«Արտոնագրային վճարի մասին» օրենքում կատարված փոփոխություններն, ըստ որի ստոմատոլոգիական ծառայությունների հարկային վճարներն ավելանում են` ըստ կլինիկայում ունեցած աթոռների քանակի եւ կլինիկայի վայրի, ավելորդ հարկային բեռ են ատամնաբուժարանների համար: Այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ արդյոք օրենքի փոփոխությունով ատամնաբուժարանների բեռը չի ավելանում, ասաց առողջապահության վարչության ժամանակավոր պաշտոնակատար Կամսար Բաբինյանը:
Հիշեցնենք, որ օրենքի փոփոխությամբ նախատեսվում է մինչեւ 3 աթոռ ունեցող ատամնաբուժարանների հարկային վճարը 80 հազար դրամ` յուրաքանչյուր աթոռի համար, իսկ քաղաքի ծայրամասերում` 60 հազար. Սա հարուցել էր ատամնաբույժների դժգոհությունը, եւ վերջերս ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել:
Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության ներկայացուցիչն ասաց, որ այդ օրենքը տարածվելու է նաեւ բոլոր պոլիկլինիկաների վրա, որտեղ կան ստոմատոլոգիական ծառայություններ, բայց 0-7 տարեկան երեխաների սպասարկումը մնալու է անվճար:
Քանի որ ներկայումս կառավարությունում այդ օրենքի վերաբերյալ քննարկումներ են տեղի ունենում, առայժմ պարոն Բաբինյանը այլ մանրամասներ չկարողացավ ասել:
Կարդացեք նաև
Պարոն Բաբինյանը վստահեցրեց, որ այս տարի Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր պոլիկլինիկաների լաբորատոր դիագնոստիկ ծառայություններին նոր սարքավորումներ կտրամադրեն, որի համար քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 70 միլիոն դրամ:
Խոսելով 2012-ի կատարած աշխատանքներից, առողջապահության վարչության ներկայացուցիչն ասաց, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար պոլիկլինիկաներում առանձնացված կաբինետներ են ստեղծել, ինչպես նաեւ՝ թեքահարթակներ կառուցել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ