Ստեղծվել է մի այնպիսի դրություն, երբ ըստ պաշտոնական մանկավարժագիտության, ուսուցումը համարվում է դաստիարակության հետ կապ չունեցող գործընթաց, եւ դպրոցականների դաստիարակությունը կայանում է ոչ թե դասերին, այլ միայն դասերից հետո նրանց հետ կատարվող աշխատանքներով: Բայց քանի որ դրանք դեպքից դեպք են լինում, ուրեմն դպրոցը զրկվում է աշակերտներին դաստիարակելու իր գերակա գործառույթից. այն դեպքում, երբ Յան Ամոս Կոմենսկին, հիմնադրելով այս ուսումնական հաստատությունը, գրեց. «Ամեն մի բնակավայրում պետք է կառուցվի դպրոց՝ որպես ուսումնական հաստատություն՝ երիտասարդության միասնական դաստիարակության համար»:
Դեռեւս 2002թ.-ին Ս. Մանուկյանի «Մանկավարժագիտություն» աշխատության մեջ առաջին անգամ օգտագործվեց «դաստիարակագիտություն» հասկացությունը, իսկ 2010-ին լույս տեսավ նրա «Դաստիարակագիտություն» աշխատությունը, որի առաջին մասը վերնագրված է «Մանկավարժագիտությունից դաստիարակությանը անցնելու հրամայականը»: Ի դեպ, 2007 թ., այսինքն՝ հինգ տարի հետո, Ռուսաստանում եւս դրվեց այդ խնդիրը, իսկ 2011 թ. ռուս մանկավարժագետ Վ. Ս. Բեզրուկովան «Պեդագոգիկա» ամսագրի իններորդ համարում ելույթ ունեցավ «Դաստիարակագիտությունը որպես նոր մանկավարժագիտություն» հոդվածով, որում ներկայացվեց մանկավարժագիտության մեղքով դպրոցում ստեղծված վատթար վիճակը՝ փրկությունը, մեզանից յոթ տարի հետո, տեսնելով դպրոցի դաստիարակագիտություն ունենալու մեջ, որի գերակա գործառույթը կլինի աշակերտների ուսուցմամբ կայացող դաստիարակությունը:
Անցյալ տարվա դեկտեմբերին մանկավարժական համալսարանի ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհրդին Անահիտ Պետրոսյանը ներկայացրեց իր «Սոցիալական մանկավարժագիտությունը սոցիալական դաստիարակագիտությամբ փոխարինելու հիմնախնդիրը» ատենախոսությունը, որը 2002թ. Հայաստանում սկսված դպրոցի մանկավարժագիտությունը դպրոցի դաստիարակագիտությամբ փոխարինելու աշխատանքների շարունակությունն է:
Եվ ինչ եք կարծում, որեւէ ձեւով ուրախացրե՞ց դա այդ խորհրդում ընդգրկված հայ մանկավարժագիտության սերուցքին: Բնականաբար՝ ոչ: Խորհրդի անդամ, մանկավարժության ամբիոնի վարիչ Լ. Ասատրյանը հայտարարեց, որ Ա. Պետրոսյանի հետազոտության խնդիրները, նորույթը եւ պաշտպանության դրույթները բառացիորեն կրկնում են 2010թ. Լ. Մարուքյանի պաշտպանած ատենախոսության այդ միավորները: Երբ Ա. Պետրոսյանը խնդրեց իրեն թույլ տալ ներկայացնել Լ. Մարուքյանի եւ իր ատենախոսությունների այդ միավորները, որպեսզի ակնհայտվի որեւէ նույնության բացակայությունը, խորհրդի անդամ Բ. Եսաջանյանն ասաց, որ դա գրագողություն է, իսկ խորհրդի նախագահ Մ. Աստվածատրյանն էլ հաստատեց նրա ասածը՝ արգելելով Ա. Պետրոսյանին բացահայտել գրագողության մեղադրանքի կեղծիքը: Խորհրդի որեւէ անդամ չընդառաջեց Ա. Պետրոսյանին, եւ այդպես էլ նախագահի պահանջով խորհուրդն անցավ գաղտնի քվեարկության, որի արդյունքը եղավ 5 կողմ, 5 դեմ բովանդակող եւ 2 անվավեր համարվող քվեաթերթիկներ, այսինքն՝ մերժվեց Ա. Պետրոսյանի՝ իրեն մանկավարժագիտության թեկնածուի գիտական աստիճան շնորհելու, հայցը:
Ծագում է մի այսպիսի հարց. գրագողության մեղադրանքի դեպքում, ԲՈՀ-ի կանոնադրության համաձայն, բաց քվեարկությամբ որոշվում է ատենախոսությունը պաշտպանությունից հանելը, արգելելով նրա հետագա պաշտպանությունը:
Համոզված եմ, որ հայ մանկավաժագիտության այդ հեռանկարային մեծ արժեք ներկայացնող նման նվաճումն այդ ձեւով վարկաբեկելու փոձ կատարող մանկավարժագիտության կադրեր աճեցնելու գործառույթ ունեցող նման մասնագիտական խորհուրդը ոչ միայն անկարող է դա անել, այլեւ միայն լուրջ խոչընդոտ է դառնալու դպրոցին սպասարկելու համար ստեղծված մեր գիտության զարգացման համար: Պետք է անհապաղ դադարեցնել նրա գործունեությունը:
ՍԵՐԳԵՅ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Մանկավարժագիտության դոկտոր
Պատրաստ ենք տպագրել նաեւ մյուս կողմի տեսակետը:
«Առավոտ» օրաթերթ