Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նստաշրջանում ներկայացվեց խայտառակ զեկույց՝ Ադրբեջանի մասին

Հունվար 23,2013 17:40

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի այսօրվա նիստում «Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարումը» խորագրով զեկույց ներկայացրին համազեկուցողներ Պեդրո Ագրամունտն ու Ժոզեֆ Գրեշը:

Հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը զեկույցի կապակցությամբ ելույթով հանդես եկավ՝ հղում անելով բացառապես Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների զեկույցներին, որոնց դեռեւս Ալիեւի վարչակազմը չի հասցրել գցել բանտերը, ինչպես իր մնացյալ բոլոր ընդդիմախոսներին։

Ն. Զոհրաբյանը նշեց, որ Ադրբեջանի պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցը բազմաթիվ հարցեր է առաջացրել ոչ միայն ԵԽԽՎ պատգամավորների մոտ, այլև հենց Ադրբեջանի հանրության, քաղաքացիական հասարակության շրջանում։ Այն մի քանի քաղաքացիական ակտիվիստների  շրջանում, որոնց դեռեւս ալիեւյան կլանը չի կարողացել կաշառել, չի դարձրել պալատական ընդդիմախոսներ։

Տիկին Զոհրաբյանը հայտնեց, որ ադրբեջանցի հայտնի հասարակական գործիչ, «Խաղաղության եւ ժողովրդավարության» ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի գնահատմամբ՝ Ագրամունտի եւ Գրեշի զեկույցը կարծես թե գրվել է Ալիեւի աշխատակազմում։ Եվ պատճառը, ըստ ադրբեջանցի գործչի, այն է, որ  համազեկուցողները կաշառվել են  Ադրբեջանի իշխանությունների կողմից։

Ն. Զոհրաբյանը մանրամասնեց. «Ըստ տիկին Յունուսի՝ համազեկուցողներն ուղղակիորեն արհամարհել են Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ խախտումների, իշխանության մաֆիոզ կառուցվածքի, մամուլի ազատության դեմ ճնշումների, քաղաքացիների ահաբեկման, ընդդիմախոսների հետ հաշվեհարդարների բազմակի դեպքերը, որոնք վերջիններս ներկայացրել են համազեկուցողներին։ Մասնավորապես, զեկույցից դուրս են մնացել այնպիսի աղաղակող դեպքեր, ինչպես Նախիջեւանում կտտանքներից մահացած Տուրադ Զեյնալովի դեպքը, ընդդիմադիր ակտիվիստ Զեյնալ  Բագիրզադեի եւ «Հայալե» հեռուստաընկերության երկու լրագրողների նկատմամբ իրականացված կտտանքները։ Զեկույցից դուրս են մնացել նաեւ բազմաթիվ լրագրողների նկատմամբ ծեծի, բռնության եւ հետապնդման փաստերը»։

Ն. Զոհրաբյանի փոխանցմամբ՝ դժգոհ մնալով զեկույցից՝ Ադրբեջանի  38 հասարակական կազմակերպություններ նամակ են հղել ԵԽԽՎ-ին, պահանջելով հստակ վերաբերմունք արտահայտել  Ագրամունտի եւ Գրեշի հանդեպ, որոնցից առաջինն, ի դեպ, իր պատվավոր տեղն ունի «Ադրբեջանի խավիարակիրների» ցուցակում։ Ադրբեջանցի մեկ այլ գործչի՝ Անար Մամեդլիի  գնահատմամբ՝ համազեկուցողները արհամարհել են խաղաղ հավաքների, ցույցերի, խոսքի ազատության նկատմամբ ճնշումների բազմակի դեպքերը։ «Համազեկուցողների նման աշխատաոճը մեծ հարված է Եվրոպայի Խորհրդի վարկանիշին»,- իրենց նամակում նշում են  քանի տասնյակ  ադրբեջանական հասարակական կազմակերպություններ։

Անդրադառնալով զեկույցում ԼՂ-ի հարցի վերաբերյալ ներկայացրած դիրքորոշումներին, տիկին Զոհրաբյանը հայտարարեց. «Իսկ ինչ վերաբերում է այնպիսի զգայուն  խնդրի, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի  հարցն է, ապա Ագրամունտն ու Գրեշը այստեղ եւս աչքի են ընկել խայտառակ նորարարությամբ՝ փորձելով խմբագրել միջազգային իրավունքի ընդունված նորմերը, հակամարտության կարգավորման հարցում միջազգային մանդատ ունեցող կազմակերպության գնահատականներն ու եզրահանգումները։ Ինչեր ասես չեն արել համազեկուցողները՝ հանուն ալիեւյան կլանի համարժեք վերաբերմունքի։ Ուստի  պատահական չէ, որ հայկական պատվիրակության որեւէ առաջարկ, որը մենք ներկայացրել էինք  բացառապես Լեռնային  Ղարաբաղի մասով, համազեկուցողների կողմից չի ընդունվել։ Դա երեւի թե չի մտել խայտառակ  գործարքի գնի մեջ»։

Տիկին Զոհրաբյանը բոլորին սթափվելու կոչ արեց՝ շեշտելով, որ ներկայացված զեկույցից նավթադոլարի հոտ է փչում, ինչը հեղինակազրկում են կառույցը։ Հետո էլ մի բարեկամական հիշեցում արեց Ադրբեջանի խավիարակիրներին. «Խավիարի գերդոզան վնաս է առողջությանը։ Մտածեք գոնե այդ մասին, եթե ձեր հեղինակությունը ձեզ համար այլեւս ոչինչ է»։

ՏաթևՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031