Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետական աջակցության ծավալն ավելացել է

Հունվար 24,2013 13:11

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Երկու որոշմամբ կառավարությունը հաստատել է Հայաստանի հողօգտագործողներին 2013 թ. համար մատչելի գնով դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը։ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է ծրագրերն իրականացնելու համար սուբսիդիա տրամադրելու նպատակով մրցակցային հիմունքներով կազմակերպել ընտրություն դիզելային վառելանյութ և պարարտանյութ ներկրող խոշոր կազմակերպություններից։ Նախատեսվում է հողօգտագործողներին տրամադրել ավելի քան 17 միլիոն լիտր վառելանյութ և մոտ 11 հազար տոննա ամոնիակային սելիտրա։ Ընդ որում, դիզելային վառելանյութը կհատկացվի  1 լիտրը 350 դրամով, 50 կիլոգրամ կշռով մեկ պարկ պարարտանյութը` 6 հազար դրամով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտակմամբ այս երկու ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ այս տարի տրամադրվող աջակցության ծավալն ավելացել է, ինչի շնորհիվ կարելի է ենթադրել, որ մշակվող հողատարածությունները նույնպես զգալիորեն ավելացել են։

ՀՀ կառավարությունը հաստատել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013 թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը։ Ծրագրի նպատակներն են պետական ուղղակի աջակցության գործիքների միջոցով խթանել ՓՄՁ զարգացումը, այդ ճանապարհով նպաստել երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամաչափության հաղթահարմանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը, բարձրացնել զբաղվածության և ինքնազբաղվածության մակարդակը։ Կատարելով ՓՄՁ աջակցության հերթական քայլը` կառավարությունը դրանով իսկ կարևորում է ՓՄՁ դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրի սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում։ Ծրագրի իրականացման համար ՀՀ 2013 թ. պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 150 մլն դրամ, որի հաշվին կապահովվի անձնակազմի և փորձագետների` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցների վարձատրությունը։ Ծրագրի իրականացման արդյունավետությունը և ֆինանսական գործիքների ճկունությունն ապահովելու նպատակով 2013 թ. կմիավորվեն սկսնակ գործարարների ֆինանսական աջակցության և վարկային երաշխավորությունների դրամագլուխները որպես մեկ միավորված դրամագլուխ։

Վերաբաշխում կատարելով 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել է ֆինանսական միջոցներ, որոնք ուղղվելու են համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնների կազմակերպման նպատակով նախարարությանը հատկացված 11 տարածքների պայմանների բարելավմանը։ Նշված կենտրոնների միջոցով սոցիալապես անապահով խավերին ծառայություն է մատուցվելու «մեկ պատուհանի» սկզբունքով։

Լրացուցիչ հողամաս է տրամադրվում Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտի կառուցմանը

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Արշակունյաց պողոտայի հ. 28 շինության հարակից տարածքում մոտ 3 հազար 400 քառ. մետր մակերեսով հողամասը նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին` սահմանելով, որ հողամասը կարող է օգտագործվել բարեգործական նպատակով, բացառապես Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ և մշակութային կենտրոն կառուցելու նպատակով։ Այս նախաձեռնությանը հավանություն է տվել Երևանի քաղաքապետին կից ճարտարապետական խորհուրդը։

Կառավարությունն իր որոշմամբ «Զորավար Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ին թույլատրել է մասնակցել «Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության ակադեմիայի» հիմնադրամի հիմնադրմանը։ Պայմանագրի շրջանակում անցկացվում են միջոցառումներ անդամ-պետությունների գիտնականների, քաղաքագետների, փորձագետների, երիտասարդ քաղաքական և հասարակական առաջնորդների ներուժը ՀԱՊԿ-ի համար օգտակար հասարակական կարծիք ձևավորելու գործընթաց ներառելու նպատակով։ Նշված խնդրի իրականացման համար ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահին ուղղված նամակում առաջարկում է ստեղծել ՀԱՊԿ ակադեմիա` նստավայրը Երևան քաղաքում։ Որպես հիմնադիրներ և գլխավոր ֆինանսավորողներ հանդես են գալիս «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը, դրա Երևանի մասնաճյուղը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հանրային դիվանագիտության աջակցման ֆոնդը։ ՀԱՊԿ ակադեմիա ստեղծելու նախագծի վերաբերյալ նախնական քննարկմանը մասնակցել և իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, Հայաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարները։

Նախկին որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու միջոցով գործադիրը հավանություն է տվել Գյումրիում մշակույթի վարժարան հիմնելու նախագծին։ Կրթօջախը կարող է սպասարկել ոչ միայն Շիրակի մարզի, այլև հայաբնակ Ջավախքի շնորհալի պատանիներին և աղջիկներին։

Կառավարության որոշմամբ սահմանվել է, որ «ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստում և հատուկ ուսուցում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին նախատեսվում է իրականացնել 800 հատուկ ծառայողի վերապատրաստման և 2 հազար 325 հատուկ ծառայողի ուսուցման ծառայություն։ Մեկ անձի վերապատրաստման մեկ ակադեմիական ժամվա արժեքը 2013 թ. համար սահմանվել է 1836 դրամ, մեկ հատուկ ծառայողի ուսուցման մեկ ակադեմիական ժամվա արժեքը` 1906 դրամ։

Գործադիրը փոփոխություն և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում և դրանով իսկ կարգավորել վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության արտոնագրման հարաբերությունները։ Մեկ այլ որոշման փոփոխությամբ և լրացումներով ապահովվել է միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման արտոնագրման կարգի համապատասխանությունը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի կիրարկմանը։

Կանխարգելվում են ճանապարհային տնտեսության ոլորտի իրավախախտումները

ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։ Նախագծի նպատակն է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքից բխող` ճանապարհային տնտեսության ոլորտին առնչվող բոլոր ոչ իրավաչափ գործողությունների համար սահմանել համաչափ վարչական պատասխանատվություն։

Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում ակնկալվում է դյուրացնել փոխադրամիջոցների մասով գույքահարկի գանձումը։ Դրա շնորհիվ կապահովվի գույքահարկի ամբողջական գանձումն այն համայնքի բյուջե, որտեղ տվյալ ժամանակահատվածում առաջացել են գույքահարկի գծով չկատարված պարտավորությունները, կբարելավվի օրենքի կիրարկման ընթացակարգը։

Գործադիրը քննության է առել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նրանք առաջարկում են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրել բոլոր երեխաներին` անկախ ծնողների աշխատող լինելու հանգամանքից։ Կառավարությունը, որպես ընդառաջ քայլ, պատրաստակամություն է հայտնել նախագծի հեղինակների հետ քննարկել ուսանող մայրերին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք տրամադրելու հնարավորության հարցը։

Նիստում քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության  և օգտագործման մասին» և «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է նշված հուշարձանները տեղափոխելու կամ դրանք փոփոխելու ժամանակ հասարակական կարծիքը հաշվի առնելու մեխանիզմ, ինչի վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել ՀՀ կառավարությունը։ Գործադիրը նպատակահարմար չի համարել նաև նույն պատգամավորի մեկ այլ օրենսդրական նախաձեռնության` «Տեղական ինքնակառավարման մասին» և «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը. հեղինակի կարծիքով` իր առաջարկությունն ընդունելու դեպքում կսահմանափակվի նույն անձի` համայնքի ղեկավարի պաշտոնում երկու անգամից ավելի անընդմեջ առաջադրվելու հնարավորությունը։

Այլ հարցեր

Կառավարության որոշմամբ Երևանի «Վիտամինների գործարան» ԲԲԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր։

Գործադիրը որոշել է Արտաշես Կիրակոսյանին եռամսյա փորձաշրջանով նշանակել ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031