Երբ լսում եմ, թե ինչպես է ինչ-որ մեկն ասում՝ այսինչ թեկնածուն դեռ չի հրապարակել իր ծրագիրը, կհրապարակի՝ կորոշեմ. ընտրել, թե ոչ, ուզում եմ բացականչել՝ սուտ ես ասում: Նախ, այդ ծրագիրը ոչինչ չի տալու քեզ՝ ոչ մի լրացուցիչ ինֆորմացիա, երկրորդ՝ վստահ եմ, որ գրեթե ոչ ոք չի կարդում այդ ծրագրերը, եւ երրորդ՝ այդ ծրագրերը թղթի վրա գրված շաբլոն մտքեր են, որոնք ոչ մի կապ չունեն նախագահ ընտրելու դրդապատճառների հետ: Ի վերջո՝ թղթի վրա բոլորն էլ ազնիվ են, արդարության ու առաջադիմության աննկուն մարտիկներ: Այս օրերին լսում-կարդում ենք Սերժ Սարգսյանի ելույթներն ու խոստումները, որոնք ուղղակի անխոցելի են թվում: Ի՜նչ գեղեցիկ մտքեր, ի՜նչ ազնիվ նպատակներ, ինչքա՜ն անկեղծություն ու ձգտում կա այդ տեքստերի մեջ: Բայց չէ՞ որ այդ մտքերն արտահայտողն արդեն 5 տարի նախագահի եւ մոտ 20 տարի տարբեր պաշտոններ է զբաղեցրել ու ահռելի ժամանակ է ունեցել այդ գաղափարներից գոնե մի քանիսը կյանքի կոչելու համար: Մի բան պարզ է, որ դրանք ընդամենը գեղեցիկ խոսքեր են, հիմնականում ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ նրա ռեֆերենտների կողմից գրված: Այնպես որ պետք չէ ուշադրություն դարձնել մարդու խոսքին, պետք է հետեւել նրա քայլերին: Այս պարագայում, անշուշտ, բարդ է կողմնորոշվել այն անձանց հարցում, ովքեր բարձր պաշտոններ չեն զբաղեցրել՝ այսինքն, դրսեւորվելու հնարավորություն չեն ունեցել: Բայց այդ դեպքում էլ պետք է նայել կուսակցական, կենցաղային, մարդկային շփումներում նրա դրսեւորած վարքուբարքին: Եթե մարդը, ապրելով իքս թվով տարիներ, չի կարողացել ինչ-որ բան կայացնել, ինչ-որ բան ստեղծել, հարգանք ու սեր վայելել իր շրջապատում, դավաճանել է, փախել պատասխանատվությունից, ուրեմն նրան ոչ թե երկիր, այլ մի փոքրիկ հիմնարկ անգամ չի կարելի վստահել:
Արմինե Օհանյան
«Հրապարակ»