Լրահոս
Օրվա լրահոսը

Սա էլ կանցնի

Հունվար 24,2013 13:16

Հայտնի երեւույթ է. մարդիկ, որոնք աշխատում են խորովածանոցում եւ առավոտվանից գիշեր կանգնած են մանղալի մոտ, շնչում են շատերի համար ախորժալի հոտը, այնքան են այդ ամենից հագենում, որ խնջույքների ժամանակ, երբ հյուր են գնում կամ հյուր են ընդունում, այեւս չեն կարողանում խորոված ուտել: Այդպես էլ ես. օրն առնվազն 14 ժամ, այսպես թե այնպես, զբաղված լինելով ընտրություններ լուսաբանելով՝ ինձ չեմ կարողանում ստիպել հետեւել այդ նույն ընտրարշավին որպես ընտրող եւ, օրինակ, նայել «Հ1»-ով անվճար գովազդների շարքը: Քանի որ տեղեկատվական դաշտը, նախեւառաջ համացանցում, շատ հագեցած է, որոշ բաներ անցնում են իմ կողքով, եւ այդ իրադարձությունների հաջորդականությունը ես մինչեւ վերջ չեմ ըմբռնում: Մասնավորապես, լրատվամիջոցներում, կայքերում եւ սոցցանցերում ես կարդում եմ, լսում եմ ՀՀԿ-ի, «Ժառանգության», ՀԱԿ-ի, այլ կուսակցությունների կողմնակիցների նշումները, որոնց հեղինակները բողոքում են, թե իրենց ընդդիմախոսները չափն անցնում են, եւ եթե այդպես շարունակեն, ապա… Ես մոտավորապես հասկանում եմ, թե ինչի մասին է խոսքը, ով ում հակառակորդն է, բայց բանավեճի ամբողջ կոնտեքստն ինձ հայտնի չէ: Եթե նույնիսկ հայտնի լիներ, ես, բնականաբար, չէի կարողանա անգամ ինձ համար, իմ մեջ վերջնական դատավճիռներ կայացնել:

Միակ բանը, որը ես կարող եմ անել, իմ փորձը փոխանցելն է: Իսկ փորձս նախեւառաջ հուշում է հետեւյալը՝ ամեն ինչ անցողիկ է, փոփոխական: Ցանկացած հերոս կամ կուռք մի քանի տարում, նույնիսկ մի քանի ամսում կարող է դառնալ հակահերոս ու հրեշ: Կար, օրինակ, 90-ականներին այսպիսի ՀՀՇ-ական, իսկ այնուհետեւ հակա-ՀՀՇ-ական գործիչ՝ Ալբերտ Բաղդասարյան, ի դեպ, որի ծառայությունները, մասնավորապես, Սյունիքի պաշտպանության գործում մեծ են: (Ալբերտը հիմա հեռացել է ակտիվ քաղաքականությունից): Նա 90-92 թվականներին Լեւոն Տեր-Պետրոսյանի ֆանատն էր՝ նույնքան ջերմեռանդ, որքան այսօրվա երիտասարդներն են: 93-94 թվականներին նա դարձավ Տեր-Պետրոսյանի հակառակորդը եւ սպառնում էր առաջին նախագահին «ռումինական տարբերակով», այսինքն՝ Չաուշեսկուի օրը գցել: Նիկոլաե Չաուշեսկուն, հիշեցնեմ, Ռումինիայի կոմունիստական բռնապետն էր, որին 1989 թվականին գնդակահարեցին հապճեպ ձեւավորված հեղափոխական տրիբունալի վճռով՝ կնոջ հետ միասին: Այն տարիներին դա մոտավորապես նույնն էր, ինչ այժմ սպառնալ Սադամի կամ Քադաֆիի ճակատագրով, ինչը եւ անում են այսօրվա հեղափոխականները: Ես գիտեմ մարդկանց, որոնք 98 թվականին կրքոտ ողջունում էին Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը, իսկ այնուհետեւ սկսեցին նրա հասցեին հայհոյանքներ գրել: Կան մարդիկ, որոնց գլխավոր թիրախը Գագիկ Ծառուկյանն էր, իսկ հետո նա դարձավ «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» միակ հույսը:

Մեղադրել մարդկանց, թե ինչու էին նրանք այսպես մտածում, իսկ հետո սկսեցին այլ կերպ մտածել, անիմաստ է: Լավ են անում՝ այսօր նրանց այսպես է ձեռնտու, վաղը՝ այնպես: Միակ բանը, որը կարելի է խորհուրդ տալ՝ չափից դուրս չտարվել ոչ սիրով եւ երկրպագությամբ (քաղաքական, իհարկե), ոչ էլ՝ ատելությամբ ու թշնամանքով: Այդ դեպքում անցումներն այնքան էլ կտրուկ չեն թվա: Եվ այդ դեպքում ոչ ոք ոչ մեկի չի մեղադրի սահմաններն անցնելու մեջ:

Ամեն ինչ անցողիկ է, հատկապես՝ ընտրարշավները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Karen says:

    Լավ ասեցիր, խմի, անուշ

  2. Maxim says:

    Միանգամայն ճիշտ եք ասում, բայց կարծում եմ, որ այն՝ 21-րդ դարի հանցագործ-
    ներին չի վերաբերվում, որոնք հրաման տվեցին կրակել իրենց սեփականաշնորհած
    ժողովրդի վրա: Այդ փաստը՝ դեռ իր դատավճիռը կունենա, հակառակ դեպքում այն
    կդիտվի երկրի ներսում,՝ պրոֆիլակտիկ աշխատանք, ինչպես աֆրիկական որոշ
    երկրներում: Երկուսն էլ բոլոր տվյալները ունեն նման հանցագործությունների,՝
    գավառական մտածողություն, քարանձավային հնարքներով հարցերի լուծում, ստի,
    քծնվելի, և դրանց ընդունման ունակություն, ոհմակի առաջնորդի դերի ստանձնելու
    ճարպկություն և մի խոսքով ասած՝ հայկական բջություն:

  3. Ruben says:

    Եթե Խորենացին համաձայնվեր Ձեզ հետ, պառկած կլիներ Մաշտոցի կողքին եւ չէր գրի.՝

    Ուսուցիչները՝ տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով. ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։ Կրոնավորները՝ կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան աստվածասեր: Վիճակավորները՝ հպարտ, դատեր սիրող, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։ Աշակերտները՝ սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են: Ժողովրդականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասագործ, ժառանգությունից փախչող։ Զինվորականները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից։ Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ։ Դատավորները՝ տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անհաստատ, հակառակող։ Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։

    “ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ” գրքից:

    «Լավ են անում՝ այսօր նրանց այսպես է ձեռնտու, վաղը՝ այնպես:»

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031