Բրոկերներն ու նրանց ղեկավարները վաղը ՀՀ նախագահի նստավայր են գնալու եւ իրենց պահանջները ներկայացնելու «Արտոնագրային վճարների մասին» օրենքի վերաբերյալ
Այսօր «Թեքեյան» կենտրոնում անշարժ գույքի գործակալության ղեկավարներ ու աշխատակիցներ, մոտ 200 հոգի, քննարկել են «Արտոնագրային վճարի մասին» օրենքի փոփոխությունները եւ միասնական որոշում կայացրել` պայքարելու են այնքան, մինչեւ կառավարությունն ընդառաջի իրենց պահանջներին: Aravot.am-ի հետ զրույցում ասաց «ԱՐ-ԳՈ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Արայիկ Գոջաբաշյանը:
Նրա փոխանցմամբ, վաղը ժամը 12.00-ին ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ հավաքվելու են Բաղրամյան 26 հասցեում` ՀՀ նախագահի նստավայրի մոտ եւ նախագահին են փոխանցելու իրենց դիմում-նամակը, որտեղ հստակ նշված են օրենքի վերաբերյալ իրեն առաջարկությունները: Պարոն Գոջաբաշյանի խոսքերով` օրենքի փոփոխությամբ արդեն հունվարի 1-ից անշարժ գույքի գործակալության ղեկավարները պարտավոր են բոլոր աշխատակիցների համար վճարել ամսական 60 հազար դրամ, ինչը կործանարար է այս ոլորտի ընկերությունների համար: Ուստի ոլորտի ներկյացուցիչները պահանջում են գոնե միայն ռիելթորների` բրոքերների համար վճարում կատարել, այն էլ, ոչ թե 60 հազար դրամ, այլ` 15 հազար, կամ էլ` նախկին վճարումներին անցնեն` շրջանառությունից որոշակի վճարումներ:
«ԱՐ-ԳՈ» անշարժ գույքի գործակալությունն ունի 10 աշխատող, եւ ինչպես նշեց, ընկերության ղեկավարը, եթե նախկի օրենքով ամսական 200 հազար դրամ էր բոլոր հարկային եւ սոցվճարները, ապա նոր օրենքով պիտի վճարի 800 հազար դրամ, այն էլ 2 անգամ` ներառյալ փետրվար ամսվանը:
Կարդացեք նաև
Պարոն Գոջաբաշյանի վստահեցմամբ` օրենքի փոփոխության արդյունքում բազմաթիվ ընկերություններ ուղղակի կփակվեն, ղեկավարները ստիպված կլինեն աշխատակիցներին կրճատել, բացի այս, նաեւ կսկսեն ստվերում աշխատել, ուղղակի չեն գրանցի աշխատակիցներին. «Ու փաստորեն տնօրենները քավոր, բարեկամ պիտի մեջ գցեն, որ իրենց մոտ ստուգումներ չկատարվեն, կամ էլ խախտումները չարձանագրեն: Ես չեմ հասկանում, ոնց են հաշվարկել, ինչ են մտածել, որ նման փոփոխություն են ընդունել:Եթե մտածել են` բյուջեն կլցնենք, ապա սխալվել են: Հակառակը կլինի, պետությունը ընկերություններին դրդում է դեպի ստվեր, իսկ եթե ստվերում աշխատեն, ապա իերնց կանխատեսած գումարները բյուջե չեն մտնի: Պետությունը մեզ գոտկատեղից ներքեւ հարվածեց այս օրենքով»:
Գործակալության ղեկավարը նաեւ նշեց, որ ոլորտի ներկայացուցիչների հետ օրենքում փոփոխություներ նախաձեռնողները ոչինչ չեն քննարկել, ու շատ խնդիրներ հաշվի չեն առել. «Ես ինչո՞ւ պիտի վճարեմ վարորդի, օպերատորի կամ պահակի համար այդ 60 հազար դրամը: Ռիելթորը գոնե ընկերության համար եկամուտ է ապահովում, եթե նրա համար վճարվի, էլի հասկանալի է»:
Aravot.am-ի այն հարցին, եթե իրենց չընդառաջի կառավարությունը, այդ ծախսերը փակելու համար, ծառայությունների գները կբարձրացե՞ն, պարոն Գոջաբաշյանն ասաց, որ դա ուղղակի ձեռնտու չէ, քանի որ մարդիկ արդեն կհրաժարվեն գործակալությունների ծառայություններից եւ գույքի առքն ու վաճառքն ինքնուրույն կկատարեն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ