Ծրագրի շնորհիվ ուսանողները վերլուծություններ կտպագրեն միջազգային ամսագրերում
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) գործարար կառավարման եւ տնտեսագիտության ֆակուլտետը մեկնարկում է նոր` տնտեսագիտության մագիստրոսի կոչում շնորհող 15 ամիս տեւողությամբ ծրագիր: Այս մասին այսօր` Ամերիկյան համալսարանում լրագրողներին հայտնեց համալսարանի փոխնախագահ Գեւորգ Գոյունյանը: Նա նշեց, որ ծրագիրն իրականանում է ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ. «Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ մասնակիցները հնարավորություն կունենան օգտվել ԿԲ-ում 20 տարվա ընթացքում տնտեսության իրական հատվածի վերաբերյալ կուտակված տվյալների շտեմարաններից, կատարել ուսումնասիրություններ, կազմել վերլուծություններ եւ ներկայացնել դրանք համաշխարհային համբավ ունեցող տնտեսագիտական ամսագրերում տպագրման: Անգլերեն անցկացվելիք դասընթացներում, որոնց որոշ մասը տեղի կունենա ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, ներգրավված կլինեն միջազգային համբավ ունեցող լավագույն դասախոսներ, ովքեր օժանդակելու են մասնակիցների հետազոտական աշխատանքների իրականացմանը»:
Գոյունյանի խոսքով. «Մրցակցային ընդունելության արդյունքում կընտրվեն լավագույն դիմորդները, ովքեր կհաղթահարեն պահանջվող տվյալների նվազագույն շեմը»:
Ինչ վերաբերում է ուսման վարձին, 15 ամսվա տևողությամբ ծրագրի համար այն կազմում է 1.800.000 ՀՀ դրամ: «Համալսարանն առաջարկում է ֆինանսական օժանդակության ծրագրեր (կարիքի վրա հիմնված), որոնց համաձայն` ուսանողները կարող են ստանալ դրամաշնորհ, որը կկազմի ուսման վարձի մինչեւ 90 տոկոսը, ուսման վարձի աստիճանաբար վճարման համակարգ եւ կրթաթոշակներ»,-ասաց ՀԱՀ փոխնախագահը:
Կարդացեք նաև
Նա նաեւ տեղեկացրեց, որ փետրվարի 6-ին ՀԱՀ-ում կհայտարարվի բաց դռների օր, եւ ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները:
Ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 22-ն է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ