Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սարգիս Սեդրակյան. «Գյուղնախարարից սկսած` կադրային սխալ քաղաքականություն է» (Տեսանյութ)

Հունվար 23,2013 14:56

Ինչո՞ւ մեզ մոտ չի զարգանում ՀՀ կառավարության կողմից գերակա հայտարարված գյուղատնտեսական ոլորտը: Այսօր «Նոյյան տապան» լրատվական ակումբում «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը մի քանի պատճառներ նշեց, որոնք խոչընդոտում են այս ոլորտի զարգացմանը: Ֆերմերային գործի մասնագետը գտնում է, որ ամենաառաջին բացթողումը սխալ կադրային քաղաքականությունն է. «Նախարարի աթոռից սկսած` սխալ կադրային քաղաքականություն են տարել, տեղակալները, վարչության պետերը, ոչ ոք իրենց տեղում չեն: Հարցրեք գյուղացուն՝ նա զգո՞ւմ է գյուղնախարարության գոյությունը»: Սարգիս Սեդրակյանի համոզմամբ, մեր երկիրը ունի զարգացած ագրարային երկիր դառնալու պոտենցիալ, սակայն գյուղոլորտի պատասխանատուներն իրենց «ցածր գիտելիքներով ու անսրտացավ լինելով» չեն թողնում, որ այդ ոլորտը զարգանա:
«Այսօր գյուղատնտեսության ոլորտում նյութատեխնիկական ֆինանսական ներդրումներ են կատարվել, բայց իրականում գյուղացիները աղքատության մեջ են եւ եթե չլինեն դրսից ուղարկվող տրանսֆերտները, գյուղացիները սովի կմատնվեն: Եթե նախկինում գյուղացին ոգեւորված աշխատում էր, հիմա հողերը շպրտում, բռնում է արտագաղթի ճանապարհը, վարկերի տակից չեն կարողանում դուրս գալ»,-մտահոգություն է հայտնում պարոն Սեդրակյանը:

Ըստ նրա, գյուղացիների անունով ստացված դրամաշնորհները նույնպես իրենց նպատակին չեն ծառայում` «մի երկու ջրանցք են վերանորոգում, անունը դնում են՝ գործ են արել»:
«Հանրապետության բնական պաշարները նույնպես արդյունավետ չեն կառավարվում: Ջրի 80 %-ը կորչում է: Հողը կենդանի օրգանիզմ է, պետք է մշակես, որ չդեգրադացվի, հետագայում, եթե դա ուզում ես դարձնես մշակելի հող, մե~ծ ներդրումներ պետք է անես»,-նկատում է մասնագետը:

Նա գյուղատնտեսության զարգացումը տեսնում է լեռնային եւ նախալեռնային գյուղերում կոոպերացիաներ ստեղծելով, որը ձեւավորված կլինի աղքատ գյուղացիներից: Աղքատ գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով էլ, պարոն Սեդրակյանն առաջարկում է՝ ոչ թե մեծահարուստներից ու օլիգարխներից պետական գնումներով գնել, օրինակ` բանակի կարտոֆիլը կամ այլ մթերքը, այլ` աղքատ գյուղացիներից: Մասնագետն, ինչպես ինքն է ասում, այս հարցը բարձրացրել է գյուղնախարարությունում, սակայն որեւէ մեկը ընդառաջ չի գնացել այս առաջարկին:

Ինչ վերաբերում է գյուղացիական վարկերին, ապա Սարգիս Սեդրակյանը գտնում է, որ բանկերի տոկոսները շատ բարձր են գյուղացիների համար եւ նրանք ոչ միայն չեն կարողանում եկամուտ ստանալ, այլ մի բան էլ «տոկոսների տակ են մնում եւ ունեցած -չունեցածը ծախում, որ բանկերից պրծնեն»: Ըստ նրա, եթե ուզում են իսկապես գյուղացուն օգնել, պետք է ամենաշատը 5 տոկոսով վարկը տրամադրել եւ ոչ թե 1-2 տարով, այլ` ամենաքիչը 5 տարի մարման ժամկետով. «Գյուղատնտեսության մեջ 1 տարով վարկ տալը հիմարություն է, ԱՄՆ-ում 30 տարով են տալիս, որ գյուղացին չթողնի- հեռանա, կպնի իր հողին»:
Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ Սիսավան գյուղի բնակիչ Սոս Հարությունյանն իր օրինակով է բացատրում, թե գյուղացու համար որքան դժվար է այդքան բարձր տոկոսներով վարկի պայմաններում գյուղատնտեսությամբ զբաղվել: Նրա դիտարկումները` տեսանյութում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031