Արդյո՞ք այս ընթացքում հանրապետականը կարող է ինչ-որ բան անել՝ փոխելու իրավիճակը։ Երեկ, երբ սույն հարցը տվեցինք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ առաքելության ներկայացուցիչները շատ վաղաժամ հայտարարություն են արել։ Ընտրական գործընթացը դեռեւս նոր է հունի մեջ մտել։ Մենք հանրության մոտ ակտիվություն, հանրային ուշադրություն եւ մրցակցային ընտրություններ տեսնելու բազմաթիվ հնարավորություններ ունենք։ Ընտրությունների մրցակցայնությունը վիճարկելի թեմա չէ, որովհետեւ արդեն իսկ, հասարակությունը ընտրություն կատարելու առնվազն 8 հնարավորություն ունի եւ ընտրական գործընթացներում դրա մասին խոսելը կարծում եմ, տեղին չէ»։
Արտակ Զաքարյանը երկար բացատրում էր, որ համաձայն չէ դեսպանի ու ԵԽԽՎ-ի այն գնահատականների հետ։ Ըստ նրա, ցանկացած ողջամիտ քաղաքացի չի կարող անտարբեր լինել երկրի համար 1 պաշտոնի համար ընթացող ընտրությունների հանդեպ։ «Այդ գնահատականը, որ ընտրությունները համարում են ոչ մրցակցային, եւ չկա հանրային վստահություն, համարում եմ ոչ օբյեկտիվ եւ շտապողական։ Մեզ համար կարեւորը առաջին հերթին մեր քաղաքացու դիրքորոշումն է։ Իսկ այսօր մենք ունենք 8 թեկնածուներ, որոնք տարբեր քաշային կատեգորիաների են, այդ թվում, նաեւ մրցակից թեկնածուներ ունենք, որոնք ունեն քաղաքական կշիռ եւ մրցակցելու կամք ու հնարավորություն, խոսել առաքելության շտապողական գնահատականների մասին եւ ասել, որ վերջում այդպես էլ կլինի, ես համաձայն չեմ։ Վստահ եմ, որ այդ գնահատականները աստիճանաբար ավելի օբյեկտիվ եւ ավելի ռեալ են դառնալու եւ արտահայտելու են մեր ընտրական իրողությունը»,- ասաց Զաքարյանը։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»