Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարդը փողի համար չի դիմում Եվրոպական դատարան

Հունվար 23,2013 17:26

Այսօր «Կոնգրես» հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից կազմակերպված «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» վերաբերյալ քննարկման ժամանակ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության  պատասխանատու Արտակ Զեյնալյանն ասաց, որ մեզանում, եթե խախտվել է իրավունքը, չկա հավատ, թե այն հնարավոր է վերականգնել:

Նա անդրադարձավ ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու եւ այդ դիմումները չընդունելու դեպքերին, այնպես էլ 46 վճիռներին:

Ըստ նրա, որեւէ շրջադարձ այդ վճիռներից հետո չի նկատվել:Մարդիկ թվացյալ շահել են ԵԴ-ում, բայց «չեն շահել»: Ա.Զեյնալյանի կարծիքով քաղաքացին Մարդու իրավունքների եվրոպական դատարան է գնում ոչ թե փողի համար, այլ, որպեսզի իր գործը վերանայեն:

Իրավապաշտպանն անդրադարձավ նաեւ Սահմանադրական դատարանի որոշումներին: Ըստ նրա տասնյակ գործեր ճանաչվել են Սահմանադրությանը հակասող: 200 եւ ավելի անձինք պետք է հնարավորություն ունենային, որպեսզի իրենց գործերը վերանայվեին: Նա գտնում էր, որ ԵԴ եւ ՍԴ վճիռների եւ որոշումների կատարումը պետք է մաս կազմեր ազգային ռազմավարությունում:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանի կարծիքով էլ, մարդու իրավունքների պաշտպանության վիճակը ռազմավարության մեջ ֆիքսված չէր:

Մասնավորապես, տեղ չէին գտել երեխաների իրավունքների, արդար դատաքննության, անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքների մասին դրույթները:

Ըստ բանախոսի, հստակ միջոցառումները ռազմավարական ծրագրից բացակայում  էին:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի  նախագահ Լեւոն Բարսեղյանն ասաց, որ 1994թ-ից սկսած իշխանությունների հետ ոչ հրապարակային շփումների ժամանակ  լսել է, թե «Ժողովրդավարությունը խոչընդոտում է ազգային անվտանգությանը»: Ըստ նրա, երբ իր զրուցակիցները սկսում են անկեղծանալ, պարզ է դառնում, որ ոչ ընկալում են, ոչ  հավատում, գտնում են, որ մեր պետության համար իրավունքների պաշտպանությունը ռիսկ է:

Նա հարցրեց, թե ինչպես եղավ որ «Մարտի 1» եղավ, ինչպես է, որ մարդուն ոստիկանության բաժին են տանում միայն այն բանի համար, որ բացականչել է.«Ազատ, անկախ Հայաստան»: Բանախոսն անդրադարձավ «մեր միջոցներով աշխատող, հանրային ռեսուրսներից օգտվող հանրային հեռուստաընկերությանը», հաճախականությունների ազատականացման խնդրին, «Տեղեկատվության ազատության մասին» գործող օրենքին:«Բոլոր 16 000 պաշտոնյաները խախտում են կարգը: Այն, ինչ գաղտնիք չի, պետք է հրապարակվի»,- ասաց Լ.Բարսեղյանը:

Ըստ նրա ռազմավարությունում պիտի լինեն այնպիսի դրույթներ, որպեսզի հետագայում չունենանք զանգվածային ոտնձգություններ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն անդրադարձավ թիրախային խմբերից՝ ազատազրկվածներին առնչվող հարցերին, նաեւ առաջարկեց, որպեսզի իշխանության սահմանափակում, այն է՝ իշխանության տարանջատման ուղղությունները տեղ գտնեն քննարկվող ռազմավարական ծրագրում:

Քննարկումներին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, Ազգային ժողովի, այլ գերատեսչությունների հարյուրից ավելի ներկայացուցիչներ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031