Քիչ առաջ նախագահի նստավայրի մոտ Երեւանի մի քանի անշարժ գույքի գործակալության ղեկավարներ ու աշխատակիցներ հավաքվել էին, որպեսզի «Արտոնագրային վճարների մասին» օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկություններն ու նամակ-դիմումը հանձնեն նախագահին: «Ար-Գո» անշարժ գույքի գործակալության տնօրեն Արայիկ Գոջաբաշյանի եւ ոլորտի եւս 2 ներկայացուցիչների հետ հանդիպեց նախագահի վերահսկողական ծառայության աշխատակից Մինասյանը, ում էլ հանձնվեց նամակը: Պարոն Գոջաբաշյանի պատմելով, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը վստահեցրեց, որ սեղմ ժամկետներում կքննարկվի խնդիրը եւ կպատասխանեն: Ոլորտի ներկայացուցիչների տպավորությամբ՝ պարոն Մինասյանը քիչ թե շատ խնդրին ծանոթ էր եւ խոստացավ հետամուտ լինել հարցին:
Հիշեցնենք, որ «Արտոնագրային վճարների մասին» օրենքի փոփոխությամբ անշարժ գույքի գործակալությունները մտնում են այնպիսի հարկման դաշտ, որը , ինչպես ոլորտի ներկայացուցիչներն են ասում՝ իրենց կտանի կործանման: Ըստ այդ փոփոխությունների՝ անշարժ գույքի գործակալության ղեկավարները պարտավոր են յուրաքանչյուր աշխատակցի համար վճարել 60.000 դրամ: Ըստ գործակալության ղեկավարների հաշվարկների՝ եթե նախկինում 6-10 աշխատակից ունեցող գործակալությունները վճարում էին ամսական սոցվճարն ու հարկերը միասին՝ 150-200 հազար դրամ, օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարեն ամսական 600-800 հազար դրամ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ