Ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցում Դավոսի ֆորումին
Դավոսի հերթական միջազգային համաժողովին Հայաստանի չմասնակցությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը շատ բացասական է որակում: Ներկայումս պարոն Իգիթյանը միջազգային տարբեր փորձագիտական շրջանակներում մասնակցում է տնտեսական ուսումնասիրությունների եւ վերլուծությունների: Նրա դիտարկումներով` Դավոսի համաժողովը ուղղվածություն եւ միտք է տալիս այլ ֆորումների համար, նաեւ լավ առիթ է կապեր հաստատելու:
«Դավոսում հիմա հավաքված են 100 երկրներից պատվիրակություններ, որոնց կեսը ղեկավարում են նախագահները կամ վարչապետները: Այնտեղ են նաեւ մեր հարեւան երկրների ներկայացուցիչները` Վրաստանի նորընտիր վարչապետը, ՌԴ-ի վարչապետը, Ուկրաինայի նախագահը եւ այլն: Բայց Հայաստանը որեւէ ձեւով չի մասնակցում: Ավելին, կարծեմ, ֆինանսների նախարարը հայտարարեց, որ Դավոսի համաժողովը մեզ չի հետաքրքրում»,-ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ սա հաստատումն է այս իշխանության որդեգրած այն գծի, որ Հայաստանը ոչ միայն միջազգային ընտանիքի անդամ չէ, այլ նաեւ չի ցանկանում աշխարհի տնտեսության մաս կազմել, այլ մեկուսակցված, կոռումպացված, օլիգարխիկ իր մոդելի մեջ է: «Ցավալի է, արդեն որերորդ տարին Հայաստանը չի մասնակցում այդ համաժողովին կամ եթե մասնակցել է ամենացածր մակարդակով»,-ընդգծում է Հովհաննես Իգիթյանը:
Ի դեպ, անցած տարի դավոսյան համաժողովի քննարկման թեման եղել է ճգնաժամային իրավիճակից դուրս գալու մոդելների ստեղծումը, այդ առումով որոշ երկրների հաջողության փորձի ներկայացումը: Իսկ այս տարի քննարկվում է հետճգնաժամային փուլերում երկրների տնտեսությունների ճկուն, կայուն, դինամիկ զարգացման հեռանկարները, ալտերնատիվ ռեսուրսների փնտրումը: Մեր զրուցակիցը նկատում է, որ Հայաստանն էլ իր զարգացումը կապում է բնական ռեսուրսների հետ, ուստի գտնում է, որ այդ իմաստով էլ կարեւոր կլիներ ներկա գտնվել այդ քննարկումներին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ