Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Շահինյան. «ՀՀԿ-ի նախկին կուսակիցների հետ նույն ջերմությունն ու մարդկային շփումները կան»

Հունվար 23,2013 17:20

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ նախկին անդամ, Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը ՕԵԿ-ին անդամակցելն ու ՀՀԿ-ից դուրս գալը պայմանավորում է զուտ իր որոշմամբ:

-Պարոն Շահինյան ինչո՞վ էր պայմանավորված Ձեր որոշումը՝ հենց ՕԵԿ-ին անդամակցելը:

– Ծանոթ լինելով «Օրինաց երկիր» կուսակցության ծրագրերին, գաղափարներին, որոնք նաեւ համահունչ են իմ քաղաքական գործունեությանը, այլ դասական միջոց քաղաքական գործընթացների մեջ ներգրավված լինելու եւ ծրագրերն իրականացնելու ուղղակի գոյություն չունի եւ, բնականաբար, պետք է շարունակեի քաղաքական ուղին առկա քաղաքական դաշտում: ՕԵԿ-ն իր անցած ճանապարհի 15 տարիների ընթացքում ունենալով հաջողություններ, անհաջողություններ, ձախողումներ, հաղթանակներ, միշտ, ուրույն պահպանել է իր դեմքը, ուղին, գիծը եւ օրենքի երկիր կառուցելու իր գլխավոր սկզբունքը, որը դրված է կուսակցության գաղափարախոսության հիմքում:

Մոտ մեկ տարի առաջ, երբ որոշեցիք դուրս գալ ՀՀԿ-ից, լուրեր էին շրջանառվում, թե նեղացել եք եւ առհասարակ որոշել եք դուրս գալ քաղաքականությունից, ինչո՞ւ նորից որոշեցիք վերադառնալ քաղաքականություն:

-Կուսակցությունից բնականաբար չեն նեղանում, եթե նեղանում են, ապա`անձերից: Ուզում եմ հավաստիացնել, որ ինչ հարաբերություններ ունեցել եմ հանրապետական իմ նախկին կուսակիցների հետ, որեւիցե որակական փոփոխություն այն չի կրել դեպի վատը: Այդ հարաբերությունները` ջերմությունը, մարդկային շփումներն այսօր էլ կան: ՀՀԿ-ից դուրս գալը եղել է իմ որոշումը:

Այն ժամանակ չմեկնաբանեցիք ՀՀԿ-ից հեռանալու որոշումը, այսօր ինչպե՞ս եք դա բացատրում:

-Այդպես ստացվեց, միայն դա կարող եմ ասել: Իմ վերլուծությունների, իմ քննարկումների արդյունքում կայացրեցի նման որոշում: Այն իրավիճակը, որը ես տեսնում եմ եւ իմ ծրագրերի հետ կապված հետագա անելիքները, այդպես որոշեցի:

-Գուցե հենց այն ժամանա՞կ արդեն ՕԵԿ-ին ունեիք ձեր աչքի տակ

-ՕԵԿ-ը միշտ եղել է մեր աչքի առաջ: ՕԵԿ-ի 15 տարվա քաղաքական գործունեությունը, գուցե քիչ ավելին նաեւ ես եմ գտնվում այս դաշտում, եւ, բնականաբար, նա լինելով ակտիվ քաղաքական թոհուբոհի մեջ, իսկ քաղաքական համակարգը, ցավոք սրտի մեզանում դեռ բավականին ճանապարհ ունի անցնելու, իհարկե, «Օրինաց երկիրն» այդ առումով շահեկան վիճակում է եղել, մանավանդ, որ ՕԵԿ-ի գործունեությունը եւ իմ գործունեությունը, տարիների ընթացքում բավականին եզրեր են ունեցել:

-Ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ ՕԵԿ-ի Արաբկիր վարչական շրջանի պատասխանատուն եք դարձել

-Ես ՕԵԿ-ի քաղաքական խորհրդի անդամ եմ, եւ կուսակցության կողմից ոչ միայն Արաբկիր վարչական շրջանում, այլեւ այլ վարչական շրջաններում, բավականին մեծ աշխատանքներ ենք տանում: Մերը թիմային աշխատանք է, մենք ունենք մեր պատասխանատուն, որը բավականին փորձառու եւ լուրջ քաղաքական կենսագրությունով անձնավորություն է եւ մենք բոլորս համախմբված ենք կուսակցության նախագահի շուրջը:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերում կուսակցություն փոխելու մշակույթին

-Ցանկալի չէ, եթե դա կապված է այլ բնույթի խնդիրների հետ, բայց, եթե խաղաղ ճանապարհով է եւ դու քո այդ քայլը, քո ծրագրերի, քո գործունեության արդյունավետ իրականացումը տեսնում ես այլ կուսակցությունում, կարող եմ ասել` այո: Իսկ իմ ծրագրերի իրականացումը տեսնում եմ ՕԵԿ-ի հետ շարունակելով:

90-ականներից սկսած, մեր համայնքում բավականին գործունեություն եմ ունեցել, քաջություն եմ ունեցել նույն համայնքում 5 անգամ առաջադրվելու եւ լինել մնացած մրցակիցների հիմնական մրցակիցը: ՕԵԿ-ի`օրենքի երկիր կառուցելու գաղափարախոսությունն ու սկզբունքը ժամ առաջ իրականություն դառնալու համար, ուզում եմ իմ ներդրումն ունենալ: Երբ հասնենք դրան, բազմաթիվ հարցեր կլուծվեն եւ պետության ներսում կունենանք հակակշիռների ինստիտուտը: Կունենանք նաեւ ազատական տնտեսություն, մենք կհասնենք դատաիրավական համակարգի եւ սոցիալ-տնտեսական բլոկի լիարժեք կայացմանը:

-Այս օրերին կարծիքներ են հնչում, որ ՀՀ նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանին մրցակից թեկնածու չկա, Դուք ի՞նչ կասեք

-Ընտրությունները մրցակցային են, եւ եթե ինչ-որ մեկը չի տեսնում, որ ընտրությունները մրցակցային են, ապա ինչո՞ւ ինքը չի առաջադրում իր թեկնածությունը որպեսզի ընտրությունները դառնան մրցակցային:

-Կթվարկե՞ք թեկնածու Սերժ Սարգսյանի մրցակիցներին:

-Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի մրցակից կարող է լինել, եթե ինքը ունի իր ծրագիրը, ունի թիմ, ունի գործիքներ ու մեխանիզմներ մասնակցելու: Եթե ունես չես մասնակցում, ապա դու սիրողական մակարդակի քաղաքական գործիչ ես եւ դառնում ես ֆիզիկական անձ , եւ բնականաբար, քաղաքական դաշտը կզտվի, կմաքրվի եւ սիրողական բնույթի գործունեություն ծավալող քաղաքական գործիչները կլքեն: Իմ` ՕԵԿ-ին անդամակցելու գլխավոր պատճառն այն է եղել, որ ի դեմս Արթուր Բաղդասարյանի, «Օրինաց երկիր» կուսակցությունը սիրողական մակարդակով չի մասնակցում քաղաքական գործընթացների, թիմը քայլ առ քայլ դժվարություններով, ձախողումներով, հաջողություններով իր ճանապարհն է հարթում, իր ծրագիրն է իրականացնում: ՕԵԿ-ն իր պառլամենտական գործունեության ընթացքում 200 օրենքների հեղինակ է եւ բազմաթիվ խնդիրներ են բարձրացրել` կրթական համակարգի, փոքր եւ միջին ձեռներեցության, խնայբանկի ավանդների հետ կապված: ՕԵԿ-ը միշտ եղել է քաղաքացու կողքին: ՕԵԿ-ի նախագահը եղել է պետական գործիչ եւ իր հեռատես քայլով 2008 թվականին իր կայացրած քաղաքական որոշումով երկիրը չներքաշվեց քաղաքացիական պատերազմի մեջ, մյուս կողմից ժողովուրդը փողոցում գտնվելով, որեւիցե ձեւով չմոբիլիզացվեցին չուղղորդվեցին, տարրական զանգ ընկերոջը չեղավ, ասեն` գնացեք մեկ շաբաթից, հինգ օրից կգաք հանրահավաքի, ժողովուրդը մնաց դրսում եւ եղավ այդ ողբերգական դեպքը` մարտի 1-ը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031