Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արամի փողոցի բնակիչների» նիստը հետաձգվեց

Հունվար 23,2013 16:48

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայանալիք Արամի փողոցի 72-80 շենքի բնակիչների եւ  գործով մեղադրվող «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի եւ նույն ընկերության փոխտնօրեն Սիմոն Աղազարյանի դատական նիստը հետաձգվեց:

Նիստին առողջական խնդիրների պատճառով ներկա չէր եղել «Գապբնակշին» ընկերության փոխտնօրեն, գործով մեղադրյալ Սիմոն Աղազարյանը:

Արամի 72-80 շենքի բնակիչները վրդովված էին նիստի հետաձգման առթիվ, իսկ բնակիչներից` Շողիկ Մաղաքյանը, Aravot.am-ի հետ զրույցում բողոքեց` ասելով. «Մեկը, ով կարողացավ հարյուրավոր մարդկանց քթից բռնած ման տալ, հիմա էլ դատական նիստին չի գալիս` ասում ա հիվանդ եմ: Երբ պետք էր, սաղ աշխարհին խաբեց, հիմա էլ էնքան հիվանդ չի, որ չկարողանա դատարան գալ: Լավ ա մի հատ էլ մահվան վկայական չի ներկայացրել»:

Դատարանի շենքից Արամի փողոցի բնակիչները գնացին դեպի կառավարության շենք` իրենց բողոքը լսելի դարձնելու վարչապետին եւ կառավարության մյուս անդամներին:

Հիշեցնենք, որ Գագիկ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների տնօրեն, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով, բնակարաններ վաճառելու պատրվակով, միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի` 10.202.947.840 դրամ արժողությամբ գույքը:

Իսկ գործով մյուս մեղադրյալին` Սիմոն Աղազարյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Գապբնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխտնօրեն, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ Կառավարության 2004թ. հունիսի 17-ի թիվ 909-Ն որոշմամբ իրացման գոտի ճանաչված՝ Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005–2011թթ. ընթացքում, բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց հետ կնքած բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա, միասնական դիտավորությամբ Գագիկ Պապոյանի հետ գանձել ու հափշտակել է 1.253.891.550 ՀՀ դրամ:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031