Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը՝ Էրեբունի համայնքում
«Վատ ենք, Րաֆֆի ջան, ես իմ երեխեքով, բոլորով պիտի քվեարկեմ քեզ: Բայց էս ղարաբաղցիներից՝ էս Սերժից ու Քոչարյանից ազատվենք: 27-ի դեպքը ո՞վ սարքեց: Քոչարյանը սարքեց: 27-ի դեպքը ե՞րբ պիտի բացվի»,- Այսօր Էրեբունի համայնքում Րաֆֆի Հովհաննիսյանին այսպես դիմեց մի պապիկ:
Պապիկը բողոքեց, որ «75 թվին փող եմ գցել բանկը, մինչեւ հիմա ավանդը չեն տալիս: Ես 82 տարեկան մարդ եմ, ինչի՞ չեն տալիս»:
Պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Իմ ծրագրի մեջ կա, հայրիկ: Ավադները ոչ միայն ավանդատիրոջ, ավանդատիրոջ ժառանգորդին պիտի վերադարձվի արդեն: Դա պետության պարտքն է՝ իր քաղաքացիների առջեւ: Երկրորդ՝ ես ընդդիմադիր եղել եմ Հայաստանի նախագահներին, իրենք ունեցել են ծառայություն եւ սխալներ: Մեր ազգը, մեր պետությունը մեկն է, բայց մենք հրամայաբար պետք է դուրս գանք եւ պետք է ունենանք նոր նախագահ, որը չի հարստանալու, չի իշխելու, հայ ժողովրդին վերադարձնելու է իր հասանելիք թե՛ արժանապատվությունը, թե՛ փողը, թե՛ իշխանությունը»:
Կարդացեք նաև
«Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ էլ մի կին՝ Թամարան բողոքեց իր թոշակներից. «Ես 61 տարեկան եմ, ես ո՞նց եմ ապրելու: Թոշակի տարիքը 63 են սարքել: Իմ տղեն պատերազմի վիրավոր է: 3 անչափահաս երեխեքով մի սենյակի մեջ լռված ենք»:
Րաֆֆի Հովհաննիսյանը տիկին Թամարային բացատրեց. «Ես մենակս օրենք չեմ կարող փոխել: Ոչ էլ նախագահը պետք է ինքը օրենք փոխի: Բայց օրենքը պետք է այնպես լինի, որ թոշակը, աշխատավարձը հասանելի լինի բոլորին: Կարելի է բարձրացնել կենսաթոշակը, բայց դա պետք է օրենքի միջոցով լինի: Միայն թե դուք պետք է որոշեք՝ ով է լինելու ձեր նախագահը, որ դուք իրենից պահանջեք: Ես չեմ զոռում ձեզ: Դուք որոշեք՝ ինչ եք ուզում»:
Տիկին Թամարայի պնդմանը, որ «ես մինչեւ 64 տարեկան կարա՞մ ապրեմ»՝ պարոն Հովհաննիսյանը հակադարձեց՝ «Դուք երկար պիտի ապրեք, որովհետեւ կյանքով պիտի հաղթենք: Ես համաձայն եմ, որ պիտի այդ օրենքը փոխվի: Ինձ ընտրեք, հետո որ ինձ տեսնեք, այսպես բռնեք ու ասեք՝ բա դու խոսք տվեցիր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ