ծրագրից, ասաց, որ պետական միջոցներից 150 միլիոն դրամ կհատկացվի ՓՄՁ-ին, մնացած գումարները կտրվեն վարկային միջոցներից: Վերջին մի քանի տարիներին, ընդհանուր առմամբ, 97,8 միլիարդ դրամ է հատկացվել ՓՄՁ-ին: Մի մասն, ըստ նախարարի, ռուսական վարկից, մի մասը Համաշխարհային բանկի վարկային միջոցներից: Վարկային միջոցները հիմնականում վերադարձվելի են, հետ չի գալիս միայն պետության տված 150 միլիոնը, որը ծախսվում է ՓՄՁ-ի աջակցման կենտրոնների պահպանման վրա: Վարկերը հիմնականում տրվելու են սկսնակ գործարարներին: Կառավարությունը որոշել է որպես վարկ տրվող գումարի շեմը բարձրացնել մինչեւ 5 միլիոն դրամ, մարման ժամկետը նույնպես կերկարաձգվի: Վարկային միջոցների 90 %-ն ուղղվելու են մարզերի փոքր եւ միջին գործարարներին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031