Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Սյունիքի քաղաքները պետք է ապրեն իրապես քաղաքային կյանքով»

Հունվար 23,2013 22:59

ՀՀ նախագահը Սյունիքի մարզում  նախընտրական այցը եզրափակեց Կապան քաղաքում

«Սիրելի կապանցիներ գրեթե մի ամիս հետո մեր իրականության մեջ տեղի են ունենալու իրադարձություններ, որոնք կարող են կտրուկ փոխել Հայաստանի զարգացման հետագա ընթացքը: Խոսքս լավ, ազատ, արդար ընտրությունների կազմակերպման մասին է: Այնպես է ստացվել, որ մենք հիմա ունենք աննախադեպ հնարավորություն այդպիսի ընտրություններ կազմակերպելու: Ճիշտ է, որոշ մարդիկ եւ ոչ միայն մեր երկրի ներսում, փորձում են մեզ մեղադրել, որ ուժեղ մրցակիցներ չկան, կարծես թե իշխանությունների գործն այն է, որ իր համար մրցակիցներ ստեղծի ու հետո հերոսաբար հաղթահարի այդ խոչընդոտը: Իհարկե դա մեր խնդիրը չէ, մեր խնդիրը մրցակցային դաշտ ստեղծելն է, մեր խնդիրն է հնարավորություն տալ  յուրաքանչյուրին, ով ցանկանում է առաջադրվել եւ պայքարել, որպեսզի այդ հնարավորություններից լիարժեք կարողանա օգտվել», -այսօր կապանցիների հետ կայացած նախընտրական հանդիպման ժամանակ ասել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Շարունակելով ընտրությունների թեման` նախագահը շեշտել է, որ թեեւ  շատերը դեմ են պատահական մարդկանց առաջադրմանը, որոնք փորձում են ճանաչելի դառնալ ողջ հանրապետությունում, սակայն գտնում է, որ ճիշտ ճանապարհը դա է եւ որեւէ մեկին իրավունք չունեն մեղադրելու` առաջադրման կամ չառաջադրման համար: «Ես վստահ եմ, որ դուք ամեն ինչ անելու եք, լավ ընտրություններ անցկացնելը միայն ու միայն ձեզանից է կախված: Եթե մենք չկարողանանք լավ ընտրություններ անցկացնենք եւ եթե պիտի մեզ մեղադրեն չարաշահումենրի մեջ` նշանակում է մենք արժանի չենք, որպեսզի առաջնորդենք մեր ժողովրդին: Շատ-շատ շնորհակալ եմ ու հուսով եմ, որ ընտրություներից հետո մենք այլ թեմա ենք ունենալու. մենք շնորհակալություն ենք հայտնելու բոլոր նրանց, ովքեր եկել են ընտրությունների, ովքեր ակտիվ  են եղել…»,-ավելացրեց պարոն Սարգսյանը:

Կապանցիների հետ կայացած հանդիպման ժամանակ նախագահը խոսեց տարբեր ոլորտներից, կատարված աշխատանքների, սպասվող ձեռքբերումների, բարեփոխումների մասին, անդրադարձավ նաեւ արդյունաբերության ոլորտին:

«Մենք մտնում ենք արդյունաբերական քաղաքականության ակտիվ իրագործման փուլ, որի արդյունքները հատկապես զգալի են լինելու Սյունիքում: Սյունիքի քաղաքները պետք է ապրեն իրապես քաղաքային կյանքով, այսիքն` վերականգնվեն որպես մշակութային, կրթական ու առողջապահական կենտրոններ: Մենք այդ ուղղությամբ գործել եւ գործելու ենք», -ասաց նախընտրական այցով Կապանում գտնվող նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Հանդիպումից հետո Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում հավաքված քաղաքացիենրից ոմանց հաջողվեց հանդիպել նախագահին, դիմում-նամակներ փոխանցել եւ իրենց հուզող խնդիրներն անձամբ ներկայացնել, իսկ ոմանք այդպես էլ չկարողանալով ճեղքել անվտանգության աշխատակիցների ամուր «պատը»` տուն վերադարձան նախագահին չհանձնած նամակներով: Սյունիքյան նախընտրական հանդիպումները Սերժ Սարգսյանը եզրափակեց Կապանում:

Նախքան կապանյան հանդիպման մեկնարկը` զրուցել էինք հրապարակում հավաքված կապանցիներից մի քանիսի հետ: 71-ամյա  Սերժիկ պապը  երկրի նախագահի կատարած աշխատանքը դրական  գնահատեց եւ նշեց, որ առաջադրված 8 թեկնածուներից նրան է ձայն տալու, իսկ առաջիկա 5 տարիների հետ կապված մի քանի ցանկություն ունի` խաղաղություն  երկրին եւ թոշակների բարձրացում, ինչպես նաեւ Կապանում թոշակառուների համար հավաքվելու, ժամանցն անցկացնելու մի հարմար կառույցի ստեղծում, քանի որ այսօր կապանցի թոշակառուները որեւէ տեղ չունեն քաղաքում: Հանդիպման մասնակիցներից մեկն էլ ցանկացավ, որ գոնե առաջիկա տարիներին երկրի վիճակը մի փոքր բարելավեն իշխանությունները` աշխատավարձերը բարձարցնեն եւ նոր աշխատատեղեր ստեղծեն, մյուսները նախընտրեցին զերծ մնալ երկրի ներկայիս վիճակի  եւ անցած 5 տարիների վերաբերյալ կարծիք հայտնելուց:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031