Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «Չեմ հավատում, որ գործող նախագահը արդարություն կհաստատի երկրում» (Տեսանյութ)

Հունվար 23,2013 15:20

«Հետընտրական հուսախաբություններ չեն լինի, քանի որ գիտենք, թե նախագահական ընտրություններն ինչ ելք կունենան»,-այսօր «Հայացք» ակումբում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նրա խոսքով. «Երկրում ձեւավորվել են ոչ թե իրավական, այլ անձնական կապեր, որոնց տրամաբանական շարունակությունն են համարվում ընտրությունները: Առհասարակ, մարդիկ ընտրում են նրան, ումից անձնական սպասելիքներ ունեն: Իսկ արտագաղթը «տանում» է նրանց, ովքեր չունեն անձնական կապեր»:

Խառատյանն արձանագրեց, որ նախընտրական մրցապայքարում նոր խաղացողներ են ի հայտ եկել, որոնք նոր պատկերացումներ են առաջադրում ընտրական գործընթացի վերաբերյալ. «Ծանոթացել եմ թեկնածուների ծրագրերին, սակայն չեմ տեսել, թե ինչպես են նրանք պատրաստվում լուծում տալ առաջադրված խնդիրներին: Օրինակ, գործող նախագահի աշնանային հանդիպումների հռետորաբանությունը, կառավարության նիստերի ժամանակ բարձրացրած հարցադրումները սկզբունքորեն ցույց են տալիս, որ նրա ապագա նախընտրական դրսեւորումները վերաբերում են դատարանների, պաշտպանության, բանակի եւ կոռուպցիոն խնդիրներին: Բայց ես չեմ հավատում, որ երկրի գործող նախագահը արդարություն կհաստատի երկրում, որովհետեւ նրա նախագահության շրջանը հակառակ պատկերն է ցույց տվել»:

Անդրադառնալով նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, ով հացադուլ է հայտարարել, ազգագրագետն ասաց, որ հացադուլը քաղաքական նոր մշակույթ է եւ կարող է հետաքրքրություն առաջացնել. «Ղուկասյանին լուրջ մարդ եմ համարում, բայց նա, լինելով քաղաքական դաշտում ոչ այդքան հայտնի, հացադուլի միջոցով իր հայացքներն է ճանաչելի դարձնում»:

Տիկին Խառատյանը նաեւ կարծիք հայտնեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները քաղաքականացվում են. «ՏԻՄ ղեկավարներն ամեն գնով դարձան կուսակցականներ, մասնավորապես՝ իշխանության ներկայացուցիչներ: Սա նույնպես ընտրություններով անձնական խնդիրներ լուծելու տարբերակ է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031