Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանվածի ավտոմեքենայում զե՞նք է եղել

Հունվար 24,2013 13:33

«Տեղի է ունեցել ցավալի հանցավոր արարք: Վերջիվերջո, սպանվել է երիտասարդ անձնավորություն եւ համաձայն եմ, որ մեղավորները պետք է կրեն իրենց արժանի պատիժը: Բայց  նշված փաստը չի կարող հիմք հանդիսանալ բացարձակ ճշմարիտ փաստերը աղավաղելուն» Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց ամբաստանյալ Սերգեյ Հարությունյանի պաշտպան Հովհաննես Հարությունյանը (լուսանկարում):

Նրա պաշտպանյալը 3 ամիս առաջ կալանավորվել է անցյալ տարվա հոկտեմբերի 18-ին Երեւանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Էթնա» ռեստորանային համալիրում հարող տարածքում 27-ամյա Արսեն Շահբազյանի սպանության գործով:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արաբկիրի քննչական բաժնում անցյալ տարվա հոկտեմբերի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ամբաստանյալներից 3-ի՝ Կարեն եւ Արմեն Հարությունյանների, Անուշավան Հովհաննիսյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին. նրանք նախկինում կալանավորված էին: Կասկածյալներից՝ Մեսրոպ Խառատյանն ու Վաղինակ Հարությունյանը հետախուզման մեջ են:

«Վիվարո» ընկերության համակարգչային սեկտորի վարիչ, երեք բարձրագույն կրթություն ստացած Սերգեյ Հարությունյանի պաշտպան Հովհաննես Հարությունյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը կամավոր է ներկայացել բաժին, տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ.«Համոզված եմ, որ իմ պաշտպանյալի ցուցմունքներից հետո է բացահայտվել սպանություն կատարած անձի ինքնությունը»:

Անդրադառնալով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանի Aravot.am-ում այս գործի հետ կապված հունվարի 17-ի բողոքին, մասնավորապես, այն տեղեկատվությանը, թե նախաքննական մարմինը վերադարձրել է ամբաստանյալների ավտոմեքենաները, որոնք ենթարկվել են քիմիական լվացման, պաշտպանն ասաց. «Այն, որ մեքենաները լվացվել են՝ ըստ Վ. Էլբակյանի, հետեւաբար, հնարավոր չէ, փորձաքննության համար ավտոմեքենաների պաստառներից մանրաթելեր վերցնել՝ համեմատելու համար մեղադրյալների հագուստներից վերցրած մանրաթելերի հետ, կարող եմ ասել, որ պարզապես անհասկանալի է այս մտահոգությունը: Քանի որ ավտոմեքենաների միջից հայտնաբերված մանրաթելերը կարող էին լինել մեղադրյալների հագուստներից, քանի որ նրանք են եղել այդ մեքենաներում: Սակայն հարգելի փաստաբանը, եթե  նկատի է ունեցել այդ մանրաթելերի համեմատումը սպանվածի հագուստի  վրա եղած մանրաթելերի հետ, ապա դա այլ հարց է, քանի որ պարզ չէ, հանգուցյալի հագուստից մանրաթելեր վերցվե՞լ են, թե՞ ոչ»:

Պաշտպանը տեղեկացնում է, որ կալանավորված Ս. Հարությունյանի մեքենան 40 օր գտնվել է ոստիկանության Արաբկիրի բաժնում,եւ այն վերադարձվել է հարազատներին փորձաքննությունից հետո միայն:

«Ինչո՞ւ տուժողի իրավահաջորդը չի նշել նաեւ այն մասին, որ մյուս տուժողը՝ Ս. Աբովյանը, դեպքի վայրից իր ավտոմեքենան տեղափոխել է ավտոլվացման վայր, ենթարկել է լվացման, եւ միայն ոստիկանների պահանջից հետո է այն ներկայացրել բաժին: Քանի որ հարկ կլիներ պարզաբանել, թե ինչ եղավ ավտոմեքենայում առկա զենքը, որը մահացու հարված ստանալուց առաջ ցանկացել էր վերցնել սպանվածը եւ կամ՝ թմրանյութը, որի մի մասը ընկած է եղել դեպքի վայրում»: Հովհաննես Հարությունյանը գտնում է, որ իր պաշտպանյալը ապօրինի է զրկվել ազատությունից, եւ անգամ ապօրինի է մերժվել իր՝ նրան գրավով ազատելու միջնորդությունը:

 Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031