ՄԻԵԴ-ը Ջհանգիրյան եղբայրների գործով հարցապնդումներ է արել
«Իմ փաստաբանները շատ ամբողջական ներկայացրել են, ես ավելացնելու ոչինչ չունեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նախկին զինդատախազ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարնը սկսել է Գագիկ Ջհանգիրյանի եւ նրա եղբոր` Վարդան Ջհանգիրյանի դիմումների քննությունը:
2008 թվականի նախագահական ընտրություններին հետեւած փետրվարյան շուրջօրյա հանրահավաքներում, փետրվարի 22-ին, Ազատության հրապարակում ունեցած ելույթում Գագիկ Ջհանգիրյանը անդրադարձել էր 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված կեղծիքներին, բռնություններին, խոսել է հոկտեմբերի 27-ի գործի մասին` նշելով, որ կազմակերպիչներին հայտնաբերելու նպատակով բուն գործից անջատված մասով քրեական գործի վարույթը ապօրինի կարճվեց: Դիմելով Ազատության հրապարակում հավաքվածներին, Ջհանգիրյանն ասել էր, որ եթե ժողովուրդը «օգնի ընտրված նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա գործն ամբողջությամբ կբացահայտվի»: Հենց հաջորդ օրը, փետրվարի 23-ին, Գագիկ Ջհանգիրյանն ու նրա եղբայրը բերման ենթարկվեցին Արգավանդի խաչմերուկից` աապօրինի զենք կրելու համար: Այնուհետեւ, Ջհանգիրյան եղբայրները կալանավորվեցին եւ դատապարտվեցին ոստիկանի նկատմամաբ բռնություն գործադրելու համար:
Անդրադառնալով Եվրոպական դատարան ներկայացված դիմումին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում , Ջհանգիրյանների փաստաբանԼուսինե Սահակյանը տեղեկացրել է, որ ԵԴ ներկայացրած իրենց դիմումը հիմնավորել են նրանով, որ Գագիկ Ջհանգիրյանի դեմ իրականացված քրեական հետապնդումը եւ հետագայում դատապարտումը պայմանավորված էր Ազատության հրապարակում նրա ելույթով, եւ որ նա միանշանակ ենթարկվել է քաղաքական հետապնդման իր հայացքների համար: Եվրոպական դատարանը անցած ամիս արդեն իսկ սկսել է քննել այս գործով դիմումները եւ Հայաստանի կառավարությանը բազմաթիվ հարցադրումներ է արել: Սահակյանը ուշագրավ է համարել այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանը որոշակի կապ է տեսնում Ջհանգիրյանի` Ազատության հրապարակում ելույթի եւ նրան քրեական հետապնդման միջեւ: Մասնավորապես, դատարանը Հայաստանի կառավարությանը հետեւյալ հարցադրումներն է արել` արդյոք դիմողը իր քաղաքական հայացքների հիմքով խտրական վերաբերմունքի զոհ չի հանդիսացե՞լ, արդյոք քրեական հետապնդումը եւ հետագայում նրա դատապարտումը չեն հանգեցրե՞լ նրա ազատ արտահայտվելու իրավունքի եւ խաղաղ հավաքների իրավունքի միջամտությանը:
ՄԻԵԴ-ը հարցադրումներ է արել նաեւ Ջհանգիրյանին ազատությունից զրկելու օրինականության հետ կապված, հայաստանյան դատարանի կողմից արդար դատաքննության եւ անկողմնակալության վերաբերյալ: Մասնավորապես, ԵԴ-ին հետաքրքրել է արդյոք դատաքննությունը նախագահող Կենտրոն եւ Նորք Մարաշ շրջանների դատավորի անկողմնակալության մասին լեգիտիմ կասկած չի հարցում այն հանգամանքը, որ հենց այդ դատավորի որդին հանդիսացել է Գագիկ Ջհանգիրյանի դեմ քրեական գործի նախաքննություն իրականացրած քննչական խմբի անդամ:
Կարդացեք նաև
ԵԴ-ն ՀՀ կառավարությանը հարցադրումներ է արել նաեւ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի գործով: Կառավարությունը բոլոր այդ հարցերին պետք է պատասխանի մինչեւ ապրիլի 9-ը: