Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանի առաջարկը կարող է ԼՂՀ-ին միջազգային ճանաչում բերել

Հունվար 24,2013 13:20

ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն ըմբռնումով է մոտենում թեկնածուների նախընտրական ծրագրերին. «Բոլոր դեպքերում, ծրագրերը նախընտրական են եւ մի քիչ պոպուլիստական, ու այնպես չէ, որ թեկնածուները, հատկապես իշխանության թեկնածուն եռանդով կգնա բոլոր կետերը կատարելու»: Քանի որ Հայաստանը փոքր երկիր է, բոլորն իրար ճանաչում են, մեր զրուցակցի կարծիքով՝ պարտադիր էլ չէ, որ թեկնածուներն ամեն ինչը ներկայացնեն ծրագրերով. «Եթե նրանք գրագետ չեն, ապա գրագետ խորհրդականներ ունեն, փող ունեն, դրսից, ներսից մասնագետներ են վարձում, որոնք իրենց համար ծրագրեր են գրում»: «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով հիմնական թեկնածուների արտաքին քաղաքական մոտեցումներին՝ Հովհաննես Իգիթյանը նկատեց. «Ամենադժվարը Սերժ Սարգսյանի համար է ծրագիր ներկայացնելը, որովհետեւ, եթե ինքը խոստանա կտրուկ բաներ փոխել, մարդիկ դժվար իրեն հավատան: Մյուս կողմից էլ՝ հեշտ է, որովհետեւ այն, ինչ անում էր, պետք է շարունակի անել»: Այսինքն՝ առավել ընկալելի ասած, Արեւմո՞ւտք, թե՞ Արեւելք, Ռուսաստա՞ն, թե՞ ԵՄ, մեր զրուցակցի կարծիքով՝ այն, ինչը ժամանակին փորձում էին կոչել «կոմպլեմենտար դիվանագիտություն», մի քիչ ավելի պարզունակ ձեւով կշարունակվի: Ի՞նչ է անում իշխանությունը, եւ ընտրվելու դեպքում ի՞նչ պետք է փորձի անել Սերժ Սարգսյանը: «Պետք է փորձի ՌԴ-ին համոզել, որ մենք ՌԴ-ի դաշնակիցն ենք մինչեւ վերջին հիմնարկը եւ չինովնիկը: Իհարկե, Եվրասիական միությունը Հայաստանի համար շատ ընդունելի է, եւ մենք այդպես, դեռ այդ միությունը չձեւավորված, պատրաստակամություն ենք հայտնում, վստահ ենք, որ կմտնենք այնտեղ: Մյուս կողմից էլ՝ այնպես պետք է անի, որ հանկարծ ԵՄ-ն չմտածի, թե լրիվ շուռ ենք եկել, եւ այդ պատճառով նրա ծրագրում կա նաեւ դեպի Եվրամիություն, դեպի Արեւմուտք ինտեգրացում: Ցավոք, ստացվում է հակառակը. ՌԴ-ն մտածում է, որ Հայաստանը խաղ է տանում եւ դեմքով արդեն նայում է դեպի Եվրամիություն, ԵՄ-ն համոզված է, որ Հայաստանն արդեն ամբողջությամբ պրոռուսական է, իսկ մենք՝ պարզ չէ, թե ինչ ենք ուզում»: Սրանք պարոն Իգիթյանի տպավորություններն են ոչ թե թեկնածու Սերժ Սարգսյանի ծրագրից, այլ դրա իրականացումից:

Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ արտաքին քաղաքականության մասով թեկնածուներից ամենաազնիվը Րաֆֆի Հովհաննիսյանն է. «Պարզ վեկտորը դրված է դեպի Եվրամիություն, դեպի Արեւմուտք»: Ի դեպ, Հովհ. Իգիթյանը չի տարանջատում ներքին քաղաքականությունն արտաքինից, քանի որ անհնար է համարում, որ մարդը ներսում հակաժողովրդավար եւ դիկտատոր լինի ու հայտարարի, թե գնում է դեպի Եվրոպա: «Կան համամարդկային արժեքներ, որոնք դու պետք է իրականացնես ներքաղաքական կյանքում, որպեսզի Արեւմուտքը հավատա, որ գնում ես դեպի ինտեգրացում»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս տեսակետից Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ ցույց է տալիս քաղաքակիրթ, ժողովրդավարական երկրի մոդելը: Հրանտ Բագրատյանի տնտեսական ծրագրի մոդելը «լիբերալ, ազատ շուկայի զարգացման, եվրոպական տնտեսություն ստեղծող ծրագիր» համարելով՝ Հովհաննես Իգիթյանն արձանագրում է, որ վեկտորը դարձյալ դեպի Արեւմուտք է: «Բայց իմանալով Հրանտ Բագրատյանին, նրա աշխատանքը, ելույթները եւ հարցազրույցները՝ ինքն ավելի փափուկ ձեւով է ներկայացնում, եւ երեւում է, որ ՌԴ-ի հետ կապերը կլինեն բալանսավորված: ՌԴ-ն հենց տնտեսական պարտնյոր է լինելու, այլ ոչ պետություն, որի ֆորպոստը Հայաստանն է»: Պարույր Հայրիկյանն էլ դասական իմաստով ծրագիր չի ներկայացրել, բայց նկատի ունենալով նրա ապրած կյանքը՝ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ նրա քայլերն էլ հիմնականում կապված են լինելու ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ:

Թեկնածուների մոտեցումները տարբերվում են ԼՂՀ կարգավորման հարցում: Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում ամրագրված է, որ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է միջազգայնորեն ճանաչվի»: Րաֆֆի Հովհաննիսյանը հակառակ մոտեցման ջատագով է. «Հայաստանը պետք է ճանաչի Արցախի ինքնիշխանությունը»: Հրանտ Բագրատյանի համար Արցախի անկախության ճանաչումը ընդունելի է «միայն Ղարաբաղի իշխանությունների պաշտոնական դիմումի դեպքում»: Նա հարցի կարգավորման այնպիսի տարբերակ է առաջ քաշում, որ բանակցություններն ընթանան Ադրբեջան-Արցախ ֆորմատով: ԼՂՀ հարցում Բագրատյանի մոտեցումը մեր զրուցակիցը բացատրում է այսպես. «Բագրատյանը վարչապետ է եղել այն ժամանակ, երբ ԼՂՀ-ն բանակցային գործընթացի լիարժեք անդամ էր, եւ իր քայլերն ուղղված են ԼՂՀ-ին նորից բանակցային հիմնական սուբյեկտ դարձնելուն: Հայաստանը պետք է լինի մասնակից, երաշխիք, բայց հիմնական նախաձեռնությունները պետք է գան ԼՂՀ-ից: Դա մոտավորապես Կոսովոյի մոդելն է կամ միջազգային դաշտում ինքնորոշված սուբյեկտների, որոնք այս կամ այն ձեւով կարողացել են ստատուս վաստակել: Սա դժվար իրականանալի ծրագիր է, բայց եթե իրականանա, դա կբերի միջազգային ճանաչման: Այդ պատճառով է նույնիսկ Հայաստանի ճանաչումը Հրանտ Բագրատյանը կապում ԼՂՀ-ի նախաձեռնության հետ»:

Ավանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի ափսոսում այն ջանքերը, որոնք ներդրվել են հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նախաձեռնության մեջ. «Այն ժամանակ շատ-շատերը մեզ խստորեն, ես կասեի՝ դաժանորեն քննադատում էին: Քննադատում էին եւ Հայաստանում, եւ Սփյուռքում: Ինչ մեղադրանքներ ասես, որ մեզ չէին ներկայացնում, բայց ժամանակը ցույց տվեց, որ այդ մեղադրանքները ոչինչ չարժեին, որովհետեւ այդ գույժերից որեւէ մեկն իրականություն չդարձավ: (…) ասում էիք, որ այս փաստաթուղթը թուրքերին է ձեռնտու, բա ինչո՞ւ մինչեւ հիմա չեն վավերացրել: Թուրքերը մինչեւ հիմա այդքան չե՞ն հասկանում, թե՞ ինձ ուղղակի խղճում են կամ իմ նկատմամբ ներողամիտ են, էլի: Ակնհայտ է, չէ՞, որ եթե մի մարդու ձեռնտու է, նա վայրկյան առաջ պիտի այդ խնդիրը լուծի: Ուրեմն մտածելու տեղ կա, չէ՞: Կամ ասում էին, որ էս փաստաթուղթը, որ կա, ինքնին նշանակում է, որ Ղարաբաղը հանձնում ենք ադրբեջանցիներին: Բա ինչո՞ւ էդպես չեղավ»: Քանի որ արձանագրությունների քննադատներից մեկն էլ Հովհաննես Իգիթյանն էր, խնդրեցինք անդրադառնալ Սերժ Սարգսյանի այս տեսակետին: Հստակեցնելով, որ ինքը Հայաստան-Թուրքիա լավ հարաբերությունների եւ սահմանի բացման կողմնակից է, մեր զրուցակիցն ասաց. «Այն ձեւը, որն այն ժամանակ ընտրվել էր, իմ կարծիքով՝ շատ սխալ էր: Մինչեւ արձանագրությունների ստորագրելը ես նշել եմ՝ գործընթացն այնքան սխալ է գնում, որ ես տեսնում եմ՝ դրանից հետո հայ-թուրքական հարաբերություններն ավելի վատ կլինեն, քան մինչեւ այդ էր: Այդպես էլ եղավ: Ցավոք, այսօր մենք մեկ-երկու քայլ նահանջել ենք այն ստարտային իրավիճակից, որը եղել է մինչեւ այդ գործընթացը: Իհարկե, կարելի է սիրուն խոսքերով ամեն ինչ ներկայացնել, բայց իրողությունն այն է, որ գործընթացի իրականացումը, հատկապես հայկական կողմից, եղել է շատ ոչ մասնագիտական, քաղաքական տեսակետից սխալ, անգամ արձանագրությունների ստորագրության պահը շատ ստորացուցիչ էր, ու հիմա ինձ թվում է, որ Սերժ Սարգսյանը պետք է հայտարարի, թե ինչպես պետք է շտկենք սխալը, որը բերեց հայ-թուրքական հարաբերությունների վատթարացման: Այսօր ստացվեց այնպես, որ Թուրքիան ԼՂՀ հարցում իրեն համարում է կարեւոր խաղացող եւ աշխարհի աչքում ներկայանում է խաղաղարար աղավնի՝ ԼՂՀ գործընթացում: ԼՂՀ հարցի վերաբերյալ այսօր Թուրքիան հավասար խոսում է եւ հստակ նախապայմաններով՝ թե տարածքային ամբողջականության, թե հարցի էլեմենտների մասով»: Իսկ թե ինչու Թուրքիան չի վավերացնում իրեն ձեռնտու արձանագրությունները՝ վերջնականապես խայտառակելու համար հայկական դիվանագիտությունն ու Հայաստանին, մեր զրուցակիցը պատասխանում է. «Արձանագրություններով Հայաստանը Թուրքիային տվեց մի խաղաթուղթ, որով Թուրքիան դրանց վավերացումն ու սահմանի բացումն ուղղակի կապի ԼՂՀ հարցի կարգավորման հետ: Եվ ի հեճուկս Հայաստանի իշխանությունների հայտարարությունների՝ ամբողջ աշխարհը դուրս չեկավ Թուրքիայի դեմ՝ ճնշում գործադրելու, որպեսզի արձանագրությունները վավերացվեն, որովհետեւ Թուրքիան ԼՂՀ-ի հետ կապված պայմանը կարողացավ համահունչ դարձնել բոլոր այլ կազմակերպությունների, երկրների հայտարարությունների հետ»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031