«Մենք հանդիպում ենք մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների դպրոցների տնօրենների հետ եւ կատարվում է նախորդ կիսամյակի ամփոփում-հաշվետվություն»,-այսօր 2012/2013 ուս. տարվա 2-րդ կիսամյակի մեկնարկի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Նրա համոզմամբ առաջին կիսամյակում իրականցվել են հրաշալի ծրագրեր, որոնց արդյունքում էլ դպրոցներին կհանձնվեն պարգեւներ.
«Ողջունելի է նաեւ «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից մշակված դպրոցների կառավարման էլեկտրոնային գործիքը, որը թույլ է տալիս ամբողջովին վերահսկել դպրոցի առօրյա գործունեությունը»:
Գործիքի ստեղծման նպատակներից մեկն է թափանցիկ դարձնել դպրոցների գործունեությունը, ինչպես նաեւ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը` կապված տարեվերջին գնահատականների եւ կիսամյակայինների փոփոխման հետ:
Կարդացեք նաև
Նաեւ ամփոփվեց «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից հայտարարված «Դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձեւավորում» մրցույթը, որի արդյունքում Երեւանի թիվ 169 եւ 90 դպրոցները ճանաչվեցին մրցույթի հաղթող` ստանալով համակարգիչ, իսկ թիվ 128 եւ 121 դպրոցներն իրենց ներկայացրած յուրօրինակ աշխատանքների համար ստացան գրադարան:
«Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ցանցին միացած 502 դպրոցներից 167-ը մասնակցել են մրցույթին: Հաղթող դպրոցները ստացան զանազան նվերներ` համակարգիչներ, գրադարաններ, տարատեսակ պարգեւներ: Արտաքին ձեւավորման մրցույթում հիմնական մասնակցություն էին ունեցել դպրոցի աշակերտները:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ