Րաֆֆի Հովհաննիսյանի յուրօրինակ քարոզարշավը՝ Մալաթիայում
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը շարունակեց Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Անդրանիկի արձանի մոտից: Հենց այնտեղ մի երիտասարդ աղջիկ, որը հեռախոսով խոսում էր մոր՝ Գայանեի հետ, հայտնվեց ֆիլմերին հատուկ արկածային իրավիճակում, երբ ընդամենը փորձեց մորը հեռախոսով պատմել, թե՝ «Մաաա՜մ, չես պատկերացնի ով է այստեղ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը»: Պարոն Հովհաննիսյանը անմիջապես վերցրեց աղջկա ձեռքից հեռախոսը ու սկսեց խոսել. «Բարեւ ձեզ, տիկի՛ն Գայանե: Ձեզ հետ Րաֆֆի Հովհաննիսյանն է խոսում: Ինչպե՞ս եք, տրամադրությունը լա՞վ է: Փետրվարի 18-ին տանը չնստեք, գնացեք ընտրության: Պարտադիր չէ, որ ինձ ընտրեք, բայց պետք է մասնակցել»,- ասաց նա:
Մալաթիայում շատերն ուզում էին լուսանկարվել պարոն Հովհաննիսյանի հետ, հատկապես կանայք արտահայտում էին իրենց համակրանքը, վստահեցնում, որ նրան են ընտրելու:
Վահան Զատիկյանի այգում տեղադրված տաղավարում մի խումբ բնակիչներ Րաֆֆի Հովհաննիսյանին ընդունեցին մեծ խանդավառությամբ՝ նրան կանչելով՝ «Այ Րաֆֆի, ձյաձ, քու հետ ենք, ձյաձ ջան»: Րաֆֆի Հովհաննիսյանը նրան մաղթեց՝ «Հաջողություն, լավ ընտրություն լինի, լավ ապագա»:
Կարդացեք նաև
Կանգառներից, ծաղկի ու գեղեցկության սրահներից հետո պարոն Հովհաննիսյանն այցելեց Մալաթիայի հանրահայտ մթերքի շուկան: Կարտոֆիլ, ծիծակ, պանիր, խնձոր ու կանաչի վաճառողների հետ նախագահի թեկնածուն ձեռք սեղմեց, հարցրեց ողջությունը, լսեց խնդիրները: Կաղամբ ծախող մարտունեցիները հրավիրեցին մի թաս խմելու: Րաֆֆի Հովհաննիսյանը չհրաժարվեց, որովհետեւ դրսում ցուրտ էր, ինքը՝ միայն կոստյումով: Ուշագրավ էր հատկապես կարտոֆիլ վաճառողների հետ նրա զրույցը: «Պինդ մնացեք»,- Րաֆֆի Հովհաննիսյանի հորդորին նրանցից մեկը պատասխանեց. «Մենք ձիգ ենք, դու ձիգ մաց, օխպե՜րս»:
Շուկայում նախագահի թեկնածուին նաեւ բողոքում էին այս իշխանություններից. «Էս ի՞նչ երկիր ա, էս ի՞նչ օրենք ա, 700 հազար պարտք ունեմ, հողեմ էս օրենքի գլխին: Ես ինչի՞ տեր եմ, որ 700 հազար պարտք տամ: Պետություն չկա: Մեռներ էս պետությունը»: Ոմանք խնդրում էին մի բանից հյուրասիրվել. «Ինչո՞վ պետք գանք քեզ, մեր բարիքներից, ես քո ցավը տանեմ»: Րաֆֆի Հովհաննիսյանը օգտվեց միայն պանրից համտեսելով՝ հրաժարվեց խաղողից, արքայախնձորից, բաստուրմայից ու սուրճից, որը նրան հյուրասիրում էին շուկայում:
Ընդհանուր առմամբ շուկայում քարոզարշավը շատ լավ ընդունվեց վաճառականների կողմից: Նրանք հիացած էին, որ նախագահի թեկնածուն առանց թիկնապահների է շրջում ու հանդիպում է իսկապես ժողովրդի հետ, ոչ թե դահլիճներում՝ իր ընտրած մարդկանց հետ:
Պարոն Հովհաննիսյանը այցելեց նաեւ Մալաթիայի ոսկու շուկա, մտավ Հայփոստի ստորաբաժանմունք, «Յունիբանկի» մասնաճյուղը, անգամ «ներխուժեց» Սամվել Ալեքսանյանի տարածք՝ «Երեւան սիթի»: «Շատ գեղեցիկ է»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը՝ Սիթիի երկրորդ հարկն այցելելուց հետո:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ