Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զուրաբյանը ԵԽԽՎ-ում «ֆարս» է որակել Հայաստանի ընտրությունները

Հունվար 24,2013 11:42
levon zurabyan

Իշխող Հանրապետականում հերքում են մեղադրանքները` վստահեցնելով, որ «երկիրը գնում է աննախադեպ օրինական եւ օրինակելի ընտրությունների»։

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր անդամ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Վեհաժողովի ձմեռային նստաշրջանում տարածել է հայտարարություն` Հայաստանի նախագահի փետրվարի 18-ի ընտրությունները որակելով «ֆարս»:

«Ընտրությունների արդյունքը կանխորոշված է. գործող նախագահը կհայտարարվի հաղթող: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ընտրությունները ֆարս են, եւ որտեղ անհնար է ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության», – նշել է Զուրաբյանը` դրա պատճառը համարելով իշխող «ռեժիմի ստեղծած ընտրակեղծիքների ահավոր մեքենան»։

«Ընտրացուցակները ուռճացված են: Այն դեպքում, երբ Հայաստանում ապրող ընտրողների թիվը կազմում է ընդամենը 1.8 միլիոն, ընտրացուցակներում ներառված են ավելի քան 2.5 միլիոն ընտրողներ: Հայաստանում ընտրությունները վերածվել են պետականորեն կազմակերպված բազմակի քվեարկության, ինչպես նաեւ՝ քվեների գնման մի պետականորեն կազմակերպված միջոցառման` իշխող կուսակցության օգտին քվեարկելու հարկադրմամբ: 5-7 հարյուր հազար ձայների կեղծումն ուղիղ այնքան է, որպեսզի ապահովի իշխող կուսակցության հաղթանակը ցանկացած ընտրություններում»,  – ընդգծել է պատգամավորը` հիշեցնելով խորհրդարանական ընտրություններից հետո ընտրացուցակների ճշգրտությունն ապահովելու, ընտրական համակարգը բարեփոխելու` ԵԽԽՎ-ի եւ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) կոչերը եւ եզրակացնելով.  – «Իշխանությունները ոչինչ չեն արել այդ պահանջները բավարարելու հարցում»:

Զուրաբյանը նաեւ հիշատակել է ընտրական օրենսդրության բարելավմանն ուղղված արտահերթ նստաշրջան հրավիրելու` խորհրդարանի ոչ կոալիցիոն ուժերի նախաձեռնությունը, ինչը, սակայն, տապալվեց իշխող մեծամասնության ջանքերով:

«Այժմ ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող գոյատեւել արդար եւ ազատ ընտրությունների արդյունքում», – նշել է նա:

«Ես, այո, համարում եմ, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք մի իրողության հետ, որ արդեն հիմիկվանից ընտրությունները կարելի է համարել տապալված: Որովհետեւ ամբողջ միջազգային հանրությունը տեսնում է, որ Հայաստանում ստեղծված չեն պայմաններ լուրջ մրցակցային ընտրությունների անցկացման համար», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Լեւոն Զուրաբյանը` շարունակելով. – «Նրանք [իշխանությունները] բացարձակապես զրկել են ընտրությունները բովանդակությունից, հասկանալի է, որ ընտրակեղծարարության նման մեքենայի առկայության դեպքում որեւէ քաղաքական ուժ, անգամ եթե ժողովրդի մեծամասնությունը նրա կողմնակիցը լինի, չի կարող հաղթել ընտրություններում»։

Պատգամավորը Ստրասբուրգից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իր մտահոգությունները բարձրաձայնում է նաեւ տարբեր պաշտոնյաների հետ իր հանդիպումներում, բայց չմանրամասնեց, թե ում հետ է հանդիպում:

Իշխող Հանրապետական կուսակցությունը հերքում է հասցեագրվող մեղադրանքները:

Hovhannes-SahakyanԱզգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «բնական» համարեց Կոնգրեսի համակարգողի հայտարարությունները` մանրամասնելով. – «Այն, որ ՀԱԿ-ը անգործության է մատնված, այն, որ ընտրազանգվածը կորցրեց, արդեն իսկ փաստ էր Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ։ Այն հավատն ու վստահությունը, որ ուներ ՀԱԿ-ը որպես տարբեր կուսակցությունների քաղաքական ​​դաշինք, միավոր, եւ դա շատ արագ մսխեցին` դա էլ է փաստ։ Այն, որ այսօր ՀԱԿ-ում կա խորը ճգնաժամ, որի մասին խոսում են դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարները, անդամները` դա էլ է փաստ: Եվ պարզ է, որ ընդդիմադիր թեւ ներկայացնող, որպես ընդդիմադիր պարտավորություններ ունեցող քաղաքական թիմի ներկայացուցիչն իրենց «երեսը պարզ անելու» համար պետք է նման կարծիք հայտներ»:
«Բայց մի բան պարզ է, որ մեր երկիրը, ի դեմս իշխանության, գնում է ազատ, արդար ընտրությունների, գնում է աննախադեպ օրինական եւ օրինակելի ընտրությունների, որոնք պետք է հետագայում լինեն այն նվազագույն նշաձողը, որի հետ հետագա ընտրությունները կազմակերպելիս բոլորը պետք է հաշվի նստեն», – հայտարարեց Սահակյանը։

Նախագահական ընտրություններին ՀԱԿ-ը թեկնածու չի առաջադրել: Կոնգրեսի անդամ կուսակցություններից «Ազատություն» կուսակցության ղեկավար, ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է մասնակցում ընտրություններին:

Իրինա Հովհաննիսյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031