«Ինքն իր հորը չտեսավ, իր երեխան էլ՝ իրան»
Չորսամյա Ալվինան ծնվել է հոր՝ Լեւոն Պետրոսյանի մահվանից հինգ ամիս անց, Չինարի գյուղում եւ հորը ճանաչում է միայն լուսանկարներով:
«Դե միշտ էլ կրակում են, բայց էդ պահին մի ուժեղ կրակոց եղավ, կուչ եկա, էդ մի կրակոցն էր… մեկ էլ տեսա մեր հարեւանը մեքենայով եկավ, թե՝ Լեւոնին կրակել են, վիրավորվել ա: Էդ ա եղել. մինչեւ էսօր ո՛չ հարցնում եմ, ո՛չ իմանում, դեպքի տեղը նույնիսկ չգիտեմ: Ինքս իմ մեջ տանջվում եմ»,- արտասվելով որդու՝ Լեւոնի զոհվելու մասին պատմում է 43-ամյա Կարինե Պետրոսյանը:
Լեւոն Պետրոսյանը ծնվել է 1987-ի դեկտեմբերի 5-ին, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում: Երբ հայրը Ռուսաստանում ավտովթարի հետեւանքով մահացավ, նա ընդամենը մեկ ու կես տարեկան էր, իսկ կրտսեր քույրը՝ 20 օրական: Դժբախտ պատահարից հետո Կարինեն երեխաների հետ տեղափոխվում է Հայաստան: «Ինքն իր հորը չտեսավ, իր երեխան էլ՝ իրան»,- ասում է մայրը:
Կարդացեք նաև
«Ընտիր, խելոք բալա էր: Էսքան ժամանակ ոչ մեկը Լեւոնից չի բողոքել: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: Միշտ ինձ ասում էր՝ տատի՛ ջան, ես քեզ պահելու եմ, հանգիստ մնա, իմ պապան չկա, ես կամ»,- Լեւոնին այսպես է հիշում տատը՝ 85-ամյա Վարդուհի Պետրոսյանը:
Չինարիի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 2005թ. Լեւոնն անցնում է ժամկետային զինվորական ծառայության: «Պահանջկոտ չի եղել, մեր վիճակից ելնելով, ինչ ունեցել ենք, դրանով էլ բավարարվել ա, թեպետ ես աշխատում էի հասցնել ամեն բան: Խտացրած կաթ ու մաննի էր շատ սիրում: Էս վերջին տարիներին, որ խանութ էի գնում մաննի առնեմ, խանութպանն ասում էր՝ փոքր երեխա ունե՞ս, որ մաննի ես սարքում: Երբեք ինձ կոպիտ պատասխան չի տվել: Ինձ ասում էր՝ ամբողջ կյանքում մենակ ես եղել, հիմա արդեն ես քեզ կօգնեմ, դժվարություններդ կմոռանաս»,- հիշում է մայրը:
2008թ. Լեւոնն ամուսնանում է: Սիրուշը՝ Լեւոնի կինը, նույնպես Չինարիից է. մայրը պատմում է, որ չնայած համագյուղացիներ են եղել, բայց Լեւոնը միայն ծառայությունից հետո է ծանոթացել Սիրուշի հետ եւ կարճ ժամանակ անց ամուսնացել են:
Մոր խոսքերով՝ Լեւոնը հողի հետ աշխատանքը շատ չէր սիրում, բայց որսորդությամբ էր զբաղվում ու նախընտրում էր գումար աշխատել շինարարության միջոցով:
«Մի ավտոտնակ էին սարքում, ուզում էր ընկերների հետ գնար, էնտեղ աշխատեր, ես էլ համաձայն չէի: Ասեց՝ մամ ջան, պիտի աշխատեմ, ինքնուրույն դառնամ… Հենց էդ ավտոտնակի համար քար բերելուց են եղել, որ կրակել են իրա վրա»,- հառաչելով ասում է որդեկորույս մայրը:
2008-ի հոկտեմբերի 3-ին՝ հոր մահից հինգ ամիս հետո, ծնվեց Լեւոնի դուստրը՝ Ալվինան:
Լեւոն Պետրոսյանը զոհվել է 2008թ. հունիսի 18-ին, Տավուշի մարզի Չինարի գյուղում՝ ադրբեջանական կողմի դիպուկահարի գնդակից: Նա 20 տարեկան էր:
«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:
Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարեք 098804800:
Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Լուսանկարները՝ ԿԱՐԻՆԵ ԻՈՆԵՍՅԱՆԻ