Ինքնաբացարկ հայտնող թեկնածուն ընտրագրավից կզրկվի
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ընտրագրավը ետ ստանալու նորմը ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների է ենթարկվել: Եթե նախկինում թեկնածուն կարող էր ընտրագրավը ետ ստանալ քարոզարշավի մեկնարկից հետո օրենքով սահմանված ժամանակահատվածում, ապա այսօր դա հնարավոր է գրանցումից առաջ: Եթե մինչեւ թեկնածուի` գրանցման դիմումը քննարկելու ժամկետը թեկնածուն դիմում է ներկայացնում` ինքնաբացարկի վերաբերյալ, ետ է ստանում իր 8 միլիոն դրամը, ինքնաբացարկի մնացյալ դեպքերում, ընտրագրավը ետ չի վերադարձվում:
Ինքնաբացարկի մասին երեկ խոսեցին ՀՀ նախագահի թեկնածուներ Արման Մելիքյանն ու Արամ Հարությունյանը: Արման Մելիքյանը դեռ հստակ որոշում չունի, մինչդեռ Արամ Հարությունյանը հաստատ է որոշել եւ փետրվարի 8-ին ինքնաբացարկ է հայտնելու: Գործող օրենսդրության պարագայում, նման որոշումն առնվազն անտրամաբանական է դառնում: Ինչո՞ւ էր պետք «քամուն տալ» 8 միլիոն դրամը, մանավանդ, որ Արամ Հարությունյանն ասում է, թե այն պարտքով էր վերցրել իր ընկերներից:
Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում Արամ Հարությունյանը հայտարարեց, որ ընտրողների 46 տոկոսը չի մասնակցում ընտրություններին, հետեւաբար, նման ընտրությունները լեգիտիմ լինել չեն կարող. «Ճիշտ եք ասում, ես կարող էի չառաջադրվել ու այդ մասին խոսել: Բայց հինգ տարի էդ մասին խոսել եմ, բայց…հազար ներողություն, ոչ լուսաբանվել է, ոչ էլ: Չհաշված, շատ կարեւոր էր, որ դա ասվեր քարոզարշավի ընթացքում, քան մեկ ասուլիսով: Մանավանդ, որ ընդդիմադիր ուժերը լռում են, եւ ոչ մեկը մի հոդաբաշխ նախադասություն չի ասում, թե ինչո՞ւ չի մասնակցում ընտրություններին: Ես փաստն եմ արձանագրում»: Ըստ այդմ, ինչպես արդեն հայտարարել է թեկնածուն, իր համոզմամբ, ովքեր շարունակեցին ընտրապայքարը` լեգիտիմացնում են ընտրությունները. «Րաֆֆին ասում ա` կշնորհավորեմ, եթե արդար ընտրություններ լինեն: Արդարը ո՞րն ա, եթե առաջադրման ժամանակ արդեն ճնշումներ են եղել: Ամբողջ մի գործընթաց գնաց… Իմ առաքելությունը շատ կարեւոր առաքլություն ա` ես ֆիքսում եմ իրավիճակը, իշխանության պլանները, որ իրենք ուզում են անեն: Վաղը որ Րաֆֆիին սարքեն 25 տոկոս, ասենք, ինքը կասի` տղերք, գիտեք ինչ կա, ես չգիտեմ դուք ինչքան էիք հավաքել, բայց էդ թվերն արդեն իմն են: Նոր ընդդիմություն են նշանակում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ