«Հայաստանում մի քանի հազար մարդ նվեր է ստացել, հետո ի՞նչ: Այսօրվա քաղաքական իրավիճակի, ծրագրերի հետ կապ չունեցող մի բան է: Ինչ-որ մեկը նախանձում է, որ ես նվեր եմ ստացել: Դա քննարկելու նյութ չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց նախագահի թեկնածու ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի համախոհի պնդումներին:
Հիշեցնենք, որ համախոհը կարծիք էր հայտնել, թե Հայրիկյանին իշխանությունները նվերով իրենց կողմն են քաշել. «Մեր վարչապետ Տիգրան Սարգսյանը մի հատ զենք նվիրեց Պարույր Հայրիկյանին: Էդ զենքն ինչի՞ համար էր նվիրում, որպես ի՞նչ: Իրան զենք չունի՞: Տո նա թնդանոթ ունի: Պարույրին ձգեց իրանց կողմը, եւ Պարույրը լրիվ պտտվեց, կառավարության կողմը գնաց»:
Խոսքը 2009-ին ԱԻՄ առաջնորդի 60-ամյակի նվերի մասին է: Տիգրան Սարգսյանը նրան Հայաստանի երրորդ հանրապետության կայացման գործում ներդրած մեծ ավանդի եւ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ պարգեւատրել է անվանական զենքով:
Իր անունը իշխանության հետ կապողներին էլ պարոն Հայրիկյանը հիշեցրեց. «Քաղաքական կյանքում իմ անունը լսել են 60-ականներից, Սերժ Սարգսյանի անունը լսել են 1990-ականների սկզբներից: Սա էլ պատասխանը: Վե՛րջ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ