Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հայտարարեց, որ վերջերս Կենդանաբանական այգու մասին շրջանառվող լուրերը «սեւ PR» են` ուղղված իր անձին: Ըստ Ռուբեն Խաչատրյանի` այդ ամենն արվում է, որպեսզի աժիոտաժ ստեղծվի Կենդանաբանական այգու շուրջ:
« Այգում առյուծի անկում իսկապես, եղել է, բայց դա սխալ ինֆորմացիա է, որը ներկայացվել է ուռճացված ձեւով: Եթե որեւէ մի մասնագետի հարցնեք, նա ձեզ կասի, որ գիշատիչ կենդանիները իրար չեն հոշոտում սովի պատճառով: Դա ուղղակի տգիտություն է»,- ասաց այգու տնօրենը` ընգծելով, որ դեպքը տեղի է ունեցել հին ճաղավանդակի պատճառով, որտեղ այդ պահին գտնվել է առյուծը:
«Վանդակաճաղն է ջարդվել, եւ մյուս երկու առյուծները բզկտել են այդ մեկին: Տարածքի կռիվ ա եղել»,-նշեց Կենդանաբանական այգու տնօրենը` նկատելով, որ այգու վանդակների 90%-ը գտնվում է ոչ պիտանի վիճակում:
Անդրադառնալով երեկ համացանցում տարածված Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցների Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված նամակին, Ռուբեն Խաչատրյանը ասաց.«Մարդիկ , ովքեր ուղղակի սովոր էին այստեղ աշխատելով՝ իրենց ընտանիքը պահել, հիմա՝ կտրված այդ ամեն ինչից, ստիպված այդպիսի քայլեր են անում»:
Կարդացեք նաև
Խոսելով քաղաքապետին ուղղված նամակի մեջ տեղ գտած այն մեղադրանքին, թե դիտավորյալ կոտրել են այգու աշտարակի շինության դռները ու ջարդել պատուհանները` մատնելով այն անտերության, որպեսզի այն հետագայում օտարեն այգու ներքեւում կառուցվող ռեստորանային համալիրին, Ռուբեն Խաչատրյանն ասաց, որ Կենդանաբանական այգին ՀՈԱԿ-ի կարգավիճակ ունի եւ իրավունք չունի տարածք օտարելու:
Կենդանաբանական այգու տնօրենը նաեւ նշեց, որ ինքն այգու տնօրեն նշանակվելուց հետո աշխատանքից ազատել է 3 աշխատակցի, որոնցից 1-ը կենսաթոշակի տարիքի պատճառով, 2-ը` կարգապահական կանոնների խախտման: 31 անձ էլ, ըստ տնօրենի, ազատվել են իրենց դիմումների համաձայն:
Ի դեպ, հանդիպման վերջում լրագրողներին հնարավորություն ընձեռվեց հետեւելու առյուծների եւ վագրերի կերակրման ընթացքին:
Աշոտ ԱԹԱՅԱՆ