Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Գիմիշյան. «Մեղավոր ենք գուցե, որ չենք պնդել»

Հունվար 24,2013 14:27

Այսօր «Հայելի» ակումբում ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը, անդրադառնալով կոնգրեսականների այն քննադատություններին, որ առաջադրվելով նախագահական ընտրություններին, լեգիտիմացնում են Սերժ Սարգսյանի ռեժիմը՝ ասաց, որ ՀԱԿ-ը մանդատները վերցնելով՝ ինքը լեգիտիմացրեց իշխանությանը: Նրա խոսքերով՝ «Միասնական թեկնածու չեղավ, դա, իհարկե, իշխանության համար հարմար էր:Կան օբյեկտիվ պատճառներ, ինչու ՀԱԿ-ը չառաջադրեց թեկնածու: Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական գնահատական էր տվել, ես հարգում եմ իր որոշումը: Դա գուցե այս իրավիճակում հարմար է իշխանությանը, բայց դա չի նշանակում, որ մենք ուզեցել ենք կանխամտածված հեշտացնել իշխանության համար: ՀԱԿ-ը ծանր վճակում հայտնվելով, չունենալով այն թեկնածուն, որին 5 տարի նախապատրաստում էին, ծանր իրավիճակում հայտնվեց: Ես որոշել եմ սատարել Հրանտ Բագրատյանին»:

Սոս Գիմիշյանը մանրամասն անդրադարձավ այն իրավիճակին, որ ստեղծվել էր ՀԱԿ-ում՝ մինչ չառաջադրվելու որոշում կայացնելը. «Երբ ՀԱԿ-ը սկսեց խաղեր տալ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, մի խումբ կուսակցություններ դեմ էին: Հեղինակությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի այնքան մեծ է: Քանի որ տիրապետում է ավելի լայն ինֆորմացիայի, քան թե մենք, մենք որոշեցինք քաշվել մի կողմ, տեսնել ինչ կստացվի: Մեղավոր ենք գուցե, որ չենք պնդել, բայց դա շատ անշնորհակալ գործ է, այդպիսի առաջնորդ ունենալու պարագայում: Կարող էինք ասել, որ մենք խելոք էինք, բայց անիմաստ է: Ես ասել էի՝ եթե սխալ լինենք, հրապարակավ կասենք, որ սխալ էինք, իրենք խելոք էին: Հիմա խոսել ամեն ինչ հեշտ է: Բոլորս էլ կարող ենք խոսել: Գնահատականը արդյունքներն են: Արդյունքը սա է՝ այսօրվա գնահատականը»:

Խոսելով Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրի մասին՝ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը կարծիք հայտնեց. «Հրանտ Բագրատյանի ծրագրում ինչն է ինձ համար որոշակի ոչ թե անհասկանալի, այլ կցանկանայի պարզաբանում տրվեր: 100 կետի մեջ ուղիղ 21 կետը կենտրոնական բանկում եւ բանկային համակարգում փոփոխություններին է վերաբերվում»:

Սոս Գիմիշյանի համոզմամբ՝ «Բոլորս էլ հասկանում ենք, որ այսօր ծրագիրը առանձնապես նշանակություն չունի: Կարեւոր է, թե ումով են եւ ինչ թիմով են իրականացնելու: Նախագահը կարող է պատվիրել՝ լավագույն , շատ գրագետ ծրագիր գրեն: Բայց կյանքը եւ իրականությունը բացարձակապես չհամապատասխանեն նրան, ինչ գրված է»:

Լրագրողներից մեկը ՀՀԿ պատգամավորին դիմեց՝ ինչպե՞ս եք պատկերացնում ազատ, արդար ընտրություններ, երբ ամեն օր ահազանգեր ենք ստանում, որ բուժաշխատողներին, մանկավարժներին հրահանգում են ցուցակագրվել: Արտակ Դավթյանը պատասխանեց. «Փաստացի ապացույցներ կա՞ն ահազանգերից: Թեկնածուներից մեկն էլ էր ահազանգում, որ ինչ-որ գումարներ են բաժանվել: Երբ ասում ենք՝ ինչու չես ասում՝ որտեղից, ասում է՝ ես ո՞նց կարող եմ նշել: Երեւակայության մեջ ամեն ինչ էլ կարող են ասել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031