Նախագահի հետ հանդիպման համար աշխատավորները աշխատանքից շուտ են դուրս եկել
Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Կապանում կայանալիք հանդիպման ժամին Կապանում գործող շատ հիմնարկներ գրեթե դատարկ էին, աշխատակիցների հիմնական զանգվածը աշխատավայրերից դուրս էր եկել` Կապանի կենտրոնական հրապարակում կայանալիք ՀՀ նախագահի նախընտրական հանդիպմանը մասնակցելու համար: Բացառություն չէին նաեւ մանկապարտեզների աշխատողները, ովքեր նախակրթարանի երեխաների ծնողներին նախապես զանգահարել են, ինչպես նաեւ մեկ օր առաջ զգուշացրել են, որ նախագահի այցի օրը երեխաներին մանկապարտեզներից շուտ տուն տանեն, քանի որ իրենք պետք է մասնակցեն այդ հանդիպմանը: Իսկ այդ հանդիպմանը աշխատողների մասնակցութան ապահովման հարցը նախապես կազմակերպել էին պատկան մարմինները:
Կապանում նախքան նախագահի այցը հայ էստրադայի ճանաչված աստղերի մասնակցությամբ համերգ էր կազմակերպվել, որը պարբերաբար տեխնիկական խոտաններով էր ընթանում: Քաջարանում նախագահի նախընտրական հանդիպմանը մասնակցած քաղաքացիներից ոմանք իրենց դժգոհությունը հայտնեցին դահլիճ մտնելուց առաջ «անցակետով» անցնելիս նրանց հետ կիրառվող խստության վրա, ինչը վիրավորական համարեցին:
Կապանում հանդիպումը կայացավ մարդաշատ հրապարակում, որտեղ ներկա էին ինչպես երիտասարդներ, այնպես էլ երեխաներ եւ մեծահասակներ, իսկ հրապարակ բերված ցուցանակների եւ ցուցապաստառների վրա գրված էր հետեւյալ կարգախոսները` «Սյունիքը նախագահի կողքին է», «Սյունիքը վստահում է Ձեզ» եւ այլն: Մեզ հասած տեղեկության համաձայն` նույնիսկ Գորսիսից էին ավտոբուսներով ուսանողներ բերել Կապան, որը դեռեւս չի հաջողվել պաշտոնական աղբյուրներից ճշտել:
Կարդացեք նաև
ՀՀ նախագահը կապանցիներին ուղղված ելույթի բացմանը նշեց, որ Արցախյան գոյամարտին անմիջական մասնակցություն ունեցած եւ այդ տարիների սարսափները զգացած, ռմակոծություններ տեսած կապանցիները կարիք չունեն բացատրության, թե ինչ է նշանակում ապահով Հայաստան եւ, որ սյունեցիների համար ապահով Հայաստան առաջին հերթին նշանակում է խաղաղություն:
«Այսօր կրկին ձեզ մոտ եմ, հաշվետվություն տալու արածի համար եւ ներկայացնելու այն անելիքները, որոնց շնորհիվ մեր երկիրը դառնալու է ավելի ապահով եւ ավելի մրցունակ: Մենք որպես իշխանություն` պարտք ունենք ՀՀ բոլոր քաղաքացիների առաջ, որոնք արժանի են անհամեմատ ավելի բարեկեցիկ կյանքի: Մասնավորապես` մենք պարտքեր ունենք սյունեցիների առաջ, որոնք պետք է մարվեն: Մենք ունենք անավարտ ծրագրեր, որոնք էականորեն եւ դրական առումով փոփոխելու են Սյունիքի սոցիալ-տնտեսական նկարագիրը, այդ ծրագրերի մի մասն արդեն ընթացքի մեջ է: Եկել եմ ձեր աջակցությունը ստանալու` այդ գործերը հաջող ավարտին հասցնելու համար: Շնորհակալ եմ, որ դուք այսօր այստեղ եք, եկել եք ինձ աջակցելու, սատարելու, շնորհակալ եմ գոնե, որ եկել եք ինձ տեսնելու», – ասաց երկրի նախագահը:
Նախագահի այցի մանրամասները կներկայացնենք առաջիկայում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ПОЗОР!!!!!!!!!!!!!
Նայեք մարդկանց դեմքներին, որոնք դիմավորում են գործող նախագահին՝ կամ
ամոթից գլուխներն են խոնարհած, կամ էլ՝ աչքերում խոր թախիծ: