Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում առանց միջնորդների

Հունվար 24,2013 13:46

E-gov.am-ն այն համացանցային տիրույթն է, որտեղ քաղաքացին ու պետությունը հանդիպում են առանց միջնորդների՝ ավելի պարզ ու արագ, իսկ պետական կառավարումը թափանցիկ է ու վերահսկելի: Թվանշային դարաշրջանի էլեկտրոնային համեմունքներով պետությունը հեշտացնում է քաղաքացիների շփումը տարբեր մարմինների հետ՝ առաջարկելով հաշվետվություններ ներկայացնել, դիմումներ գրել ու պատասխաններ ստանալ, վճարումներ կատարել, բիզնես ու մտավոր սեփականություն գրանցել՝ առանց տնից դուրս գալու:

7 էլեկտրոնային նոր ծառայություն՝ 2013-14-ին. պետական կառավարման էլեկտրոնային զինանոցը կհամալրի էլեկտրոնային առողջապահական համակարգը, որ կներառի մարդկանց հիվանդությունների պատմությունները, քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգը, որ հնարավոր կդարձնի հանրապետությունում գործող 52 զագսերի միջեւ ինֆորմացիան փոխանակել թվանշային երթուղով: Կթվայնացվեն արխիվները, շինարարական թույլտվություններ կտրվեն նաեւ վիրտուալ: Էլեկտրոնային փոստ՝ յուրաքանչյուրին. շուտով պետությունը քաղաքացիներին կառաջարկի պետական մարմինների հետ հաղորդակցվել, պաշտոնական ծանուցումներ ստանալ թվանշային հարթակում: Կգործի էլեկտրոնային հյուպատոսությունը, որ թույլ կտա արտերկրում գտնվող հայաստանցիներին, ասենք, անձնագրի ժամկետը երկարաձգել 15 րոպեում՝ օրերի ու շաբաթների փոխարեն: Էլեկտրոնային վիճակագրական հաշվետվությունների համակարգն էլ վիճակագրական մարմիններին անհրաժեշտ տվյալները կհասցնի էլեկտրոնային երթուղով:

Էլեկտրոնային հարթակի այս նորարարությունները թղթից իրականություն կտեղափոխվեն «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագրի օգնությամբ, որ ՀՀ կառավարության աշխատակազմն իրագործում է գործընկերոջ՝ Եվրոպական Միության հետ: «Հայաստանը բռնել է էլեկտրոնային կառավարման ուղին,- ասում է ծրագրի ղեկավար Իվառ Թալլոն:- Այս նորարարությունները ժամանակի պահանջ են, որոնց օգնությամբ երկիրը կբարելավի կառավարման ու կյանքի միջազգային որակը»:

Օրերս էլեկտրոնային գործիքադարանը հարստացավ նորեկներով. այսպես՝ լիցենզավորված անձանց հաշվետվությունները՝ 15 տեսակի, 9 պետական մարմիններին այսուհետ կարող են հասնել օնլայն՝ e-gov.am/licenses-reports հասցեով: Հայկական վիրտուալ կառավարման հարթակ եկավ նաեւ Վերահսկիչ պալատը: Պետական կառավարման մարմիններում այս կառույցի բացահայտած խնդիրները, դրանց լուծման դինամիկան ու առաջիկա անելիքներն արդեն e-gov.am-ում են:

«Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում»-ը Հայաստանում էլեկտրոնային բարեփոխումների երկրորդ խոշոր ծրագիրն է: Համացանցային համեմունքները պետական կառավարման օղակներ մտան 2008-ից. 4 տարում ներդրվեց էլեկտրոնային կառավարման 15 համակարգ:

59 տեսակի հարկային հաշվետվություններ արդեն 3 տարի է՝ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով: Այս տարի փետրվարին հանրապետության 40 հազար հարկատուներն առաջին անգամ կվճարեն նոր՝ միասնական եկամտային հարկ՝ միայն էլեկտրոնային եղանակով: Նոր տեսակի անձնագիր՝ նույնականացման քարտ՝ էլեկտրոնային ստորագրությամբ. ահա թե ինչ է անհրաժեշտ գործարարներին պետական օղակների հետ վիրտուալ հաղորդակցվելու համար: 2012-ի հունիսից 16 տարին լրացած յուրաքանչյուր մարդ կարող է ձեռք բերել 10 տարի ժամկետով տրվող այս քարտը: Արդեն 12 հազար քաղաքացի ձեռք է բերել նույնականացման քարտ:

e-register.am-ն առաջարկում է բիզնեսը գրանցել առանց տնից դուրս գալու՝ անձնական համակարգչով: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն առաջարկում է հանդիպել e-cadastre.am վիրտուալ տիրույթում: Արդեն մի քանի տարի է՝ կառավարությունում, նախարարություններում ու մարզպետարաններում՝ 40 պետական մարմիններում փաստաթուղթը պտտվում է նաեւ վիրտուալ երթուղով: «Փաստաթղթերի 65 տոկոսից ավելին էլ փոխանակվում է էլեկտրոնային եղանակով,- ասում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:- Հայաստանի ամենահեռավոր շրջաններ փաստաթղթերի առաքման ժամանակը մեկ րոպեից էլ պակաս է»: Պետական քսակն ինչքանո՞վ է դատարկվել, ո՞ւր են ուղղվել գումարները, դեռ ինչքա՞ն գումար կա ծախսելու. e-gov.am-ը հնարավորություն է տալիս ամեն վայրկյան հետեւել պետական բյուջեին: Դատական համակարգի կայացրած վճիռներին, սպասվելիք դատերի ժամանակացույցին կարելի է ծանոթանալ datalex.am կայքում, հանրապետության օրենսդրական ամբողջ փաթեթը` օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, որոշումներ, ընդհանուր առմամբ՝ 67 հազար իրավական փաստաթուղթ, հասանելի է arlis.am հասցեում: E-payment.am-ն էլ պետական հարկերը, տուրքերը վճարելու օնլայն գործիք է: Վիրտուալ հարթակում է նաեւ Հայաստանի մշակութային հպարտությունը՝ Ազգային պատկերասրահի բոլոր ցուցանմուշները gallery.am/db հասցեում են:

ԿԱՐԻՆԵ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Տնտեսական բարեփոխումների

վերլուծական-տեղեկատվական կենտրոն

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031