Լրահոս
Օրվա լրահոսը

Ալվարդ Պետրոսյան. «Կուզենայի, որ երկրի նախագահը պարտական չլիներ ոչ մեկին»

Հունվար 23,2013 16:43
alvard petrosyan

Արդեն մեկնարկել են նախագահական ընտրությունները, ինչը նշանակում է՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այդ թեման է բոլորի ուշադրության կենտրոնում լինելու:

Հետաքրքիր է, նախորդ ընտրությունների հանգույն` իշխանության թեկնածուին ուղեկցող տարբեր ոլորտներ ներկայացնող մտավորականները, որոնց վերապահված է իրենց թեկնածուին գովաբանելու դերը, այս նախընտրական շրջանու՞մ էլ նույն գործառույթը կիրականացնեն: Ի դեպ, այս համատեքստում նորից բարձրանում է հարցը` մտավորականության քաղաքականացումը, վերջիններիս քաղաքական նպատակների ծառայեցնելը որքանով է ճիշտ և այլն:

– Բնավ դեմ չեմ, որ երկրի քաղաքացի մտավորականն իր համակրանքներն ու հակակրանքներն ունենա և ընտրություններին մասնակցելով արտահայտի: Մտավորականը լայն հասկացություն է, այն մարդն է որն իր տեսակը չի փոխում որևէ իրավիճակում, որևէ հանգամանք նրան չի կարող պարտադրել այլ կերպ վարվել, դավանափոխ, կամ գաղափարափոխ լինել: Այսօր մենք տեսնում ենք մտավորականների վտառներ, որոնք այս կամ այն մեծահարուստի թևի տակ տեղավորված են: Ասում ու հիշում եմ, որ մեծն Գյոթեն էլ էր հովանավորվում իր իշխանավորի կողմից, կամ՝ Լեոնարդոն, Միքելանջելոն, Գոյան, բայց խոսքը մեծ բան ստեղծելու նպատակով կոմպրոմիսի գնալու համար էր… Հիմա նվեր ստացող ձոներգուների մի տեսակ է մշակույթի, գիտության տարբեր ոլորտներում առաջացել, որոնք իրենց մտավորական են համարում, քաղաքականության հետ բացարձակ կապ չունեն, բայց կարող են գնալ իրենց տիրոջ համար քարոզարշավի մասնակցել: Մինչև վերջերս նախագահացուների աղմկահարույց, անուններ էին շոշափվում որոնց հետևում լրջորեն կանգնած մտավորականների անուններն ինձ ցնցում էին:

Այս համատեքստում չեմ կարող չհիշել, թե վերջերս մտավորական Արա Շիրազն ինչպես էր ստորագրել մի թղթի տակ, ուր ստորագրածների մեծ մասին չէր էլ ճանաչում: Դա իր իրավունքն է, բայց ես էլ իմ իրավունքն ունեմ իրեն հարց տալու, այն ժամանակ, Լեոյի վրա, երբ Թերլեմեզյանն ավերակ էր դարձել, չէի՞ք մտածում ձեր հեղինակությունն օգտագործելով կառավարությանը ներկայացնել իր տարիքով ԵՊՀ-ից հետո հայոց 2-րդ կրթօջախը փրկելու հարցը: Ինձ համար զարմանալի է, որ 37 թիվ, ստալինյան բռնապետություն տեսած մարդիկ կարող են այդպես հեշտուհանգիստ ստորագրություններ դնել: Ես ուզում էմ Արայիկ Շիրազին ասել, որ ինքն իր ողջ կյանքում երկու ազնվական նժույգներ է ունեցել՝ իր հայրն ու իր մայրը՝ մեծն Շիրազը և Սիլվա Կապուտիկյանը: Անդրանիկն ընդամենը մեկ ձի է ունեցել, իր սկզբունքներն այդ ձիու վրա նստած է պաշտպանել, միացյալ Հայաստանի գաղափարն էլ երկու մասի չի բաժանել : Լավ կլինի` նա իր իսկ քանդակը մոռանա և հասկանա, որ քայլեր անելիս հարկավոր է մեկ նժույգով առաջ գնալ:

Երբ Վանո Սիրադեղյանին ԱԺ-ում պիտի անձեռնմխելիությունից զրկեին և ՀՅԴ-ն էլ մասնակցելու էր գաղտնի քվեարկությանը, ես կուսակցիս ասացի` ձեռքս չեմ կեղտոտի, Վանոյի դեմ չեմ քվեարկի, ձեր իրավունքն է ինձ կուսակցությունից հանելը: Եվ ինձ ճիշտ հասկացան: Ես գիտեմ, որ գաղտնի քվեարկությունը լավ բան չի: Մուշեղ Մովսիսյանի ժամանակ էլ դեմ քվեարկեցի: Գուցե անհամեստ բան է, բայց մտավորականը որևէ իրավիճակում, իսկ ես ինձ մտավորական եմ համարում, իր տեսակը չի փոխում:

– Աչքի առաջ ունենալով նախագահի թեկնածուների ցանկը և քարոզարշավի առաջին օրերի տպավորությամբ կարելի է ասել, որ համեմատաբար հանգիստ ընտրապայքար է սպասվում: Գոնե մինչ օրս թեկնածուների /մեծ հաշվով, նաև` թեկնածությունից հրաժարվածների/ կողմից հիմնականում բարեկրթության ժեստերի ականատեսն ենք լինում` փոխադարձ այցելություններ, հացադուլավոր թեկնածուին սատարելու պատրաստակամություն, միմյանց ուղղված դրական գնահատականներ, և այլն, և այլն: Մի տեսակ անլրջություն, իրական պայքարի բացակայություն եմ տեսնում այս նախագահական ընտրություններում:

-Ոչ վաղ անցյալում կարծիք էի հայտնել, ասելով, թե պաշտպանելու եմ Սերժ Սարգսյանին: Նաև պատճառաբանել էի` թե ինչու եմ նրան ձայն տալու: Գլոբալ աղետների այս շրջանում ուզում եմ երկիրը ղեկավարի մի մարդ, որն անցել է փորձությունների միջով և խուճապի չի մատնվելու: Իզուր չէի ասել՝ ազգապետ ենք ընտրում…

Թողնենք անլուրջ թեկնածուներին, որոնց միակ փառասիրությունն այն է, որ կենսագրության մեջ նշվի, թե նախագահի թեկնածու են եղել, բայց չեմ կարող հարգանքով չվերաբերվել Պարույր Հայրիկյանի նախագահ դառնալու ցանկությանը, որովհետև ամբողջ մի կյանք ինքն ազգային անկախության քաղաքական ծրագրով ապրել է: Շատ հպարտ եմ, որ իր տեսակը կա: Նույնքան հարգալից վերաբերվում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայությանն ընտրապայքարի մեջ: Քաղաքական գործիչ է և մի ընտանիքից է գալիս, որի համար ազգային խնդիրները մեկ օրվա չեն՝ անգիր արած , ուրիշի մտքերը յուրացրած չի ներկայանում մեզ:

– Ասում եք մտավորականն այսպես պիտի լինի, այս ու այս չպիտի անի, և այլն, ժամանակին Լևոն Տեր –Պետրոսյանի պաշտպանների մի զգալի բանակ, իր նախընտրությունը, նախապատվությունը բացատրում էր նրանով, որ մտավորական, ինտելիգենտ նախագահի թեկնածու ունեն՝ գրագետ հայերենով խոսող, կենդանի և մեռած լեզուների գիտակ, և այլն, և այլն… Բայց նույն այդ մտավորական, ինտելեկտուալ թեկնածուն արդեն քանիցս իր երկրպագուներին, ընտրողին, իրեն հավատացողներին հիասթափեցրեց` վերջին հրաժարիմքները թվարկենք` մարտի 1-ին իր հազարավոր ընտրողներին անտեր թողնելով նա գնաց տուն և անխռով ու հանգիստ քնեց, այս ընտրություններին մասնակցելուց հանկարծակի հրաժարվեց` հրաժարվելով սատարել իր կուսակցին, իր իշխանության տարիների վարչապետ Հրանտ Բագրատյանին…

-Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ իմ ողջ հակակրանքով հանդերձ /չեմ կարող տանել քաղաքական ցինիզմը, հատկապես մարդու կողմից, որն 8 տարի երկիր է ղեկավարել/, ես մարդկայնորեն հասկանում էի իր հետևից գնացողներին, թեպետ երբեք իրեն իմ չափանիշներով մտավորական չեմ համարել: Ոնց կարող էր խաչակիրների պատմություն գրող, բազում լեզուների տիրապետող մտավորականն իր շեն երկրի թալանի ու տապալման քաղաքականությունը թույլ տալ և կամ ազգային կուսակցության գործունեության վրա արգելք դնել…Էլ որ օրվա մտավորականն է:

Գիտեք, այս տարիների ընթացքում ինձ մոտ մի ողբերգական միտք է նաև ձևավորվել՝ Վանո Սիրադեղյանն, ինչպես բոլոր արտիստները, թիթիզ են՝ սիրում են թևիկները բացել: Իր այդ թիթիզությունն օգտագործվեց և իրեն քավության նոխազ դարձրեցին: Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը հանգիստ քնում է իր դղյակում, Վանո Սիրադեղյանը չգիտենք որտեղ է, Վազգեն Սարգսյանը հողի տակ է, որովհետև նա էլ էր արտիստ: Սպարապետն էր, բանակի ստեղծողներից, բայց ինքն էլ էր նույնքան արտիստ և… չդիմացավ:

Իսկ Լևոնը մեծ սարդի պես միշտ ապահով, հանգիստ քնում է: Այս համատեքստում արդեն ինձ համար էլ անհասկանալի է դառնում՝ ինչ ասել է մտավորական: Ժողովրդին, իհարկե, հասկանում եմ, նա իր հեքիաթի հետևից էր գնում, բայց այսօր արդեն այն փորձառությունն ունի, որ չի կարող մեռնեմ բոյիդ, մեռնեմ ջանիդ ասելով վազել մեկի կամ մյուսի հետևից : Այն, որ մենք միտք ենք ընտրում, կամք, փորձառու և լայնախոհ մարդ, ընտրությունները ցույց կտան: Իսկ ժողովրդի զգոն և զգաստ հատվածը մտավորականությունն է, Արագածի փեշերին նստած հովիվն է ինձ համար այդ մտավորականը, դժվար ապրող հայ ուսուցիչը և բազում այլք…

-Այս նախագահական ընտրություններին դեռ էն գլխից մասնատված ՀՀՇ-ն Լևոն Տեր-Պետրոսյանի կերպարանքով չի ներկայանում: Նույն դաշտի քաղաքական գործչին փոխարինել է առավելաբար տնտեսական գործիչը՝ երբեմնի վարչապետ Հրանտ Բագրատյանը: Թեկնածու, որի տնտեսական մտքի թռիչքը՝ արկածախնդրությունը մենք արդեն վայելել ենք` հիշենք վայրագ սեփականաշնորհումը, պայթող բանկերը, դրամի փոփոխության շրջանում բազմահազար մարդկանց սնանկացումը և այլն : Միով բանիվ, նա տնտեսական ոլորտի լուրջ գործիչ է և նախընտրական այս շրջանում չի բացառվում, որ անակնկալներ մատուցի նաև ձեր նախընտրելի թեկնածուին:

– Բագրատյանը տաղանդավոր տնտեսագետ է և ես կուզենայի, որ իմ թեկնածուն շատ լրջորեն վերաբերեր նրան: Նա ներկայացավ, որ այս ընտրություններում ծանր անհարմարավետություն ստեղծի: Համ տագնապ կա մեջս, համ էլ` ծիծաղս է գալիս, որովհետև չգիտես ինչու`իրենց թվում է, թե ժողովուրդը մանկուրտ է, անցածը մոռացել է: Բագրատյանը կարող է շատ անհարմարավետ վիճակ ստեղծել կառավարության որոշ անդամների համար, հատկապես ֆինանսատնտեսական ոլորտի, բայց Բագրատյանով նաև սարսափելի հիշողություններ է արթնանալու ժողովրդի մեջ: Այսինքն, երկսայրի սուր է նրա ներկայությունը: Կուզենայի նրան չթերագնահատեին: Ի դեպ, կուզեի որ նրա, նրա նմանների էներգիան ի նպաստ երկրի օգտագործվեր:

-Նախընտրական նոր –նոր սկսված քարոզարշավը ակնհայտ ցուցանում է, որ նախագահի թեկնածուներն անհավասար պայմաններում են գտնվում: Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն, ի դեպ երեկ Սերժ Սարգսյանին կոչ է արել ժամանակավոր դադարեցնել պարտականությունների կատարումը, այդպիսով ապահովելով ընտրությունների մրցակցային բնույթը: Մյուս կողմից նշվում է, որ գործող նախագահի թիմը ոչ թե նախընտրական, այլ արդեն ընտրական պայքար է տանում …

-Քանի որ հստակ ասել եմ, որ Սերժ Սարգսյանին եմ պաշտպանում, դա ինձ թույլ է տալիս ասելու, որ Սերժ Սարգսյանի կուսակցությունը լավ կանի չափից ավելի ինքնավստահ և համարյա թե վանոյական՝ մեր դեմ խաղ չկա ոճից հրաժարվի: Մանավանդ, չեմ կարծում թե դա նրան դուր է գալիս: Կարծում եմ, ինքը կուզենա, որ ժողովուրդն իրեն ընտրի, ոչ թե` կուսակցությունը: Այն, որ նա շախմատիստներին և Լևոն Արոնյանին է սիրում, նշանակում է`իր համար այդ տեսակն է նախընտրելին՝ լուռ, մտածող մարդկանց տեսակը, և աղմկարարներն իր համար ընդունելի տեսակ չեն: Կուզենայի, որ նախագահը զսպեր իր կուսակիցների չափազանց նվիրվածությունը և հույսը դներ ժողովրդի վրա՝ համեստ, զուսպ, լուռ, որը շատ ավելի լուրջ է գնահատում թեկնածուներին: Կուզենայի, որ իմ երկրի նախագահը պարտական չլիներ ոչ մեկին, պարտական լիներ միայն իր երկրի ժողովրդին: Այսինքն, շատ կարևոր է, որ այս ընտրությունները չմխտռեն, որ մարդը կարողանա ազատ-հանգիստ ընտրություն կատարել:

Անահիտ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031